Անունը՝ որպես գոյաբանական և աստվածաբանական խորհրդանիշ
07.10.2026
Անունը մարդու առաջին խոսքն է աշխարհի հետ և աշխարհի առաջին պատասխանն է մարդուն։ Մինչ մարդը կխոսի, նրան արդեն կոչում են, և այդ կոչումով նա մտնում է գոյության տարածք։ Անուն դնելը երբեք պարզապես տարբերակման կամ անհրաժեշտության գործողություն չէ. այն էության ճանաչում է, ինքնության սահմանում և գոյաբանական դիրքավորում։ Փիլիսոփայորեն անունը նշան չէ միայն, այլև իմաստ կրող, քանի որ միավորում է խոսքն ու էությունը մեկ հնչյունի մեջ։ Այն, ինչ անուն չունի, մնում է անորոշ, անավարտ և չճանաչված։ Այդ պատճառով մարդը, անուն ստանալով, դառնում է ճանաչելի, հիշելի և կոչելի։
Աստվածաբանական տեսանկյունից անունը կոչում է, որովհետև Աստված Ինքն է բացահայտվում անունով։ «Ես այն եմ, ՈՐ ԵՄ» (Ելք Գ 14) խոսքը նշանակում է, որ Աստծո անունը նույնական է Նրա լինելությանը։ Երբ Աստված անուն է տալիս մարդուն կամ վայրին, Նա այդպիսով հաղորդում է առաքելություն, սահմանում է տեղը փրկագործական պատմության մեջ։ Սուրբ Գրքում անունը հաճախ նախորդում է գործին և երբեմն նույնիսկ կանխորոշում է այն։ Այդ պատճառով անունը դառնում է մարգարեական խոսք՝ մեկ բառով։
Մարդկային հասարակություններում անուն դնելը խորապես կապված է հիշողության և պատկանելության հետ։ Անունը կապում է անհատին ընտանիքի, ազգի և պատմության հետ։ Սակայն Սուրբ Գրքում այդ կապն ավելի խորն է. անունը կապում է մարդուն Աստծո կամքի հետ։ Անունը կարող է լինել օրհնություն, բայց կարող է դառնալ նաև դատաստան, եթե մարդը հրաժարվի իր կոչումից։ Այս երկակի հնարավորությունն է, որ անվանը տալիս է բարոյական և հոգևոր ծանրություն։
Ինքս ունեմ համոզմունք, որ ժամանակակից մարդը հաճախ մոռացել է անվան խորքը։ Անունները դարձել են հնչյուններ՝ զրկված իրենց ներքին բովանդակությունից։ Սակայն աստվածաշնչյան մտածողության մեջ անունը երբեք անիմաստ չէ։ Այն միշտ խոսում է՝ երբեմն լուռ, երբեմն բարձրաձայն։ Մեր հոդվածի նպատակն է այդ խոսքը նորից լսելի դարձնել, ցույց տալ, թե ինչպես են աստվածաշնչյան անձնանուններն ու տեղանունները բացահայտում մարդկային ճակատագրեր, պատմական ուղիներ և աստվածային ծրագրեր, և վերջապես հասկանալ, որ անուն դնելը ստեղծագործական արարք է, որը մարդուն դարձնում է Աստծո խոսքի համաշխատակից աշխարհում։
Անունը՝ էության բանալի
Անունը, այո՛, էության գաղափարանիշ է։ Առհասարակ, աստվածաշնչյան կերպարների օրինակով կարելի է հասկանալ, որ նրանց ամբողջ կյանքը սահմանված և խոսուն է հենց իրենց անունների նշանակության մեջ. անվան մեջ ամփոփված է անվանակրի ամբողջ կյանքը, որով հասկանալի է նրա առաքելությունը։ Այս ամենով հանդերձ՝ դա չի նշանակում, թե անունն անբեկանելիորեն սահմանափակում է անվանակրին և որոշում նրա ամբողջ կյանքի ընթացքը։ Անհրաժեշտ է հստակ ընդգծել, որ անվան այս խորքային նշանակությունը չի ենթադրում անվանակրի կյանքի անբեկանելի կանխորոշում, անունն Աստվածաշնչում երբեք չի վերացնում մարդու ազատ կամքը, չի դառնում ճակատագրական շղթա, որից հնարավոր չէ դուրս գալ։ Շատ դեպքերում Հին Կտակարանում հանդիպող անունները կարող են չխորհրդանշել որոշակի պատմական անհատի, այլ ներկայացնել մարդկային մի ամբողջ տեսակ կամ հոգևոր վիճակ։ Այդպիսի անունները հանդես են գալիս տիպաբանական կերպով՝ որպես մարդկային վարքագծի, հոգեվիճակի կամ աստվածային—մարդկային հարաբերության հավաքական պատկեր։ Ամենահստակ օրինակն Ադամ անունն է։ «Ադամ» բառը եբրայերենում նշանակում է «մարդ», և հայրաբանական շատ մեկնություններում Ադամը հանդես է գալիս որպես ամբողջ մարդկության հավաքական կերպար։ Պողոս առաքյալն էլ է այդպես հիշատակում նրան. «....ինչպես Ադամով բոլորն են մեռնում, այնպես էլ Քրիստոսով բոլորը կենդանանալու են» (Ա Կորնթ. ԺԵ 22)։ Այստեղ Ադամը ոչ միայն պատմական անձ է, այլև մարդկային անկյալ բնության տիպաբանական անուն։ Նույն կերպ «Իսրայել» անունը հաճախ վերաբերում է ոչ թե իրական Հակոբին, այլ ամբողջ ժողովրդին՝ իր հավատարմությամբ կամ անհավատությամբ։ Ժողովուրդը կոչված էր լինելու սուրբ ազգ և քահանայական թագավորություն, եթե հավատարիմ մնար Տիրոջ ձայնին. «Հիմա եթե իսկապես լսեք իմ ձայնը և պահեք իմ ուխտը, այն ժամանակ դուք ինձ համար կլինեք սեփական ժողովուրդ բոլոր ազգերից, որովհետև իմն է ամբողջ երկիրը։ Դուք ինձ համար կլինեք քահանաների թագավորություն և սուրբ ազգ։ Սրանք են այն խոսքերը, որ պետք է ասես Իսրայելին» (Ելք ԺԹ 5—6)։ Սակայն Աստվածաշունչը նույն անունով նկարագրում է նաև ժողովրդի անհավատությունն ու Աստծուց հեռանալը. «Իսրայելի որդիները չար գործեցին Տիրոջ աչքի առաջ» (Դատ. Բ 11—12)։ Մարգարեները «Իսրայել» անունով դիմում են մի ժողովրդի, որն արտաքնապես Աստծո ժողովուրդն է, բայց ներքուստ չի ճանաչում Նրան և ընկած է մեղքի մեջ. «Եզը ճանաչում է իր տիրոջը, և էշը՝ իր տիրոջ մսուրը, բայց Իսրայելը ճանաչողություն չունի, և իմ ժողովուրդը իմացություն չունի։ Վա՜յ մեղավոր ազգին. անօրենությա՛մբ բեռնավորված ժողովուրդ, չարագործների՛ սերունդ, ապականվա՛ծ զավակներ։ Նրանք լքեցին Տիրոջը, անարգեցին Իսրայելի Սրբին» (Ես. Ա 3—4)։ Նոր Կտակարանում այս միտքն ավելի է խորանում, երբ Պողոս առաքյալն ասում է, որ ոչ բոլորն են Իսրայել, որ Իսրայելից են՝ այդպիսով տարբերելով մարմնավոր և հոգևոր Իսրայելը. «Բայց ոչ իբրև թե Աստծու խոսքը ձախողվել է. որովհետև ոչ բոլորը, ովքեր Իսրայելից են, Իսրայել են....» (Հռոմ. Թ 6)։ Այս ամենը ցույց է տալիս, որ «Իսրայել» անունն Աստվածաշնչում ոչ միայն ազգի կամ անձի անվանում է, այլև հոգևոր կարգ, որը կարող է արտահայտել թե՛ հավատարմություն Աստծուն, թե՛ անհավատություն՝ կախված ժողովրդի իրական հոգևոր վիճակից։ Այս դեպքերում անունը բնութագրում է հոգևոր վիճակ, ոչ թե անհատի կենսագրություն։
Կան նաև դեպքեր, երբ Աստված Ինքն է հրեշտակի կամ մարգարեի միջոցով անվանադրում հատուկ ընտրված անձանց, որոնց առաքելությունը համապատասխանում է տրված անվան նշանակությանը։ Այդ անունները դառնում են կոչում և ծառայության ձևակերպում, սակայն նույնիսկ այստեղ անձը մնում է պատասխանատու իր հավատարմության համար։ Ամենահայտնի օրինակը Հովհաննես Մկրտիչն է։ Հրեշտակն ասում է Զաքարիային. «Նրա անունը Հովհաննես կդնես» (Ղուկ. Ա 13), իսկ Հովհաննես նշանակում է «Տիրոջ շնորհ», «Աստված ողորմած է»։ Նրա ողջ ծառայությունը հենց շնորհի, ողորմածության և ապաշխարության քարոզն էր։ Նույնը վերաբերում է Հիսուս անվանը. «Նրա անունը Հիսուս կկոչես, որովհետև նա կփրկի իր ժողովրդին մեղքերից» (Մատթ. Ա 21)։ Այստեղ անունը բացահայտորեն սահմանում է առաքելությունը, բայց նույնիսկ այստեղ անձն ազատ կամքով ընդունում է խաչի ճանապարհը. «Հա՛յր իմ, եթե հնարավոր է, թող այս բաժակն ինձանից հեռու անցնի. բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու» (Մատթ. ԻԶ 39)։
Անունը կոչում է, բայց չի ստիպում։ Որպես այդպիսին՝ նման անունները Աստծուց տրված առաքելության սահմանումներ են անվանակիրների համար։ Պետք է նշել նաև, որ միշտ չէ, երբ անվան նշանակությամբ առաքելության կանչված կամ կոչման հրավիրված անձինք հասցնում են այդ առաքելությունն ու կոչումն իրենց նշանակետին։ Աստվածաշունչը բացեիբաց ցույց է տալիս դեպքեր, երբ անձի կյանքը հակասում է իր անվան իմաստին։ Օրինակ՝ Սողոմոն անունը կապված է «խաղաղության» գաղափարի հետ, սակայն նրա կյանքի վերջում մենք տեսնում ենք բաժանում, կռապաշտություն և թագավորության ճեղքում. «Եվ Տերն ասաց Սողոմոնին. .....դու չպահեցիր իմ ուխտը և քեզ հրամայած իմ կանոնները, ես, անշուշտ, քեզնից պիտի խլեմ թագավորությունը և այն պիտի տամ քո ծառային» (Գ Թագ. ԺԱ 1—11)։ Սա ցույց է տալիս, որ անունը կարող է լինել կոչում, բայց ոչ պարտադրված իրականություն։ Նույնը վերաբերում է Սավուղ թագավորին, որի անունը նշանակում է «խնդրված», «ցանկալի», սակայն նրա անհնազանդությունը հանգեցնում է Տիրոջ մերժմանը. «....և որովհետև դու Տիրոջ խոսքը մերժեցիր, նա էլ քեզ մերժեց, որ դու թագավոր չլինես» (Ա Թագ. ԺԵ 23)։ Այս օրինակները հաստատում են, որ անունը չի գործում ինքնաբերաբար, մեքենայորեն։ Մարդը կարող է ապրել իր անվան խորքից դուրս։ Մնացյալ դեպքերում, ինչպես հին ժամանակներում, այնպես էլ մինչ օրս, մարդու անունը և նրա նշանակությունը կարող են չարտահայտել ամբողջ կյանքի իմաստն ու գործունեությունը, բայց միևնույն ժամանակ գրեթե անխուսափելիորեն թողնում են ազդեցություն կյանքի որոշ դրվագներում։ Այդ ազդեցությունը երբեմն կապված է անվան բառային նշանակության հետ, երբեմն՝ այն կերպարի, որի պատվին տրվել է անունը։ Այսպես՝ անունը դառնում է ոչ թե ճակատագիր, այլ մշտական երկխոսություն մարդու, իր հիշողության և իր ընտրությունների միջև։
Շատ դեպքերում անունը չի բնութագրում ամբողջ կյանքը, բայց ազդեցություն է թողնում որոշ վճռորոշ պահերի։ Օրինակ՝ Պետրոս՝ «Վեմ» անունը տրվում է նրան որպես խոստում՝ «այս վեմի վրա կշինեմ իմ Եկեղեցին» (Մատթ. ԺԶ 18), սակայն Պետրոսը նույն այդ անունով նաև ուրանում է Քրիստոսին. «....Նա բոլորի առաջ ուրացավ ասաց. Չգիտեմ, թե ի՛նչ ես խոսում....» (Մատթ. ԻԶ 69—75)։ Անվան իմաստը լիովին իրագործվում է ոչ թե անմիջապես, այլ հարությունից հետո, երբ Պետրոսը դառնում է Եկեղեցու վկայության սյուն։
Սա ցույց է տալիս, որ անունը կարող է լինել ուղենիշ, որը կյանքի ընթացքում աստիճանաբար բացահայտվում է։ Աստվածաշնչյան և հետագա կրոնական ավանդության մեջ հաճախ մարդը կոչվում է մեկ այլ կերպարի պատվին։ Այդ դեպքում անունն սկսում է գործել որպես հիշողության և օրինակելի կերպարի մշտական ներկայություն։ Օրինակ՝ բազմաթիվ Հովհաննեսներ արդեն ապրում են Հովհաննես Մկրտչի և ավետարանչի կերպարի ազդեցության ներքո։ Նույն տրամաբանությամբ՝ Տիմոթեոսը հիշեցնում է իր «մաքուր հավատքի» ժառանգության մասին, որը փոխանցվել է ընտանիքի միջոցով. «Մտաբերում եմ այն անկեղծ հավատը, որ քո մեջ է, որ սկզբում կար քո Լոիդա տատի ու քո Եվնիկե մոր մեջ. համոզված եմ, որ այն նաև քեզանում է» (Բ Տիմ. Ա 5)։ Այստեղ անունը դառնում է ավանդություն կրող, ոչ պարտադրող օրենք։
Այսպիսով՝ պետք է արձանագրենք, որ Սուրբ Գիրքն անունը չի դիտարկում որպես կամայական հնչյունների համադրություն։ Անունն Աստվածաշնչում էության սահմանում է, կոչում է, հայտնություն է և երբեմն՝ դատավճիռ։ «Եվ Աստված կոչեց լույսը՝ օր, և խավարը՝ գիշեր» (Ծննդ. Ա 5). դեռևս արարչագործության առաջին էջերում տեսնում ենք, որ անուն դնելը իշխանություն է, գոյությանն իմաստ հաղորդելն է։ Երբ Ադամը անուն տվեց կենդանիներին՝ «....ինչ անուն որ տվեց մարդը ամեն կենդանի հոգու, այդ էր նրա անունը» (Ծննդ. Բ 19), անունը դարձավ նրանց բնույթի արտահայտություն։
Այս տրամաբանությամբ՝ աստվածաշնչյան անձնանուններն ու տեղանունները ոչ թե պատահական են, այլ խորապես նախանշում են տվյալ անձի կամ վայրի դերը փրկագործական պատմության մեջ։
Սուրբ Ծնունդ և անունների լրացումը Քրիստոսով
ԲԵԹՂԵՀԵՄ — «Հացի տուն» և փրկության կենտրոն
Բեթղեհեմ անունը բառացիորեն նշանակում է «հացի տուն»։ Սա ոչ թե աշխարհագրական պատահական անուն է, այլ մեսիական խոր նշանակություն ունեցող տեղանուն։ «Դու, Բեթղեհեմ Եփրաթա…. քեզանից պիտի ելնի Իսրայելի իշխանը» (Միքիա Ե 2) մարգարեությունը բացահայտորեն կապում է այս փոքր քաղաքը համաշխարհային փրկության հետ։ Այնտեղ ծնվում է Հիսուս Քրիստոսը (Ղուկ. Բ 4—7), Որը հետագայում ասում է. «Ես եմ կյանքի հացը» (Հովհ. Զ 35)։ Այսպիսով՝ Հացը ծնվում է Հացի տանը։ Տեղանունը դառնում է աստվածային տնտեսության լեզու։
Եկեղեցին՝ որպես նոր Բեթղեհեմ
Եկեղեցին կոչված է լինելու այն, ինչ Բեթղեհեմն էր Սուրբ Ծննդյան գիշերը։ Այն պետք է լինի «հացի տուն»՝ ոչ նյութական, այլ երկնային հացի։ «Ես եմ կյանքի հացը» (Հովհ. Զ 35). այս խոսքն իրականանում է Սուրբ Պատարագում։ Երբ հավատացյալը մտնում է եկեղեցի, նա մուտք է գործում Բեթղեհեմի խորհուրդ։ Այստեղ Քրիստոսը չի ծնվում միայն պատմական հիշողությամբ, այլ ներկայությամբ, և Եկեղեցին անընդհատ կենդանի է պահում այդ Ծնունդը։ Սուրբ Սեղանը դառնում է մսուր, հացն ու գինին՝ մարմին և արյուն։ Այսպիսով՝ Բեթղեհեմը դառնում է համընդհանուր իրականություն։ Ամեն եկեղեցի, որտեղ մատուցվում է Պատարագ, դառնում է հացի տուն աշխարհի համար։
Սուրբ Ծնունդը՝ որպես անունների վերջնական հայտնություն
Սուրբ Ծնունդն այն պահն է, երբ Աստված բացահայտում է Իր Անունը մարմնով։ «Եվ նրան Էմմանուել կկոչեն» (Մատթ. Ա 23). այս անունը նշանակում է «Աստված մեզ հետ է»։ Այստեղ անունն այլևս բացատրության կարիք չունի։ Այն դառնում է ներկայություն։ Քրիստոսի ծնունդը ցույց է տալիս, որ Աստված խոսում է մարդու լեզվով՝ անունով։ Այդ անունը դառնում է փրկության կենտրոնը։ Սուրբ Ծննդյան տոնը հիշեցնում է, որ աշխարհը փրկվեց ո՛չ գաղափարով, այլ Անունով։ Այդ Անունը տրվեց մարդկությանը՝ որպես վերջին խոսք։ Եվ մինչ աշխարհի վախճանը Եկեղեցին պիտի շարունակի հնչեցնել այդ Անունը. «Ով Տիրոջ անունը կանչի, կփրկվի» (Հռոմ. Ժ 13)։
Եկեղեցին՝ որպես «հացի տան»՝ Բեթղեհեմի էութենական շարունակություն
Քրիստոսի ծնունդով Բեթղեհեմի խորհուրդը չի ավարտվում, այլ փոխանցվում է Եկեղեցուն։ Եկեղեցին դառնում է այն վայրը, որտեղ շարունակաբար բաժանվում է կյանքի հացը՝ Սուրբ Հաղորդությունը։ «Այս հացը, որ ես կտամ, իմ մարմինն է աշխարհի կյանքի համար» (Հովհ. Զ 51) խոսքը Եկեղեցին դարձնում է մշտական Բեթղեհեմ։ Այս պատճառով քրիստոնեական Եկեղեցիները՝ այդ թվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, իրենց էությամբ «հացի տներ» են՝ ոչ նյութական, այլ հոգևոր իմաստով։ Սուրբ Ծննդյան տոնը հենց այս ճշմարտության տոնական բացահայտումն է. Աստված մտնում է պատմություն՝ որպես կերակուր, կյանք և փրկություն։
Աստվածաշնչյան տեղանունները, ինչպես անձնանունները, չեն սահմանափակում պատմությունը, այլ բացահայտում են դրա խորքային իմաստը։ Դրանք չեն պարտադրում ճակատագիր, բայց մշտապես վկայում են ընտրության, կոչման և պատասխանատվության մասին։ Տեղը դառնում է սուրբ կամ դատապարտելի ոչ իր անվան պատճառով, այլ այն բանի, թե ինչ է կատարվում այնտեղ Աստծո ներկայության հանդեպ մարդու վերաբերմունքով։ Եվ այսպիսով՝ ամբողջ Սուրբ Գիրքը խոսում է նույն ճշմարտության մասին. անունը՝ թե՛ անձի, թե՛ վայրի, Աստծո խոսքն է մարդու պատմության մեջ։ Աստվածաշնչում անունը ճակատագիր է, մարգարեություն և դատաստան։ Այդ պատճառով անուն դնելը երբեք չի կարող լինել անիմաստ։ Մեկ բառով մարդուն կամ վայրը բնութագրել նշանակում է հաղորդակցվել Աստծո ստեղծագործական լեզվով, և այդ լեզվի գագաթը մի Անուն է, «Որ ամեն անունից վեր է» (Փիլ. Բ 9)՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ։
Սուրբ Ծնունդն այն պահն է, երբ բոլոր անունները գտնում են իրենց վերջնական իմաստը. «Բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ» (Հովհ. Ա 14)։ Այստեղ անունը և էությունը միաձուլվում են։ Հիսուսի ծնունդը Բեթղեհեմում ցույց է տալիս, որ Աստված գիտակցաբար ընտրում է անունների լեզուն։ Հացի տանը ծնվածը դառնում է Կյանքի Հացը։ Այս պահից հետո Եկեղեցին կոչված է լինելու նույն Բեթղեհեմը՝ հացի տուն մարդկության համար։ Սուրբ Պատարագը դառնում է շարունակվող Ծնունդ։ Քրիստոսը մշտապես ծնվում է այնտեղ, որտեղ Նրա անունը ճշմարտապես ընդունվում է։ Այսպիսով՝ Սուրբ Ծնունդը դառնում է անունների աստվածաբանական գագաթնակետը։ Այստեղ անունն այլևս միայն նշանակություն չէ, այլև կենդանի ներկայություն։
Շարունակելի
Հովհաննես սրկ. ԷՎԻՆՅԱՆ
Դիանա ՔՈՉԱՐՅԱՆ