Անունը՝ որպես գոյաբանական և աստվածաբանական խորհրդանիշ
16.10.2026
Սկիզբը՝ թիվ 1
Արարման և անկման լեզուն՝ ըստ որոշ անունների
ԱԴԱՄ — «ՄԱՐԴ», «ՀՈՂԵՂԵՆ»
«Եվ Տեր Աստված մարդ ստեղծեց երկրի հողից» (Ծննդ. Բ 7)։ «Ադամ» բառը կապվում է եբրայերեն «ադամա»՝ հող բառի հետ։ Մարդու անունը բացահայտում է նրա երկակի բնույթը՝ հողեղեն, բայց Աստծո շնչով կենդանացած։ Փիլիսոփայական մեկնաբանությամբ՝ Ադամ անունն անգամ հակադրություն է՝ փոշի և փառք, մահկանացու և հավիտենական կոչում ունեցող։
ԵՎԱ — «ԿՅԱՆՔ ՏՎՈՂ»
«Եվ մարդը կնոջը կոչեց Եվա, որովհետև նա բոլոր կենդանիների մայրն էր» (Ծննդ. Գ 20)։ Եվա նշանակում է «կյանք», «կյանք տվող»։ Այստեղ անունը կանխորոշում է առաքելությունը։ Թեպետ Եվան անկման մասնակից է, նա դառնում է փրկության խոստման կրողը. «....նրա սերմը կջախջախի քո գլուխը» (Ծննդ. Գ 15)։
ԿԱՅԵՆ — «ՍՏԱՑՎԱԾՔ», «ԱՐԴՅՈՒՆՔ»
«Եվ Եվան ասաց. մարդ ծնեցի Տիրոջով» (Ծննդ. Դ 1)։ Կայեն նշանակում է «ստացվածք», «արդյունք»։ Տիպաբանորեն սա մարդկային հպարտության առաջին լեզվական դրսևորումն է. Եվան իր ծննդաբերությունն ընկալում է որպես ձեռքբերում։ Սակայն նույն անունը դառնում է ողբերգության նշան. արդյունքը, որ ծնվեց հույսով, դարձավ եղբայրասպան։
ԱԲԵԼ — «ՇՈՒՆՉ», «ԱՆՑՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ», «ՈՒՆԱՅՆՈՒԹՅՈՒՆ», «ՍՈՒԳ»
Աբելի կարճ կյանքն ու մահը նրա անվան կատարյալ իրագործումն են։ «Նրա արյունը խոսում է» (Եբր. ԺԲ 24). անցողիկ անունը դառնում է հավիտենական վկայություն։
Խոստում և ուղի պարունակող անուններ
ՆՈՅ — «ՀԱՆԳԻՍՏ», «ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ»
«Սա մեզ կմխիթարի մեր գործերից» (Ծննդ. Ե 29)։ Նոյ նշանակում է «հանգիստ»։ Նա դառնում է հանգրվան դատաստանի և նոր արարման միջև։ Տապանը՝ որպես շարժական աշխարհ, Նոյի անվան նյութականացումն է։
ԱԲՐԱՄ/ԱԲՐԱՀԱՄ — «ԲԱՐՁՐ ՀԱՅՐ»/«ԲԱԶՄՈՒԹՅԱՆ ՀԱՅՐ»
Աբրամը դառնում է Աբրահամ (Ծննդ. ԺԶ 5)։ Անվան փոփոխությունն աստվածաբանական վճիռ է։ «Քո անունը այլևս Աբրամ չի լինի»։ Անունը փոխել նշանակում է ճակատագիր փոխել։
ԻՍԱՀԱԿ — «ԾԻԾԱՂ»
«Աստված ինձ ծիծաղ տվեց» (Ծննդ. ԻԱ 6)։ Ծիծաղը դառնում է խոստման իրականացում։ Անունը վկայում է անհավատությունից դեպի հավատ ճանապարհը։
Պայքար և իշխանություն ենթադրող անուններ
ՀԱԿՈԲ → ԻՍՐԱՅԵԼ — «ԱՍՏԾՈ ՀԵՏ ՊԱՅՔԱՐՈՂ»
«Դու մարդկանց հետ և Աստծո հետ պայքարեցիր և հաղթեցիր» (Ծննդ. ԼԲ 28)։ Իսրայել անունն Աստծո ժողովրդի ինքնության բանալին է՝ մշտական պայքար՝ աստվածային օրհնությամբ։
ՄՈՎՍԵՍ — «ՋՐԻՑ ՀԱՆՎԱԾ»
«Որովհետև ջրից հանեցի նրան» (Ելք Բ 10)։ Մովսես անունը նախանշում է նրա առաքելությունը՝ ժողովրդին դուրս հանել մեղքի և գերության ջրերից։
Աշխարհագրությունը խոսում է
Սուրբ Գրքում տեղանունները երբեք զուտ աշխարհագրական նշումներ չեն։ Դրանք գրեթե միշտ կրում են աստվածաբանական իմաստ՝ հաճախ դառնալով մի ամբողջ հոգևոր իրականության, պատմական շրջանի կամ մարդկային վիճակի խորհրդանիշ։ Ինչպես անձնանունը մեկ բառով բնութագրում է մարդուն, այնպես էլ տեղանունը մեկ բառով հատկորոշում է այն, ինչ այնտեղ տեղի է ունենում, կամ ինչպիսի հոգևոր մթնոլորտ է տիրում։ Այդ պատճառով Աստվածաշնչում տեղանունը հաճախ հանդես է գալիս որպես հոգևոր քարտեզ, որի միջոցով բացահայտվում է մարդու հարաբերությունն Աստծո հետ։ Շատ դեպքերում տեղանունը դառնում է պատմության մեկնաբանական բանալի՝ բացատրելով ոչ միայն «որտեղ»-ը, այլև հատկապես «ինչու»-ն։
Եդեմ — Աստծո ներկայության և մարդու սկզբնական կոչման վայրը
Եդեմ անունը նշանակում է «վայելչություն», «բերկրանք», «հաճույք»։ Սա արդեն ինքնին ցույց է տալիս, որ Եդեմը պարզապես պարտեզ չէր, այլ մարդու և Աստծո կենդանի հաղորդակցության տարածք։ «Եվ Տեր Աստված Եդեմում դրեց մարդուն» (Ծննդ. Բ 8) խոսքը ցույց է տալիս, որ մարդու կոչումն սկզբնապես կապված էր Աստծո ներկայության հետ։ Սակայն Եդեմը նաև դառնում է մարդու անկման վայրը, երբ նույն այդ բերկրանքի տեղը վերածվում է արտաքսման հիշողության. «Ուստի Տեր Աստված դուրս արեց նրան Եդեմի պարտեզից, որպեսզի մշակի հողը, որտեղից առնվել էր։ Եվ արտաքսեց Ադամին և Եդեմի պարտեզի դիմացը դրեց Քերովբեներին....» (Ծննդ. Գ 23—24)։ Այսպիսով՝ Եդեմը տիպաբանորեն նկարագրում է մարդու ազատ կամքի փորձությունը. նույն տեղը կարող է լինել թե՛ դրախտ, թե՛ կորուստ։ Եդեմը չի պարտադրում մեղք, այլ բացահայտում է մարդու ընտրությունը։
Բաբելոն — խառնակության և աստվածազուրկ միավորման խորհրդանիշ
Բաբելոն անունը Սուրբ Գրքում ստանում է խիստ տիպաբանական նշանակություն։ «Այնտեղ Տերը խառնեց մարդկանց լեզուները» (Ծննդ. ԺԱ 9), և հենց այդտեղից էլ բխում է անվան խորհրդանշական իմաստը՝ խառնակություն։ Սակայն Բաբելոնը պարզապես լեզվական խառնաշփոթ չէ։ Այն դառնում է մարդու փորձը՝ Աստծուց անկախ՝ բարձրանալու և ինքն իրեն աստվածացնելու։ Այդ պատճառով Հայտնության գրքում Բաբելոնը կրկին հայտնվում է որպես ամբողջ համակարգ՝ հակադրված Աստծո թագավորությանը (Հայտն. ԺԶ—ԺԷ)։ Այստեղ տեղանունը վերածվում է հոգևոր վիճակի անվան, որը կարող է կրկնվել ցանկացած ժամանակ և վայրում։
Եգիպտոս — գերության, բայց նաև ձևավորման վայրը
Եգիպտոսը Սուրբ Գրքում ներկայացվում է երկակի կերպով։ Մի կողմից այն ապաստան է սովի ժամանակ (Ծննդ. ԽԱ 57), մյուս կողմից՝ դաժան գերության վայր (Ելք Ա 13—14)։ «Եգիպտոսից դուրս բերեցի իմ որդուն» (Օսեե ԺԱ 1) խոսքը հետագայում տիպաբանորեն կիրառվում է Քրիստոսի դեպքում. «Նա այնտեղ մնաց մինչև Հերովդեսի վախճանը, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից մարգարեի միջոցով ասվածը. Եգիպտոսից իմ որդուն կանչեցի» (Մատթ. Բ 15, հմմտ. Օսեե ԺԱ 1)։ Այսպիսով՝ Եգիպտոսը դառնում է մարդու կյանքի այն փուլը, երբ նա կա՛մ կախվածության մեջ է ընկնում, կա՛մ պատրաստվում ազատությանը։ Տեղանունը չի դատապարտում, այլ բացահայտում է ճանապարհի մի հանգրվան։ Եգիպտոսը չի սահմանում վերջնական վիճակ, այլ անցումային փուլ է դեպի խոստում։
Սիոն և Երուսաղեմ — Աստծո բնակության և ժողովրդի ինքնության խորհրդանիշը
Սիոնը և Երուսաղեմը Աստվածաշնչում քաղաքից վեր են ածվում շատ ավելի մեծ իրականության։ «Սիոնից օրենք պիտի ելնի» (Ես. Բ 3) խոսքը ցույց է տալիս, որ սա Աստծո հայտնության կենտրոնն է։ Սակայն նույն Երուսաղեմն է, որ մերժում է մարգարեներին. «Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, որ կոտորում ես մարգարեներին, քարկոծում քեզ մոտ ուղարկվածներին....» (Մատթ. ԻԳ 37)։ Այս երկակիությունը կարևոր է. տեղանունը սուրբ է իր կոչմամբ, բայց կարող է դառնալ դատաստանի վայր՝ ժողովրդի ընտրության պատճառով։
Նոր Կտակարանում Սիոնը դառնում է երկնային իրականություն՝ «երկնային Երուսաղեմը» (Եբր. ԺԲ 22)։ Այսպիսով՝ տեղանունը զարգանում է պատմության ընթացքում՝ երկրայինից դեպի հավիտենական։
Անունը՝ որպես մարգարեական խոսք
Աստվածաշնչում անունը հաճախ ոչ միայն նկարագրություն է, այլև մարգարեական խոսք՝ ուղղված ապագային։ Երբ Աստված տալիս է անուն, Նա դրանով չի արձանագրում միայն ներկան, այլ նաև բացում է այն ուղին, որով անձը պիտի քայլի իր ողջ կյանքում։ Այդ պատճառով շատ անուններ իրենց ամբողջական իմաստով հասկանալի են դառնում միայն տվյալ անձի կյանքի ավարտին։ «Քանի որ Տերը ճանաչում է արդարների ճանապարհը» (Սաղմ. Ա 6). ճանապարհը նախ ճանաչվում է Աստծո կողմից, ապա՝ արտահայտվում անունով։ Անունը կարծես դառնում է նախնական դատավճիռ կամ օրհնություն, որ ուղեկցում է մարդուն։ Երբեմն այդ անունը կրում է նաև ներքին հակասություն, ինչպես մարդու ազատ կամքն ու աստվածային կանխատեսումը։ Աստված անուն է տալիս, բայց մարդն է որոշում՝ արդյոք կապրի՞ այդ անվանն արժանավայել։ Այդ պատճառով Սուրբ Գիրքը լի է անուններով, որոնք կա՛մ փառավորվեցին իրենց իմաստով, կա՛մ դատապարտվեցին՝ դրան հակառակ ապրելով։ Այսպիսով՝ անունը դառնում է մարդու և Աստծո երկխոսության առաջին բառը։
Ցավից և տառապանքից տրված անուններ
Կան աստվածաշնչյան անուններ, որոնք ծնվում են ոչ ուրախությունից, այլ խոր ցավից։ Այդ անունները կրում են պատմական և հոգևոր ողբերգության ամբողջ ծանրությունը։ Օրինակ՝ (Պ)Բեն Օնի անունը, որը Ռաքելը մահվան պահին տալիս է իր որդուն, նշանակում է «իմ ցավի որդի» (Ծննդ. ԼԵ 18)։ Թեպետ Հակոբը փոխում է անունը՝ Բենիամին՝ «աջ ձեռքի որդի», սակայն առաջին անունը վկայում է, որ մարդու սիրտը երբեմն անուն է տալիս արցունքի լեզվով։ Այսպիսի անունները ցույց են տալիս, որ Աստվածաշնչում չի թաքցվում մարդկային տառապանքը։ Անունը դառնում է պատմական վկայություն տվյալ պահի հոգեվիճակի մասին։ Սակայն նույնիսկ ցավից ծնված անունները կարող են դառնալ փրկության ուղի, որովհետև Աստված «ցավը փոխում է ուրախության» (Սաղմ. Լ 5)։ Այս անունները մեզ սովորեցնում են, որ Աստված ներգրավված է նաև մարդու վշտի մեջ. նույնիսկ ողբը դառնում է փրկագործական պատմության մաս։
Անուններ, որ տրվեցին աստվածային դատաստանով
Որոշ անուններ Աստվածաշնչում բացահայտորեն կրում են դատաստանի իմաստ։ Դրանք հիշեցումներ են այն մասին, որ Աստված ոչ միայն ողորմած է, այլ նաև արդար։ Օրինակ՝ Իքաբովդ անունը նշանակում է «Իսրայելից փառքը վերացավ» (Ա Թագ. Դ 21)։ Այս անունը տրվում է այն պահին, երբ Ուխտի տապանակը վերցվում է Իսրայելից, և Աստծո փառքը կարծես հեռանում է ժողովրդից։ Այստեղ անունը դառնում է աստվածաբանական ախտորոշում։ Այն ոչ միայն նկարագրում է իրավիճակը, այլև հռչակում է հոգևոր իրականությունը։ Անունը հանդես է գալիս որպես կենդանի քարոզ։ Այսպիսի անունները դառնում են պատմության մեջ սառեցված նախազգուշացում։ Դրանք հիշեցնում են, որ Աստծո ներկայությունը պայմանավորված է հավատարմությամբ։ Երբ ժողովուրդը դավաճանում է կոչմանը, անունն է բարձրաձայնում այդ դատավճիռը։ Այսպիսով՝ անունը դառնում է ոչ միայն անձնական, այլև ազգային խղճի ձայն։
Անուններ և փոխադրումներ — նոր ինքնություն
Աստվածաշնչում անվան փոփոխությունը երբեք ձևական չէ։ Այն միշտ նշան է ներքին վերափոխման։ Երբ Աստված փոխում է մարդու անունը, Նա դրանով հաստատում է նոր ինքնություն։ «Եթե մեկը Քրիստոսով է, նոր արարած է» (Բ Կորնթ. Ե 17). այս գաղափարը նախապես արտահայտվել է անվան փոփոխության մեջ։ Անվան փոփոխությունը հին մարդու մահն է և նոր մարդու ծնունդը։ Այդ պատճառով Հին Կտակարանում միայն որոշ ընտրյալների անուններն են փոխվում։ Սա ցույց է տալիս, որ ոչ բոլորն են պատրաստ նոր ինքնություն կրելու։ Անունը փոխել նշանակում է պատասխանատվություն վերցնել նոր կոչման համար։ Այդ պատճառով Աստված չի շտապում անուն փոխել։ Երբ դա տեղի է ունենում, արդեն անդառնալի ընթացք է։ Անունը դառնում է նոր կյանքի կնիք։
Անուններ և ժամանակ — հիշողության աստվածաբանություն
Աստվածաշնչյան անունները նաև հիշողության կրողներ են։ Դրանք պահպանում են անցյալը ներկայի մեջ։ Անունը հիշեցման գործիք է. «Հիշե՛ք ձեր առաջնորդներին» (Եբր. ԺԳ 7)։ Երբ ժողովուրդը կրկնում է անունը, նա կրկնում է պատմությունը։ Այդ պատճառով սերունդները կրում են նախնիների անունները։ Անունը դառնում է կամուրջ ժամանակների միջև։ Այն թույլ է տալիս, որ մեկ մարդու հավատքը խոսի դարեր անց։ Այս տեսանկյունից անուններն ունեն սրբագործող դեր։ Դրանք կենդանի են պահում հիշողությունը։ Մոռացված անունը մոռացված վկայություն է։ Այդ պատճառով Սուրբ Գիրքը խնամքով պահպանում է անունների տոհմագրությունները։ Դրանք ոչ թե ավելորդ մանրամասներ են, այլ փրկության պատմության քարտեզ։
Տեղանունը՝ որպես աստվածային ներկայության վկայություն
Տեղանուններն Աստվածաշնչում հաճախ կապված են Աստծո հայտնության հետ։ Վայրը դառնում է սրբազան ոչ թե իր աշխարհագրությամբ, այլ այնտեղ տեղի ունեցած աստվածային միջամտությամբ։ «Այս վայրը սուրբ է» (Ելք Գ 5). վայրը սրբանում է հանդիպումից, տեղանունը դառնում է հիշեցում այդ հանդիպման մասին։ Այդ պատճառով նույն վայրը կարող է դառնալ ուխտի նշան սերունդների համար։ Տեղանունը կրում է հայտնության հիշողությունը։ Երբ հավատացյալը կրկնում է այդ անունը, նա մտնում է նույն հոգևոր տարածքը։ Այսպիսով՝ տեղանունը դառնում է աստվածաբանական կատեգորիա։ Այն վկայում է, որ Աստված գործում է որոշակի պատմության մեջ։ Սրբազան աշխարհագրությունը ձևավորվում է անվան միջոցով։
Անունը և կոչման սահմանը եկեղեցու մեջ
Եկեղեցին աստվածաշնչյան անունների կենդանի շարունակությունն է պատմության մեջ։ Այն պարզապես չի հիշում անունները, այլ ապրում է դրանցով։ Երբ մարդը մկրտվում է, նա ստանում է անուն՝ ոչ միայն որպես տարբերակիչ նշան, այլև հոգևոր կոչում։ «Դուք այլևս օտարներ չեք, այլ Աստծո տան անդամներ» (Եփես. Բ 19). անունը հաստատում է պատկանելությունը։ Եկեղեցում անունը դառնում է աղոթքի առարկա։ Սուրբ Պատարագում հիշատակվող անունները մուտք են գործում երկնային գրանցման մատյան։ Այդ պատճառով Հայ Եկեղեցին խստորեն պահպանել է սրբերի անունների ավանդույթը։ Անունը դառնում է բարեխոսության կապ։ Երբ մարդը կրում է սրբի անուն, նա կոչված է նմանվելու այդ սրբի հավատքին։ Այսպես անունը դառնում է ոչ միայն անձնական, այլև եկեղեցական պատասխանատվություն։
Հայ եկեղեցական անունների աստվածաշնչյան արմատները
Հայ Առաքելական Եկեղեցին իր անունների մեծ մասը ժառանգել է Սուրբ Գրքից։ Դրանք երբեք պարզապես ազգային կամ մշակութային ընտրություն չեն եղել։ Օրինակ՝ Հովհաննես անունը կրում է «Աստծո շնորհ» նշանակությունը, և պատահական չէ, որ այն լայնորեն տարածված է հայերի մեջ։ Սա խոսում է մեր հավատքի մեջ շնորհի աստվածաբանության խոր արմատավորման մասին։ Գրիգոր անունը նշանակում է «արթուն, զգոն», և հայ եկեղեցական կյանքում այն կապված է հոգևոր արթնության հետ։ Ներսես նշանակում է «Աստծուց ծնված» կամ «աստվածային ծագում ունեցող», ինչն արտահայտում է Եկեղեցու հայրերի աստվածընկալումը։ Վարդան անունը թեև ուղղակիորեն աստվածաշնչյան չէ, բայց միաձուլվում է սրբության և վկայության գաղափարին։ Այս անունները դառնում են հավատքի լեզու։ Դրանք ցույց են տալիս, որ հայ ժողովրդի ինքնությունը կառուցվել է աստվածաշնչյան անվանաբանության վրա։
Անունը և վկայությունը. Նահատակության ոգին
Հայ Եկեղեցու նահատակների անուններն աստվածաշնչյան տիպաբանության կենդանի շարունակությունն են։ Նահատակությունն ինքնին անվան ամբողջական իրագործումն է։ «Եղիր հավատարիմ մինչև մահ» (Հայտն. Բ 10). անունը դառնում է կյանքի վերջնական խոստովանություն։ Վարդանանց անունները չեն ընկալվում պարզապես որպես պատմական հիշատակ. դրանք ապրում են որպես կենդանի վկայություն։ Նահատակների անունները հիշատակվում են ոչ թե որպես կորուստ, այլ որպես հաղթություն։ Այդ պատճառով Հայ Եկեղեցին պահպանում է նահատակների անունները սրբության բարձրագույն աստիճանում։ Անունը դառնում է խաչի նշան։ Այդ անունները հնչում են որպես քարոզ։ Դրանք ասում են, որ հավատքը գաղափար չէ, այլ կյանքի արժեք ունեցող ճշմարտություն։ Այսպես՝ հայ նահատակների անունները միանում են աստվածաշնչյան արդարների շարքին։
Անուն դնելը աստվածաշնչյան մտածողություն է
Այս ամբողջ ճանապարհը մեզ բերում է մի եզրակացության. անունն Աստվածաշնչում երբեք պատահական չէ։ Այն էության խտացում է մեկ բառի մեջ։ Անուն դնել նշանակում է պատասխանատվություն վերցնել ապագայի համար։ Այդ պատճառով քրիստոնյան չի կարող անիմաստ անուն դնել։ Ամեն անուն պետք է աղոթքով տրվի, որովհետև անունը կա՛մ օրհնություն կլինի, կա՛մ դատաստան։ Իսկ բոլոր անունների վրա կա մեկ Անուն, որ լուսավորում է մյուսներին։ Այդ Անունը ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ է՝ անունների Անունը, Հացի տանը ծնված Կյանքի հացը։ Եվ Եկեղեցին կոչված է մշտապես կրկնելու այդ Անունը մինչև աշխարհի վախճանը։
Հովհաննես սրկ. ԷՎԻՆՅԱՆ
Դիանա ՔՈՉԱՐՅԱՆ