Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց կանադահայ ուխտավորներին
28.09.2026
Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կանադայի Հայոց թեմի «Հայ Արդ Տուն» կազմակերպության նախաձեռնած ուխտագնացության մասնակիցներին։
Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ներկաներին՝ գնահատանքով անդրադառնալով կանադահայության եկեղեցասիրությանն ու հայրենանվեր ոգուն։ Նորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման, ազգային ինքնության պահպանության և հայրենիքի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ կապերի ամրապնդման գործում։
Վեհափառ Հայրապետը հորդորեց ուխտավորներին շարունակել գործուն մասնակցություն բերել իրենց համայնքների ազգային-եկեղեցական կյանքին՝ առանձնակի հոգածություն ցուցաբերելով երիտասարդ սերնդի հայեցի ու քրիստոնեական դաստիարակության համար։
Վերջում Հայոց Հովվապետը մաղթեց, որ այս այցելությունը հոգևոր նորոգության և ոգեշնչման առիթ դառնա ուխտավորների համար՝ զորացնելով նրանց հոգիներում հավատն առ Աստված, սերն ու նվիրումը Մայր Եկեղեցու և հայրենիքի հանդեպ։