2017 թ. սեպտեմբերի 14-ին, հանդիսապետությամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունենում «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը:
«Էօրնեկեան հանրակրթական դպրոց» կառուցվել է Էդուարդո Էօրնեկեանի ազնիվ բարերությամբ՝ ի հիշատակ բարերարի ծնողների` տեր և տիկին՝ Փանոս և Սրբուհի Էօրնեկեան ամոլի: 2012 թվականին Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ և տիար Էդուարդո Էօրնեկեանի հովանավորությամբ սկսվել են «Էօրնեկեան» հանրակրթական ուսումնական հաստատության նոր շենքի կառուցման աշխատանքները: Ճարտարապետն է Արտակ Ղուլյանը, շինարարը՝ Արամայիս Ոսկանյանը: Ժամանակակից կրթական պահանջներին համապատասխանող կրթահամալիրն ունի դասասենյակներ, լաբորատորիաներ, ընթերցասրահ, գրապահոց, հանդիսությունների դահլիճ, ճաշասրահ, բուժսպասարկման կենտրոն, ուսուցիչների աշխատանքային խորհրդակցությունների և հանգստի սենյակներ: