Արամ Հայկազի «Տիոնիկը» ողբերգական պատումը
18.11.2026
Արամ Հայկազը, գրական առաջին քայլերից սկսած, անդրադարձել է Մեծ եղեռնի թեմային՝ որպես իր կյանքից առանձին դրվագների, իր ծննդավայր Շապին Գարահիսարի պատմության հերոսական ու ողբերգական էջերի, որպես ականատեսի վկայության ու անմոռաց ապրումների և վերջապես՝ որպես կատարված ոճիրի հաստատման՝ հակառակ ոճրագործի՝ դեպքերի ընթացքը փոփոխելու ու հետևանքները հերքելու ջանքերի։ Այս ամենին գումարեք կենդանի մնալու «մեղքի» ծանր զգացումը և ապրել շարունակելու պարտա¬վորու¬թյունը... Հայ մարդու այս զգացումները բախվում են եղեռնագործի անզիղջ համառու¬թյանը, աշխարհում իշխող անարդարությանն ու քաղաքակիրթ կոչվող մարդկության համառ լռությանը, ինչի խայտառակ դրսևորումները հաճախ հասնում են զոհին ու մարդանման բորենի գոյակներին «շփոթելուն»։
Եթե փորձեմ թվարկել Արամ Հայկազի անդրադարձներն այս թեմային, պարզապես ստիպված կլինեմ գրեթե կրկնել նրա ստեղծագործությունների մատենագիտական երկար ցանկը, որ կազմել ու դեռ չեմ հրատարակել գրքով։ Բայց նրա մի գործի՝ «Տիոնիկը» պատմվածքին, պարտավոր եմ հատուկ անդրադառնալ՝ որպես ոչ միայն Սփյուռքի, այլև 20-րդ դարի հայ գրականության ամենանշանավոր էջերից մեկին։
Տառադարձման ինչ-որ անհայտ օրենքով՝ հերոսի Դամիանոս անունը դարձել է Տիոնիկ, որին գյուղում բոլորն են ճանաչում, բայց «ոչ ոք չէր հասկնար անոր հոգին, անոր լեզուն, անոր խօսքերուն ու շարժումներուն իմաստը, ինչպէս շուները, որոնք իր մտերիմներն ու սրտակից բարեկամներն էին ամէն ատեն, մանաւանդ երբ գինով էր կամ «շէն»»։ Սա իր բառն է եւ «կը բնորոշէր» այն «երանաւէտ վիճակը», որին հերոսը հասնում էր «սուրբերու կանթեղին ձէթ դնող մեկու մը բարեպաշտութեամբ»։
«Հոգիով բարի ու մանուկ» մնացած Տիոնիկը ծույլ չէր․ վաստակը տուն էր բերում, երբ լսեց առաջին նախատինքը մուրացող մոր մասին։ Նա լքեց հայրական տունը և ապրում էր «Երկու ձեռքերը մէկ բերանին համար պիտի աշխատէին» սկզբունքով. կյանքը վերածվեց ծանր ֆիզիկական աշխատանքի, օղուց ու շներին կերակրելու հոգսի խճանկարի, որից անպակաս էին գյուղական կյանքի մեծ ու փոքր ուրախությունները։ Տիոնիկն ազգին ու ազգային գործերին ծառայելու համար պատրաստ էր ամեն հանձնարարություն։ Գյուղից ոչ հեռու գահավիժող Յոթնաղբյուրի անմահական ջուրը խմողը «կա՛մ խենթ կ’ըլլար, կա՛մ ազգասէր»,– արձանագրո՞ւմ, թե՞ բացատրում է Արամ Հայկազը. Տիոնիկը համատեղում էր խենթությունն ու ազգասիրությունը։
Կրկնվում է Համաստեղի «Անձրև» պատմվածքից ծանոթ պատկերը. «Երբ անձրեւները կ’ուշանային, ու ցորենի արտերը, հազիւ հասակ նետած, կը դեղնէին՝ գլուխնին պատեաններու բանտէն չազատած, ու մեծ առուն կը քշշուէր, կը կծկտէր, որ նիհարնար ու մատ մը քալող ժապաւէն կը դառնար իր կաւէ անկողնին մէջ, գեղացիք իրար կ’անցնէին...»։ Կրկնվում է նաև հորդ անձրևի տեսարանը, որին համադրվում է հերոսի հրճվանքը.
– Տո՜ւր, Աստո՜ւած, տո՛ւր օխտն օր, օխտը գիշեր աղքատին արտին, հարուստին ամբարին, տո՜ւր, Տէ՜ր, տո՜ւր։
Եւ արտերը ցածալ կը սկսէին։
Պատերազմը դատարկեց գյուղը. տղամարդկանց ռազմաճակատ տարան։ Գյուղի հույսը մնաց Տիոնիկը. «Ազգը քեզի կը նայի» կոչ-հրահանգը Տիոնիկին դարձրեց վանքի հոտի հովիվ. մորն ու եղբորը հրաժեշտ տալուց հետո վանքի շների հետ գործի անցավ։ Հեռավոր լեռներում Տիոնիկի «մենակութեան ցաւը» մեղմում էր սրինգի հուզաթաթախ երգը, իսկ զրուցընկերն Ասլանն էր՝ գայլխեղդ շունը, որ Զալըմի հետ հալածում էր գայլերին։ Հովվի ու շան զրույցը հաճախ Շողիկի մասին էր։
Աշնանը երազանքը կարող էր իրականանալ, եթե հրացանների որոտից անտառները չդողային ու չսգային, իսկ դաշտերից չանհետանային հովիվներն ու հոտերը. նախկին շեն գյուղից մնացել էր մի կաղ ոչխար... Հիմա կենսուրախ օրերը, չինարի ծառը, շները, օղետան հին ընկերները, ազգն ու Շողիկը հուշ-հիշատակ են, որոնց կորուստը Տիոնիկը սգում է «յորդ, խոշոր կաթիլներով»։ Լեռների ու անտառի հետ մենակ մնացած հովիվն «անուժ, յոգնած» ոտքերով գյուղ է իջնում, տեսնում գյուղի ավերակները, շների դիակները, հայից խլած գյուղում ապրող թուրքերին ու գտնում մարդու պես կորուստները սգացող Ասլանին...
Կերպարանափոխված մարդու և շան բարեկամությունը զարմացնում է թուրքերին, բայց քիչ անց ճանաչում են Տիոնիկին, ձերբակալում, և Ասլանը հսկում է բանտը։ Նահատակի ձորում գնդակահարում են Տիոնիկին, Ասլանն այլևս գյուղում չի երևում, և օրեր շարունակ նրա ոռնոցն էր լսվում... «Շաբաթը չլրացած՝ կտրուեցաւ այդ ձայն ալ։ Գարնան, երբ արագ հալող ձիւնին պատճառաւ ջուրեր յորդեցան, Տիոնիկին ու Ասլանին ոսկորները իրար խառնեցին ու քշեցին տարին իրենց հետ»,– սա այս դրամայի վերջին տեսարանն է։
Մարգարիտա Խաչատրյան
բ․ գ․ դ․