Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Русский
  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Նվիրատվություն
  • Գլխավոր
  • Տոնացույց
  • Ս. Հակոբ Մծբնեցի Հայրապետ, Ս. Մարուգե Ճգնավոր և Ս. Մելիտոս Եպիսկոպոս

Ս. Հակոբ Մծբնեցի Հայրապետ, Ս. Մարուգե Ճգնավոր և Ս. Մելիտոս Եպիսկոպոս
13.12.2025

Ս. Հակոբ Մծբնեցի Հայրապետ, Ս. Մարուգե Ճգնավոր և Ս. Մելիտոս Եպիսկոպոս

Մծբինի հայրապետ Ս. Հակոբը Ս. Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին էր՝ պարթևական տոհմից: Նա պատանի հասակից ապրել է ճգնավորական կյանքով։ Իր սրբակենցաղ վարքով նմանվել է հրեշտակներին և արդարացիորեն կոչվել «մարմնավոր հրեշտակ»։ Հանապազօրյա ջերմեռանդ աղոթքների ու ճգնությունների դիմաց նա Աստծուց ստացել է մարգարեության և հրաշագործության շնորհներ։ Քրիստոսին քարոզել է Հյուսիսային Միջագետքում և Հայաստանում։ Ցանկանալով Նոյյան տապանից մասունք վերցնել՝ նա բարձրացել է Արարատ լեռը։ Լեռան ստորոտին հոգնել և քուն է մտել։ Երբ արթնացել է, գտել է տապանից պոկված փայտի խաչաձև մի կտոր, որը հրեշտակն էր դրել նրա գլխի տակ։ Տապանի այդ մասունքն այժմ պահվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում։

Ձեռնադրվելով Հայոց Միջագետքում գտնվող Մծբին քաղաքի եպիսկոպոս՝ Ս. Հակոբը շատերին է դարձի բերել, հիմնել բազում եկեղեցիներ և դպրության օջախներ։

325 թ. նա մասնակցել է Նիկիայում գումարված Տիեզերական առաջին ժողովին։ Մահացել է 350 թ.։

Ս. Մարուգե ճգնավորը եղել է Հակոբ Մծբնեցու աշակերտը։ Քրիստոնեություն է քարոզել Ասորիքում և հայկական Միջագետքում։

Ս. Մելիտոսը՝ Անտիոքի եպիսկոպոսը, ծնվել է Փոքր Հայքի Մելիտինե քաղաքում։ 358 թ. դարձել է Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսը, ապա 360 թ. գահակալել է Անտիոքի Աթոռին։ Եղել է Բարսեղ Մեծի համախոհն ու ընկերը։ Գործուն մասնակցություն է ունեցել արիոսականների դեմ մղվող պայքարում, որի համար էլ արիոսականների սադրանքով երիցս դատապարտվել է աքսորի։

381 թ. Ս. Մելիտոսը Կ. Պոլսում նախագահել է Տիեզերական երկրորդ ժողովը և դեռ ժողովը չավարտված՝ վախճանվել է։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]