Քթիշի հերոսամարտը․ մի ձեռքով՝ զենք, մյուսով՝ դույլ

Քթիշի հերոսամարտը․ մի ձեռքով՝ զենք, մյուսով՝ դույլ 18.11.2026

Հայոց պատմությունը հարուստ է ազգային-ազատագրական շարժումներով ու հաղթական ճակատամարտերով, սակայն դրանցից շատերը բովանդակությամբ զգացմունքային ելույթներ էին՝ ծնված ցավից ու տառապանքից ազատվելու և արդարության շուտափույթ վերականգնման անզուսպ ձգտումից։ Որպես կանոն՝ այդպիսի շարժումները չեն հաշվարկել աշխարհաքաղաքական իրողությունները, ազգի տնտեսական ներուժը․․․ Եվ հենց այդ պատճառով, չնայած ռազմի դաշտում տոնած հաղթանակներին, հաճախ չենք կարողացել ապահովել ցանկալի տրամաբանական արդյունքը՝ անկախության վերականգնումը։ Բայց նաև, անկախ արդյունքից, այդ ճակատամարտերը պատմության մեջ մնում են որպես հայոց ռազմական մտքի հիանալի մարմնավորումներ։ Իսկ անկախության կորստի վտանգի առջև պարբերաբար չկանգնելու համար անհրաժեշտ է հայոց ռազմական մտքի կիրառության նոր հնարավորություններ մշակել, հարստանալ նոր գաղափարներով՝ պահպանելով մեր ռազմարվեստի ինքնատիպությունը։
Այսօր մեր ուշադրության կենտրոնում արդյունք ապահոված հերոսամարտ է։ 9-րդ դարի կեսերի հակաարաբական շարժումը նախորդներից շահեկանորեն տարբերվում էր իր կազմակերպվածությամբ։ Բացի այդ՝ բարենպաստ իրավիճակ էր ստեղծվել արտաքին ճակատում․ արաբական խալիֆայության ենթակա ժողովուրդներն ինքնավարության ձգտումներ էին ցուցադրում և հզորանում էին իրենց տարածքներում՝ դիմադրելով թուլացող կայսրությանը․․․
Արաբաց խալիֆ Մութավաքիլը 200-հազարանոց բանակով Հայաստան է ուղարկում թյուրք զորավար Բուղային, որը չարաչար պարտվում է Արցախում։ Դիզակի իշխան Եսայի Աբու-Մուսեի գլխավորությամբ Քթիշ բերդին ապավինած հայոց փոքրաթիվ զորքին հաջողվում է կոտրել արաբական հեղեղը․ եկել էր նվաճողների հետքը հայոց աշխարհից ջնջելու պատմական պահը։
Ամրոցի ավերակներն այսօր էլ մնում են Հադրութի շրջանի Տող գյուղի հյուսիսային մասում՝ անտառապատ Տող (Քթիշ) լեռան վրա։ Այստեղ է նաև Գտիչի վանքը։
Պատմագիր Թովմա Արծրունին իր «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության մեջ նշել է․ «Ապա հավաքեց (Ապումուսեն) երկրի ամբողջ բնակչությանը՝ կանանց, երեխաներին։ Արցախի բնակավայրերից հավաքվում է ռամիկների, շինականների բազմությունը (ժողովրդին հրամայվում է քաշվել դեպի լեռները), սակավաթիվ զորականների զորախմբերը՝ լեռան վրա՝ Քթիշ անվանված ամրոցում, ըստ այնմ՝ նաև մթերապաշար»։
Հասնելով Քթիշ՝ Բուղան համոզվում է, որ հեշտ չէ գրավել այդ ամրոցը, ուստի բանակ է դնում բերդի արևելյան պարիսպների տակ։ Այնուհետև զորականներին հրամայում է տներ շինել ու բաբաններ կանգնեցնել՝ բերդի պարիսպները փլուզելու համար։ Բուղան նույնիսկ փորձում է ամրոց մտնել ստորերկրյա ուղիներով, որոնք փորել էր տվել հատուկ այդ նպատակով։ Նրա ջանքերը, սակայն, ոչ մի արդյունք չեն տալիս։
Հակառակորդի հրամանատարության այս քայլերը ցույց են տալիս, որ ժամանակն աշխատում է բերդի պաշտպանների դեմ, եթե վերջիններս սպասեն պաշարողների գործողություններին և հայտնվեն խորը պաշտպանության մեջ։
Եսայի Աբու-Մուսեն հստակ գիտակցում էր, որ ամրոցի փրկությունը նախաձեռնողական պաշտպանությունն է, ուստի որոշեց չթույլատրել հակառակորդին վերջնականապես վերամիավորվել բերդի պարիսպների տակ։ Նա դուրս եկավ բերդից և արտագրոհներ կազմակերպեց։ Թշնամին ձգտում էր իր բոլոր զորամասերում առնվազն 500 մարտիկ ունենալ, սակայն չկարողացավ լուծել այդ խնդիրը բերդի պաշտպանների խելամիտ գործողությունների շնորհիվ։ Վերջիններս հարձակվում էին ու արաբներին ստիպում նահանջել։ Հաղթանակը ցույց է տալիս, որ հայոց իշխանը ճիշտ մարտավարություն է ընտրել։
«Ելան մարտի և պատերազմեցին․ ըստ որում՝ սաստկացավ կռիվը, հախուռն հարձակմամբ դիմեցին միմյանց վրա, — վկայում է Թովմա Արծրունին։— Արքունի զորքը ջարդվեց մեծամեծ հարվածներից, փախան իրենց բանակը և մտան այն տները, որ շինել էին։ Ապումուսեի լեռնային զորքը հետամտեց փախստականներին, իջեցրեց լեռան վրայից և վերադարձավ սպանվածների իրերը վերցնելու։ Ապա գնացին իրենց բանակատեղը մեծ հաղթության՝ ուրախանալով անտրտում խնդությամբ»։
Արաբները վճռական ճակատամարտը պլանավորել էին բանակի վերջնական վերամիավորումից հետո։ Հասկանալով, որ բերդապահները կրկին կարող են արտագրոհներ կազմակերպել՝ Բուղան 1000 մարտիկներից կազմված պահեստազոր է առանձնացնում՝ հայերի հակագրոհների դեպքում օգնության հասնելու համար։ Ահա՛ թե ինչպես է Թովմա Արծրունին ներկայացնում հակառակորդի նախապատրաստությունը և ուժը․ «Այնժամ հրաման տվեցին ամբողջ զորքերին ելնել պատերազմի։ Եվ ահա աղաղակ, փողեր, քնարներ, անհամար զորքը սպառազինվեց զենքով, սրերով և ամեն տեսակ պատրաստությամբ, ու քիչ մնաց հիմքից տապալվեր լեռը։ Զորքը բարձրացավ մինչև լեռան գլուխը, նրա հետ նաև բազում դրոշներ՝ ձիերին նստած հազար ընտրյալ քաջ տղամարդկանց (ձեռքին)։ Եվ գրեթե ոչ մի տեղ, աշխարհի չորս կողմերում ոչ մի թագավորի մոտ չէր երևացել այդպիսի ահավոր տեսքով ու սպառազինությամբ զորք՝ սաստիկ որոտումով ու ճայթյունով, զենքերի փայլատակումով և ինչով այն ժամանակ զինվել, զարդարվել ու հանդերձավորվել էր արաբացոց զորքը։ Եվ գունդ առ գունդ, փութապես ելան մեկը մյուսի հետևից, և ամեն ոք, որ տեսնում էր, մեծ երկյուղով ներս էր մտնում (տուն)»։
Եսայի Աբու-Մուսեն միանգամայն տրամաբանական ու հակառակորդի համար անսպասելի որոշում է կայացնում։ Պարզ էր, որ այդ գրոհի նշանակությունը շատ մեծ է։ Այդ իսկ պատճառով նա վճռում է արտագրոհներ չկազմակերպել, այլ միայն դիմադրել։ Հակառակորդի օգնական հազարյակը փաստացի դուրս է մնում մարտական գործողություններից, իսկ արաբների սկսած հարձակումը, աստիճանաբար թուլանալով, սկսում է մարել։ Ահա հենց այդ ժամանակ նա վճռում է հակագրոհի անցնել՝ գրոհողներին դասավորելով սեպաձև։
«Դարձան իբրև երկաթե մի մեծ բլուր կամ ադամանդյա վեմ և իրար շուրջ խռնվելով՝ կպան միմյանց, ինչպես մեկ մարդ․․․ մնացին անշարժ, առաջ չընկան մեկմեկուց։ Եվ մինչ (արաբները) կարծում էին, թե մատնվեցին իրենց ձեռքը, սակայն նրանք աղոթում էին և Աստծուն կանչում իրենց օգնության։ Ապա դիմեցին (արաբների) վրա չորս մասով՝ Քրիստոսի խաչի նմանությամբ։ Հարվածեցին ճակատից, ճեղքեցին մարտաշարքերը և նրանց դարձրին դեպի զառիվայր, իջեցրին լեռան վրայից։ (Թշնամին) կրեց մեծամեծ հարվածներ, ինչպես քամուց հարդն է քշվում, կամ ծուխը՝ մրրիկից, և այդպես կորան գնացին․․․»,— գրում է Թովմա Արծրունին։
Քթիշի իշխանն այնպես է կողմնորոշվում տեղանքի ընտրության հարցում, որ հակառակորդին կրկին չի հաջողվում գործի դնել պահեստազորը։ Որպես հետևանք՝ թշնամին կրկին նահանջում է։
Կատաղած Բուղան դիմում է պարզ սադրանքի և Եսայի Աբու-Մուսեին առաջարկում կամավոր իջնել բերդից, այլապես կմորթի իր բանակում պահվող հազարավոր հայ գերիներին և նրանց արյամբ կպտտեցնի Իշխանաձորի ջրաղացը։ Աբու-Մուսեն չի արձագանքում, և Բուղան հրամայում է սրի քաշել բոլոր հայերին։ Սակայն հենց սկսվում է կոտորածը, հայ զինվորներն անսպասելի հարձակվում են արաբների վրա, հողմացրիվ անում Բուղայի մարդասպաններին և նույնքան արագ էլ անհետանում։ Իշխանաձորի ջրաղացն այնուհետև անվանվել է Արյունոտ ջրաղաց՝ որպես այդ եղեռնագործության անխոս վկա։
Թովմա Արծրունին վկայում է, որ Եսայի Աբու-Մուսեի ու Բուղայի միջև բերդի պաշարման մեկ տարվա ընթացքում քսանութ բախում է տեղի ունեցել, և հայ իշխանը ոչ մի անգամ չի պարտվել անսպասելի վճիռների ու դրանք արագորեն կյանքի կոչելու ունակության շնորհիվ։ Ամենաուշագրավն այն է, որ բերդի պաշտպանները մինչև ֆիզիկական վերջնական հաղթանակը թշնամուն նախ հոգեբանորեն են պարտության մատնում․ նման դժոխային պայմաններում նրանք Բուղայի կործանած Գտչավանքի փոխարեն նոր եկեղեցի են կառուցում։ Եվ քանի որ սրբավայրը կառուցվում է ճակատամարտի թեժ պահին, այլ կերպ ասած՝ հայը մի ձեռքով զենքն էր բռնել, մյուս ձեռքով՝ դույլը, եկեղեցին անվանվում է Թեժ։ Սա հսկայական հաղթանակ էր պաշտպանվողների համար, որը հուսահատության հասցրեց Բուղային։ Նոր եկեղեցու կառուցումը, այսպիսով, թշնամու դեմ ուղղված հոգեբանական ահեղ զենք էր, որը կրակեց ճիշտ տեղում ու ճիշտ պահին։
Քթիշի հերոսամարտի էջերից մեկը Թաղալ աղբյուրի ավանդությունն է։ Բուղան որոշել էր բացահայտել բերդին ջուր մատակարարող աղբյուրի տեղը և ծարավի մատնել բերդապաշտպաններին։ Բայց նրա ջանքերն ապարդյուն էին։ Ի վերջո Բուղան գտնում է մի պառավի, որը, կաշառք վերցնելով, խորհուրդ է տալիս յոթ օր ծարավ պահել մի ջորու և բաց թողնել բերդի շուրջը։ Այդպես էլ անում են։ Ծարավ ջորին հասնում է աղբյուրի ակունքին ու սկսում սմբակներով քանդել գետինը։ Թշնամին գտնում է ջրի ակունքը և ավերում այն։
Շատ շուտով Բուղան համոզվում է, որ Քթիշը խմելու ջրի այլ աղբյուր ունի։ Նա չէր էլ կարող պատկերացնել, որ բերդը ջուր է ստանում 12 կմ հեռվից՝ Բերդասարի ստորոտի աղբյուրից։ Ժամանակին կայացված ճիշտ որոշումը ոչ միայն հայերին փրկեց ծարավի մատնվելուց, այլև Քթիշի հերոսամարտի բաղկացուցիչ մասերից մեկն է, թշնամու նկատմամբ հայերի հոգեբանական առավելության հերթական դրսևորումը։
Բուղան ստիպված էր նամակ գրել Բաղդադի Մութավաքիլ խալիֆին, որ Քթիշի տերը՝ Եսայի Աբու-Մուսեն, անպարտելի է։ Արցախցի իշխանն էլ հայտարարում է, որ իր կռիվը խալիֆի դեմ չէ, այլ իր իրավունքները չճանաչող մի բռնակալի։ Բաղդադի խալիֆի գրությամբ Աբու-Մուսեն անմեղ է ճանաչվում, դադարեցնում է պայքարը և գնում Բուղայի մոտ, ապա ուղարկվում Բաղդադ՝ որպես գերի։ Բայց նրա ընդվզումն անարդյունք չի մնում և հանգեցնում է Հայաստանի անկախության վերականգնմանը։ Մովսես Կաղանկատվացու բնորոշմամբ՝ Աբու-Մուսեն խաղաղության մարդ էր, սակայն Քթիշի հերոսամարտում ոչ միայն լեռնցու անօրինակ խիզախություն է ցուցադրել, այլև իր զորավարական տաղանդը՝ խարսխված ինչպես ռազմական գործի իմացության, այնպես էլ հեռատեսության, հոգեբանական միջոցների հանճարեղ ընտրության և որոշումների անսպասելիության վրա։

Իշխան Քիշմիրյան