Ամենայն Հայոց Կաթողիկոս
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված զինվորների հոգեհանգստյան արարողության առիթով
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-02.04.2017
Սիրելիներ,
Այսօր համախմբված ենք մեր աղոթքները առ Աստված բարձրացնելու քաջարի մեր զինվորների հոգիների խաղաղության ու հանգստության համար, ովքեր հերոսաբար զոհվեցին ապրիլյան պատերազմի ընթացքում՝ իրենց կյանքը տալով հանուն հայրենիքի և մեր ժողովրդի պաշտպանության:
Ողջունում ենք ՀՀ մեծարգո վարչապետի ներկայությունը Սուրբ Էջմիածնի նվիրական տաճարում, ով եկել է իր աղոթակցությամբ մասնակից լինելու հոգեհանգստյան այս արարողությանը:
Մեկ տարի առաջ մեր խիզախ զինվորները կասեցրեցին Արցախի մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքին բռնացող ռազմական գործողությունները, նաև արյան գնով ետ մղեցին դավադիր հակառակորդին, վկայելով հանուն անկախության ու հայրենի երկրի՝ մեր ժողովրդի նախանձախնդրությունը, ուժն ու կորովը և անպարտելի ոգին:
Մեծ Պահքի այս օրը Գալստյան կիրակին է, որը հիշեցնում է մեր Տիրոջ գալուստը և Իր հավատարիմ հետևորդներին հավիտենական կյանքի շնորհին արժանացնելը: Մեր զոհված հերոսները փոխադրվեցին հանդերձյալ կյանքի հանգրվան՝ մուտք գործելու հավիտենություն և անանց երանությունը ժառանգելու, քանզի անձնազոհության մեծագույն առաքինությունը դրսևորելով՝ Քրիստոսանմանության սխրանքը իրագործեցին: Այս մխիթարությունն է բարձրաձայնում առաքյալի խոսքը. «Աստված մեզ չնախասահմանեց բարկության համար, այլ՝ փրկությունը ժառանգելու համար, որպեսզի արթուն լինենք, թե ննջենք, Նրա հետ միասին ապրենք» (Ա Թեսաղ. 5.9-10):
Հայոց բանակի մարտունակությունը, մեր զինվոր զավակների սխրանքը ծնեցին հերոսության նոր, բացառիկ օրինակներ, որոնք հավելվեցին մեր պատմության էջերում արձանագրված մեր փառապանծ հայրերի սխրանքին ու քաջագործություններին: Մեր զոհված զավակներն իրենց մատաղ կյանքը բաշխեցին ազգին ու Մայր Հայրենիքին, մեզ ամենքիս, որպեսզի մենք նրանց դրսևորած վճռականությամբ ու նախանձախնդրությամբ պահպանենք մեր խաղաղությունն ու արժանապատվությունը, լինենք միասնական, կերտենք հզոր ու ապահով, առաջադեմ ու անհաղթ Հայաստան: Եվ նրանց մշտավառ հիշատակի ու անձնազոհության առջև առավել վճռականորեն պիտի ջանքեր բերենք մեր հայրենիքի նոր կյանքի կերտմանը, պետության առաջընթացին ուղղված գործընթացներին նախանձախնդիր մասնակցությամբ: Բազում փորձությունների առաջ մեր ժողովուրդը միասնականությամբ, առ հայրենին սիրո, հանձնառության ու զոհողության մղումով է ամուր բազուկ դարձել և խորտակել թշնամիների հարվածները, հաղթել չարին, դիմագրավել ավերներն ու կորուստները, հարուցյալ կյանք կերտել: Եվ այսօր նույն ոգով մեր ժողովուրդը ի զորու է առատացնել հայրենանվեր գործերը, արդյունազարդել ազգային կյանքը, շենացնել իր հայրենին, որը իրապես կլինի արժևորումը հանուն հայրենիքի ու ազգի իրենց կյանքը նվիրած հայորդիների պայծառ հիշատակի:
Սիրելիներ, այսօր միասնական աղոթք ենք բարձրացնում առ Ամենակալն Աստված, որպեսզի պահպանվի խաղաղությունը մեր հայրենիքի սահմաններում և այլևս անհրաժեշտություն չլինի կյանքի թանկ գին վճարելու ազատ ու անկախ ապրելու արդար իրավունքի պաշտպանության համար: Աղոթում ենք, որ Երկնավոր Տերը Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո պահապանի Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը, աշխարհասփյուռ մեր ժողովրդին, պահապանի մեր բոլոր զինվորներին և միշտ պարգևի զորություն ու հաղթություն: Հայցում ենք, որ Ողորմածն Աստված Երկնքի արքայության հանգրվաններում հանգստություն և երանություն պարգևի զոհված մեր զավակների լույս հոգիներին և Սուրբ Հոգու բյուր շնորհներով մխիթարի և սփոփի սգակիր սրտերը զոհվածների ընտանիքների, հարազատների, զինակից ընկերների և բոլոր վշտացյալների:
Փառք Հայոց հաղթական ու քաջարի բանակին:
Աղոթք և օրհնություն մեր խիզախ հայորդիների լույս հիշատակին:
Յիշեսցէ Տէր զհոգիս նորոգ ննջեցելոց և հանգուսցէ զնոսա ի լոյս երեսաց Աստուածութեան Իւրոյ. Ամէն: