Ամենայն Հայոց Կաթողիկոս
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը ՀՀ Անկախության տոնի առիթով Հանրապետական մաղթանքի արարողության ընթացքում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-21.09.2017
<<Այլ դուք ազգ էք ընտիրք, թագաւորութիւն, քահանայութիւն, ազգ սուրբ, ժողովուրդ սեպհական…>> (Ա Պետ. Բ 9)
Հոգևոր եղբայր, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս,
Գերաշնորհ ու հոգեշնորհ հայրեր,
ՀՀ իշխանությանց պատվարժան ներկայացուցիչներ,
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Գոհունակ սրտով և առ Աստված փառաբանությամբ Միածնաէջ Մայր Տաճարում Հայաստանի Հանրապետության 26-րդ տարեդարձի առիթով կատարեցինք Հանրապետական մաղթանք՝ հայցելով խաղաղություն ու բարօրություն հայրենի մեր երկրին ու ժողովրդին և համայն աշխարհին:
Համազգային տոն է տարեդարձը մեր անկախ պետականության, որը պսակն է հազարամյակների պատմություն ունեցող մեր ժողովրդի, մեր հայրենիքի մաքառումների ու հաղթանակների, նաև՝ վկայությունը քրիստոնեական մեր ինքնության ու գոյության: Արդարև, մարդկային ուժերը չպիտի բավարարեին դիմակայելու դարերի ընթացքում մեր ժողովրդին բաժին ընկած հալածանքներին ու անարդարություններին, չպիտի բավարարեին պահպանելու հավատը ազատության ու արդարության հանդեպ և հույսն ու լավատեսությունը խաղաղ ու լուսավոր կյանքի: Մեր ժողովուրդը՝ Տիրոջ փոքրիկ հոտը, ապրեց ու հարատևեց ոչ թե մարդկային իր հնարավորություններով, այլ՝ քրիստոնեական հավատքով և Աստծո խնամքով, որի համար առաքյալն ասում է. «դուք ազգ էք ընտիր, թագաւորութիւն, քահանայութիւն, ազգ սուրբ, Աստծու սեփական ժողովուրդ…»:
Առաքյալի պատգամի լույսի ներքո մեր առջև հառնում են Քրիստոսի սիրով իրենց հոգու ազնվությունն ու սերը ազգին ծառայեցրած, մեր հայրենիքի ազատությանը, մեր պետականության ամրությանն ու պայծառությանը իրենց կյանքն ու ջանքերը նվիրած մեր բարեպաշտ թագավորներն ու իշխանները, լուսամիտ վարդապետներն ու հայրապետները, մեր ժողովրդի բյուրավոր վեհանձն ու արի զավակները, ովքեր հավատքով ու նվիրումով սրբագործել են մեր ժողովրդի աստվածընտիր առաքելության ճանապարհը: Արդարև, մեր ժողովուրդը երբեք իր առջև ընդամենը գոյատևելու խնդիր չի դրել: Մեր ձգտումը միշտ եղել է ավելին՝ հասնել բաղձալի ազատության, պահպանել հավատքի սրբությունը, ապրել Աստծո փառքի համար՝ մեր ստեղծածը, մեր կյանքը ծառայեցնելով բարուն, արդարությանն ու ճշմարտությանը:
Դարավոր մեր հայրենիքում մենք մեր պետականությունը վերակերտեցինք, որպեսզի հայրենի մեր երկիրը համայն հայության տունը դարձնենք, մեր ինքնությունը անխախտ ու անվտանգ պահենք, աշխարհի հետ մեր լեզվով ու ոճով խոսենք, մեր մշակույթն ու դպրությունը զարգացնենք, մեր երկիրը մեր բազկի զորությամբ, մեր հոգու արիությամբ պաշտպանենք: Այսօր, երբ մենք ենք տնօրինողը մեր կյանքի և կերտողը մեր ապագայի, պիտի հիշենք և երբեք չպիտի մոռանանք, որ ազատության չարաշահումը նույնքան վտանգավոր է, որքան ազատություն չունենալը: Զգույշ եղեք,-հորդորում է առաքյալը,- չլինի թե ազատությունը դառնա չարիքի պատրվակ (հմմտ. Ա Պետ. Բ 16): Ազատություն ունենալ նշանակում է պատասխանատվություն կրել մարդկանց, սեփական երկրի և ժողովրդի համար: Ազատությունն ու անկախությունը այսօր էլ իմաստ ու արժեք են ստանում, երբ քրիստոնեական մեր արժեքները, միմյանց հանդեպ սերը, ազգ, պետություն շենացնելը գերիշխող նպատակներ են մեր կյանքում: Թանկ ենք վճարել մեր անկախ պետականության համար: Պահենք Հայաստան մեր երկիրը, մեր հայրենիքը, որ լինի պատվարը ազգահավաքության, մեր աշխարհացրիվ ժողովրդի ապահովության և առաջընթացի, պահենք մեր երկիրը մեր զավակների և սերունդների լուսավոր կյանքի համար, պահենք մեր երկիրը Աստծո փառքի համար:
Գոհության մաղթանքով, սիրելիներ, վերստին աղոթք բարձրացնենք առ Աստված և հայցենք, որ Տերը պահպանի մեր ժողովրդին միասնական ու համախումբ, արի ոգով, ամուր հավատքով, որպեսզի մշտապես զորանա լինելու ընտրյալ ազգ, թագավորություն, քահանայություն, ազգ սուրբ և Աստծո սեփական ժողովուրդ և իր հոգու առաքինությունները ծառայեցնի հայրենաշեն ու ազգանվեր իր նպատակներին: Թող Աստված խաղաղություն ու բարօրություն պարգևի աշխարհին, մեր հայրենիքին ու աշխարհասփյուռ ժողովրդին, որպեսզի խնդությունն ու բերկրանքը իր հոգում մեր ժողովուրդը միշտ տոնախմբի հայոց պետության անկախությունը և շնորհավորանքի ու բարեմաղթանքի ջերմ խոսքեր ուղղի միմյանց: Թող Տիրոջ սերը, շնորհը և ողորմությունը հովանի լինեն մեր երկրին, Հայաստան և Արցախ աշխարհին, և աշխարհասփյուռ մեր ժողովրդին այսօր և հավիտյանս. ամեն: