Հայկական քաղաքակրթական պետության հոգևոր հիմքերը և Եկեղեցու առաքելությունը
18.11.2026
Այսօր, երբ համաշխարհային զարգացումները մարդկությանը կանգնեցրել են արժեքային և աշխարհաքաղաքական խորքային վերափոխումների առջև, առավել քան հրատապ է դառնում ազգային ինքնության վերարժևորումն ու ապագայի հստակ տեսլականի ձևավորումը։ Հայկական աշխարհը հաճախ դիտարկում ենք պատմական հիշողության, մշակութային ժառանգության կամ ներկայիս պետական սահմանների շրջանակում։ Մինչդեռ այն շատ ավելի ընդգրկուն ամբողջություն է՝ աշխարհով մեկ սփռված, պատմականորեն ձևավորված և ներքին հոգևոր ու մշակութային կապերով միավորված քաղաքակրթական համակարգ։
Այդ համակարգի հարատևության հիմքում լեզուն է, մշակույթը, պատմական հիշողությունը, հայրենի տարածքը և, ամենակարևորը, դրանք միավորող հոգևոր արժեքներն ու հաստատությունները։ Այս առումով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել և մնում է հայկական քաղաքակրթության հոգևոր առանցքային հաստատությունը, ազգային ինքնության պահպանման և համազգային կապերի ամրապնդման կարևորագույն երաշխավորներից մեկը։
Հայկական քաղաքակրթական համակարգն ունի երկու փոխկապակցված հենակետային շերտ՝ քաղաքակրթական և իրավաքաղաքական։ Քաղաքակրթական միջուկը Արարատյան աշխարհն է՝ որպես հայկական պատմական տարածության, հոգևոր հիշողության և խորհրդանշական ինքնության առանցք, իսկ իրավաքաղաքական միջուկը՝ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես հայոց պետականության ժամանակակից կազմակերպված ձև։
Այս երկու շերտերը չեն հակադրվում և չեն կարող փոխարինել միմյանց։ Հայաստանի Հանրապետությունը հայոց պետականության իրավական հիմքն է, իսկ Արարատյան աշխարհը՝ հայկական քաղաքակրթական ինքնության պատմական ու խորհրդանշական առանցքը։ Քաղաքակրթական պետության գաղափարը կոչված է այդ հենակետերի կապը դարձնելու գիտակցված և ապագային միտված։
Պետականության կորստի և քաղաքական մասնատվածության ժամանակաշրջաններում հայության գոյությունը շարունակվել է նաև պետական կառավարման կենտրոններից դուրս։ Հենց այդ պայմաններում է առանձնահատուկ դեր ստանձնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Իր թեմական և հոգևոր կառույցների, վանական կենտրոնների, կրթական ավանդույթների ու համայնքային կապերի միջոցով Եկեղեցին ապահովել է հայկական հոգևոր և մշակութային կյանքի շարունակականությունը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պատմականորեն եղել է այդ համակարգի կենտրոնը՝ իր շուրջ համախմբելով թեմեր և աշխարհի տարբեր հատվածներում ձևավորված հայկական համայնքներ։
Այս պատմական փորձը կարևոր հիմք է քաղաքակրթական պետության գաղափարի համար։ Հայկական քաղաքակրթությունը պետք է դիտարկել ոչ միայն իբրև պետական սահմանների ներսում գործող համակարգ, այլև որպես տարածքային միջուկը, հոգևոր արժեքները, հաստատություններն ու աշխարհասփյուռ հաղորդակցական կապերը միավորող ամբողջություն։ Այդ տեսլականում Եկեղեցին հոգևոր առաջնորդության և համազգային համախմբման առանցքային հաստատությունն է, իսկ պետությունը՝ քաղաքակրթական ամբողջության քաղաքական-իրավական կազմակերպման պատասխանատուն։
Քրիստոնեության ընդունումը և Հայ Եկեղեցու ձևավորումը հայկական քաղաքակրթությանը հաղորդեցին հոգևոր ինքնատիպություն և պատմական դիմակայունության կարևոր հիմքեր։ Դրանք հատկապես նշանակալի դարձան այն ժամանակաշրջաններում, երբ հայությունը զրկված էր սեփական պետականությունից կամ ապրում էր քաղաքական մասնատվածության պայմաններում։
Եկեղեցու միջոցով պահպանված հոգևոր և մշակութային կապերը հնարավորություն տվեցին, որ հայկական ինքնությունը պահպանվի ոչ միայն հայրենի տարածքում, այլև աշխարհով մեկ սփռված համայնքներում։
Սակայն հոգևոր ժառանգությունը հարատևում է միայն այն ժամանակ, երբ յուրաքանչյուր սերունդ գիտակցում է դրա արժեքը, պատասխանատվություն ստանձնում դրա պահպանման ու զարգացման համար և փոխանցում այն հաջորդներին։ Այսօր հայկական քաղաքակրթության կենսունակությունը կախված է ոչ միայն անցյալի ժառանգությունից, այլև այն մերօրյա արժեքների և ապագայի կազմակերպման սկզբունքների վերածելու կարողությունից։
Հետևաբար Հայ Եկեղեցու ժամանակակից առաքելությունը պետք է դիտարկել ոչ միայն պատմական վաստակի գնահատման, այլև ապագայի պատասխանատվության տեսանկյունից։ Այն պետք է շարունակի լինել հայության հոգևոր առաջնորդության, ազգային հիշողության պահպանման, կրթական ու մշակութային կյանքի խթանման և համահայկական կապերի ամրապնդման առանցքային հաստատությունը։
Հայկական քաղաքակրթական պետությունը չի կարող ձևավորվել միայն քաղաքական որոշումներով կամ վարչական բարեփոխումներով։ Այն պահանջում է հոգևոր հիմք, արժեքային միասնականություն, պատմական ինքնագիտակցություն և ազգային ներուժը համախմբելու կարողություն։ Իսկ այդ ամենի հիմքում պետք է լինի այն գիտակցումը, որ հայությունը պարզապես անցյալ ունեցող ժողովուրդ չէ, այլ սեփական քաղաքակրթական ընթացքը շարունակելու և ապագան կերտելու պատասխանատվություն կրող ամբողջություն։
Արմեն Ներսիսյան