Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնության խոսք հղեց հայագիտական միջազգային գիտաժողովին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-28․06.2018

Խոսք  հայագիտական միջազգային գիտաժողովին

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում ենք Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հիմնադիր տնօրեն ակադեմիկոս, բարեհիշատակ Լևոն Խաչիկյանի ծննդյան 100-րդ տարեդարձի առիթով Հայագիտական միջազգային գիտաժողովի կազմակերպումը՝ նվիրված միջնադարյան Հայաստանի պատմությանն ու մշակույթին, հայկական ձեռագրական ժառանգությանը:

Մեր երկրի ու ժողովրդի կյանքում արդյունաշատ վաստակ ունի անվանի հայագետ, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանը: Որպես Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հիմնադիր տնօրեն, նա իր ողջ կյանքը նվիրեց Մատենադարանի արդյունավոր գործունեությանը, որտեղ խորհրդային տարիներին տեղափոխվեցին մեր վանքերի լուսավոր հարկերի ներքո դարեր ի վեր ստեղծված ու խնամքով պահպանված ձեռագիր մատյանները: Վաստակաշատ ակադեմիկոսի ղեկավարության ներքո Մատենադարանը կարճ ժամանակում դարձավ գիտական հզոր կենտրոն, որ մեծ ճանաչում ձեռք բերեց նաև Հայաստանից դուրս: Մատենադարանի հարկի ներքո համախմբվեցին գիտության բազում նվիրյալներ, ովքեր իրենց անդուլ, քրտնաջան աշխատանքով նոր զարգացում պարգևեցին հայագիտությանը՝ իր բոլոր ճյուղերով ու ոլորտներով:

Պահպանվող հոգևոր գանձերով Մատենադարանը եղել և շարունակում է հարազատորեն կապված մնալ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն, և այսօր առանձնակի գնահատանքով ենք անդրադառնում, որ տակավին Լևոն Խաչիկյանի ղեկավարության տարիներից ձևավորվել է սերտ համագործակցություն Մատենադարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջև՝ ի նպաստ հայ գիտության զարգացման:

Մեծ ու գնահատարժան է նաև Լևոն Խաչիկյանի գիտական ժառանգությունը։ Մայր Հայրենիքում ու նրա սահմաններից հեռու լայնորեն ծանոթ են նրա գրքերն ու ուսումնասիրությունները, որոնք լույս են սփռում մեր ժողովրդի պատմության էջերին: Նա կարևոր մասնակցություն բերեց Հայկական հանրագիտարանի և «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի կազմման, մեծաթիվ մատենաշարերի խմբագրման ու հրատարակության գործում: Նրա վաստակը արժանապես գնահատված է գիտական ամենաբարձր կոչումներով ու պարգևներով:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում գիտաժողովի կազմակերպիչներին ու բոլոր մասնակիցներին՝ մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ՝ ի նպաստ հայ գիտական մտքի զարգացման ու առաջընթացի:

Բարի ընթացք ու հաջողություններ գիտաժողովի աշխատանքներին»: