Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
20.04.2026
Ապրիլի 20-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով, Հայաստան ժամանեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ն:
Մայր Տաճարի ղողանջների ներքո Սուրբ Էջմիածնի միաբանությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքին թափորով առաջնորդեց Միածնաէջ Մայր Տաճար, ուր կատարվեց «Հրաշափառի» արարողություն։
Տաճարում երկու Հովվապետերը խոնարհվեցին Իջման Սուրբ Սեղանի առջև: Միասնական աղոթքից հետո Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հանուն Մայր Աթոռի միաբանության, ողջունեց և իր բարեմաղթանքները հղեց Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Պատրիարքին:
Իր հերթին Եփրեմ Բ Պատրիարքը գոհունակություն հայտնեց Աստծո կամքով Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելելու առիթով և աղոթք վերառաքեց Հայոց Եկեղեցու պայծառության, հայ ժողովրդի բարօրության և տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։
Ապա Վեհարանում տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքի առանձնազրույցը: