Փետրվարի 14-ի առավոտյան Հայ Առաքելական եկեղեցիներում կմատուցվի տոնական Ս․ Պատարագ

11.02.2025

Սուրբ Ծննդից 40 օր հետո Հայ Առաքելական Եկեղեցին նշում է մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը: Նախատոնակը փետրվարի 13-ի երեկոյան է կատարվում: Ժամերգության ավարտին ժողովրդական սովորույթի համաձայն խարույկ է վառվում: Տեառնընդառաջը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին, իսկ զավակին եկեղեցուն ընծայել, նշանակում է դաստիարակել ու կրթել նրան հոգևոր նկարագրով: Երբ Մարիամը 40 օրական Հիսուսին տաճար է տանում, Սիմեոն անունով մի ծերունի ճանաչում և ընդառաջ է գալիս Հիսուսին: Այստեղից էլ տոնի անվանումը՝ Տիրոջն ընդառաջ: