Ուղղափառ և Արևելյան Ուղղափառ ոգեկանությանը նվիրված միջեկեղեցական գիտաժողով Իտալիայում
07.09.2016
Սեպտեմբերի 7-ին Իտալիայի Բիելլա բնակավայրում գտնվող Բոզզե վանական համալիրում իր աշխատանքներն սկսեց Ուղղափառ և Արևելյան Ուղղափառ ոգեկանությանը նվիրված հերթական միջեկեղեցական գիտաժողովը, որը նվիրված էր քրիստոնեական մարտիրոսագրությանն ու վկայությանը ներկա դարում՝ «Մարտիրոսություն և հաղորդություն» խորագրի ներքո:
Գիտաժողովի հիմնական նպատակն է միջազգային հարթակ ստեղծել Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների համար իրենց բնորոշ աստվածաբանության ու ոգեկանության արտահայտման նպատակով:
Գիտաժողովի աշխատանքները շարունակվելու են մինչև սեպտեմբերի 10-ը: Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այս տարի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը գիտաժողովում ներկայացնում էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների և Հրատարակչական բաժինների տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:
Գիտաժողովի ընթացքին առանձին նիստով անդրադարձ է կատարվելու նաև Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման փաստին՝ իբրև քրիստոնեական մարտիրոսության և հաղորդության ամենանշանակալի երևույթներից մեկը նոր ժամանակներում: