Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Русский
  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Նվիրատվություն
  • Գլխավոր
  • Տոնացույց
  • Տոն Ս. Սարգիս Զորավարի, նրա որդի Ս. Մարտիրոսի և 14 զինվորների

Տոն Ս. Սարգիս Զորավարի, նրա որդի Ս. Մարտիրոսի և 14 զինվորների
15.02.2025

Տոն Ս. Սարգիս Զորավարի, նրա որդի  Ս. Մարտիրոսի և 14 զինվորների

Ս. Սարգիսը հռոմեացի զորավար էր, որը Կոստանդիանոս Մեծի (306-­337 թթ.) կողմից կարգվել էր Հայաստանին հարակից Կապադովկիայի կառավարիչ և ստրատելատ։ Լինելով քրիստոնյա՝ նա քարոզել է Ավետարանը և կործանել մեհյաններն ու կուռքերը։ Հուլիանոս Ուրացող կայսեր օրոք (360-­363 թթ.) Սարգիս զորավարը ստիպված է եղել հեռանալ Հռոմեական կայսրությունից։ Նա իր Մարտիրոս որդու հետ սկզբում ապաստան է գտել Հայաստանում, որը, սակայն, դաշնակից էր Հռոմին, և Հուլիանոս Ուրացողն այստեղ նույնպես կարող էր նրան հետապնդել։ Հայոց թագավորի խորհրդով Ս. Սարգիսը տեղափոխվել է Պարսկաստան՝ զինվորական ծառայության անցնելով Շապուհ Բ արքայի (309-­379 թթ.) բանակում։ Շուտով նա ձեռք է բերել քաջ և հմուտ զորավարի հեղինակություն։ Նրա և որդու ազդեցությամբ պարսից զորքում շատերը քրիստոնեություն են ընդունել։

Դա հայտնի է դարձել պարսից արքունիքին։ Շապուհ Բ թագավորը Սարգիս զորավարին և նրա որդուն իր մոտ է կանչել և պարտադրել զոհ մատուցել արքայական մեհյանում։ Նրանք մերժել են հրամանը, համարձակորեն խոսել Աստծո մասին և անարգել կուռքերին։ Այդ տեսնելով՝ քրմերը մոլեգնել են և ամբոխի հետ ոտնակոխ սպանել Սարգիս զորավարի որդուն, իսկ նրան ձերբակալել ու բանտ են նետել։ Պարսից թագավորը հույս ուներ, որ հմուտ զորավարը, ի վերջո, կուրանա Քրիստոսին և կշարունակի ծառայել իրեն։ Բայց Քրիստոսի հավատարիմ վկան հաստատ է մնացել հավատի մեջ և պարսից թագավորի հրամանով գլխատվել է։

Ս. Սարգսին հավատարիմ 14 պարսիկ զորականներ ցանկացել են թաղել նրա մարմինը և այդ պատճառով թագավորի հրամանով նույնպես նահատակվել են։ Այդ ժամանակ պարսից թագավորին հայտնել են թշնամու հարձակման մասին, և նա զորքով շտապ հեռացել է, իսկ քրիստոնյաները տեղափոխել են նահատակների մարմինները և պատվով թաղել Համիան կոչված քաղաքում։ Ժամանակ անց Ս. Մեսրոպ Մաշտոցը Տիրոջ մեծ վկայի՝ Ս. Սարգիս զորավարի մասունքները փոխադրել է Հայաստան և ամփոփել Կարբի գյուղում ու վրան եկեղեցի կառուցել։

Նահատակվելուց առաջ Ս. Սարգիսն այսպես է աղոթել. «Ո՛վ Տեր, Քրիստոս Աստված իմ, նրանք, որ կհիշեն իմ անունն իրենց նեղության մեջ և կկատարեն իմ նահատակության հիշատակն ուխտով ու պատարագով, ինչ որ ուզեն Քեզանից, լսիր նրանց և շնորհիր նրանց խնդրանքը»։ Այդ ժամանակ երկնքից մի ձայն է լսվել. «Պիտի կատարեմ քո խնդրանքը և աղաչանքը, իսկ դու արի ու վայելիր քեզ համար պատրաստած բարիքները»։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]