Տյառնընդառաջի կրակը՝ իբրև Հովհաննու Ավետարանի լույս

Տյառնընդառաջի կրակը՝ իբրև Հովհաննու Ավետարանի լույս 19.10.2026

Տյառնընդառաջը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում այն եզակի տոներից է, որտեղ սուրբ պատմությունը, աստվածաբանական խորհրդաբանությունը, ազգային հիշողությունն ու ժողովրդական ընկալումները հատվում են ոչ որպես իրար հակադիր շերտեր, այլ որպես մեկ ամբողջական հոգևոր փորձառության տարբեր արտահայտություններ։ Այս տոնը չի սահմանափակվում միայն պատմական հիշատակությամբ կամ ծիսական արարողությամբ. այն կենդանի խոսք է Եկեղեցու, պատմության և մարդու սրտի միջև։ Տյառնընդառաջը ոչ միայն անցյալի հիշողություն է, այլև ներկայի կոչ՝ ուղղված յուրաքանչյուր հավատացյալի, որպեսզի նա իր կյանքի խավարի մեջ ճանաչի Լույսը և համարձակվի ընդառաջ գնալ Նրան։

Միաժամանակ Տյառնընդառաջի տոնը Հայ Եկեղեցու տոնացույցում պատկանում է այն խորախորհուրդ տոներին, որոնց շուրջ դարերի ընթացքում կուտակվել են թե՛ աստվածաբանական մեկնություններ, թե՛ ժողովրդական պատկերացումներ, և երբեմն՝ նաև թյուրիմացություններ։ Տոնի արտաքին, առավել տեսանելի կողմը՝ կրակը, հաճախ դարձել է մեկնաբանությունների առանցք, երբեմն անգամ այնպիսի ընկալումների հիմք, որոնք փորձում են տոնը կապել հեթանոսական կամ կրակապաշտական ավանդույթների հետ։ Սակայն նման մոտեցումները, զրկված լինելով աստվածաբանական և եկեղեցական խորքային քննությունից, մթագնում են տոնի իրական բովանդակությունը։

Բոլորիս առաջնահերթ պետք է Տյառնընդառաջի խորքային բովանդակությունը բացել ոչ թե մակերեսային ավանդույթների, այլ ավետարանական Լույսի դիտանկյունից՝ հատկապես Հովհաննու Ավետարանի առաջին գլխում զետեղված Լույսի քրիստոլոգիական ընկալման լույսի ներքո։ Ուստի, այստեղ Տյառնընդառաջի կրակը չի դիտարկվում որպես ինքնանպատակ կամ նախաքրիստոնեական մնացուկ, այլ որպես լուսաբանող նշան՝ ուղղված դեպի ճշմարիտ Լույսը, «որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալիս» (Հովհ. Ա 9)։

Այս տրամաբանությամբ՝ Տյառնընդառաջը կենսատու և քրիստոնեական մի տոն է, որն իր բովանդակային ամբողջականությամբ ընկալելու համար պետք է դիտարկվի միաժամանակ պատմական, տիպաբանական, այլաբանական և հոգևոր-գոյաբանական հարթություններում։

Առավել մեծ կարևորություն են պահանջում տոնի ծագումնաբանությունը, անվանումների իմաստային խորքը, ժողովրդական ավանդույթների ձևավորումը գիտակից քննարկելն ու սերտելը, ինչպես նաև հեթանոսության հետ դրանց հարաբերությունը հասկանալը՝ տեսնելու համար ոչ թե ժառանգական կապ, այլ հաղթահարման և հաղթանակի տրամաբանություն։ Իրականության մեջ Տյառնընդառաջի կրակը ներկայացվում է ոչ որպես պաշտամունքի առարկա, այլ որպես հաղթահարված խավարի նշան, ինչպես որ Եկեղեցու պատմության մեջ Քրիստոսի Լույսի գերիշխանության մասին են վկայում հեթանոսական սրբավայրերի տեղում կանգնեցված քրիստոնեական սրբարանները։ Ուստի, մենք՝ որպես քրիստոնյա Եկեղեցու զավակներ, պետք է տեղյակ լինենք մեր Սուրբ Եկեղեցում տոնախմբվող օրերի բովանդակային պատկերից։ Վերոնշյալ տոնի պարագայում մեր վերլուծական միտքը հատկապես պետք է հուշի, որ անկախ բոլոր ոչքրիստոնեական մեկնաբանություններից՝ Տյառնընդառաջի կրակը ոչ թե ինքնանպատակ տարր է, այլ խորհրդանիշ՝ ուղղված դեպի ավետարանական Լույսը, որ Քրիստոս է, ինչպես վկայում է Հովհաննու Ավետարանի առաջին գլուխը. «Լույսը խավարի մեջ լուսավորում է, իսկ խավարը նրան չտիրեց» (Հովհ. Ա 5)։

Տյառնընդառաջը ներկայանում է որպես հավատքի ճանապարհի պատկեր՝ մթությունից դեպի Լույս, սպասումից դեպի հանդիպում, լռությունից դեպի Խոսք։ Այն մեզ հիշեցնում է, որ Տիրոջն ընդառաջ գնալը միայն մեկ օրով կամ մեկ ծեսով սահմանափակվող իրադարձություն չէ, այլ ամենօրյա կոչ՝ վառ պահելու սրտի ջահը, որպեսզի կյանքում առկա խավարի մեջ կարողանանք ճանաչել և ընտրել Քրիստոսին՝ որպես միակ կյանք տվող Լույսի։

Տյառնընդառաջի ծագումնաբանությունը և աստվածաշնչյան հիմքը

Տյառնընդառաջն ուղղակիորեն կապված է աստվածաշնչյան՝ Տիրոջն ընդառաջ գնալու (մանուկ Հիսուսին Տաճարին ընծայելու) տոնի հետ, որը, ավետարանական վկայությամբ, տեղի ունեցավ Քրիստոսի ծնունդից քառասուն օր անց, երբ Մարիամ Աստվածածինը և Հովսեփը Մանկանը տարան Երուսաղեմի տաճար՝ օրենքի համաձայն ներկայացնելու Տիրոջը. «Իսկ երբ Մովսեսի օրենքի համաձայն՝ Մարիամի մաքրվելու օրերը լրացան, մանկանը բերեցին Երուսաղեմ՝ Տիրոջը ներկայացնելու, ինչպես Տիրոջ օրենքում է գրված. «Ամեն արու, որ արգանդ բացի, Տիրոջ համար սուրբ կկոչվի»» (Ղուկ. Բ 22—23)։ Սա նշանակում է, որ բացի Մովսիսական օրենքից և առաջնեկ արու զավակին՝ իբրև Աստուծո Սուրբի, Տաճարին ընծայելու կարգից՝ հրեա ժողովրդի համար մեծագույն առիթ էր գնալու Տաճար՝ ընդառաջ Տիրոջը և առավելաբար գնալու մեծագույն ընծայով՝ առաջնեկ զավակով։ Այստեղ է, որ տեղի ունեցավ հայտնի հանդիպումը Սիմեոն Ծերունու հետ, որը, Սուրբ Հոգով առաջնորդված, Մանկան մեջ ճանաչեց սպասված Մեսիային և ասաց. «Իմ աչքերը տեսան Քո փրկությունը, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ, լույս՝ հեթանոսներին լուսավորելու և փառք՝ Քո ժողովրդի՝ Իսրայելի համար» (Ղուկ. Բ 30—32)։ Այս վկայությունն ինքնին ցույց է տալիս, որ Տյառնընդառաջի խորքային առանցքը Լույսն է՝ ոչ առարկայական, այլ փրկարար Լույսը, որ Քրիստոս է։ Վերոնշյալ մեջբերման մեջ Սիմեոն Ծերունու՝ «....Լույս՝ հեթանոսներին լուսավորելու» (Ղուկ. Բ 32) արտահայտությունը Տյառնընդառաջը դարձնում է միսիոներական տոն և ինչ-որ իմաստով ցույց տալիս քրիստոնեության միսիան։ Այն հիշեցնում է, որ Լույսը չի պահվում մեկ ժողովրդի կամ համայնքի համար, այլ կոչված է լուսավորելու բոլոր ազգերին։ Տյառնընդառաջի կրակը նաև փոխանցման նշան է՝ լույսից լույս։
Տյառնընդառաջի պատմության մեջ հաճախ երկրորդ գծում են մնում Սիմեոն Ծերունու և Աննա մարգարեուհու կերպարները, սակայն նրանք ներկայացնում են հավատարիմ սպասման նախօրինակը։ Ղուկաս Ավետարանիչն այդ ծերունու մասին ասում է. «Այդ մարդն արդար ու աստվածավախ էր և Իսրայելի մխիթարություն էր ակնկալում, և Սուրբ Հոգին նրա վրա էր» (Ղուկ. Բ 25)։ Ավետարանիչը հիշատակում է նաև Աննա մարգարեուհուն և ասում. «Գրեթե ութսունչորս տարեկան այրի էր. տաճարից չէր հեռանում, ծոմապահությամբ ու աղոթքով գիշեր-ցերեկ Աստծուն էր ծառայում» (Ղուկ. Բ 37)։ Նրանց կյանքը ցույց է տալիս, որ Լույսը տեսնում են նրանք, ովքեր երկար ժամանակ պատրաստել են իրենց ներաշխարհը։ Տյառնընդառաջը, այսպիսով, դառնում է հոգևոր զգոնության տոն։

Այո՛, Տիրոջ ընդառաջումը տեղի է ունենում Տաճարում, ինչը խորապես խորհրդանշական է։ Տաճարը Հին Կտակարանում Աստծո ներկայության վայրն էր, սակայն Տյառնընդառաջով բացահայտվում է, որ իրական Տաճարը Քրիստոսն Ինքն է. «Քանդեցե՛ք այս տաճարը, և երեք օրում Ես կվերականգնեմ այն» (Հովհ. Բ 19)։ Եկեղեցին՝ որպես Քրիստոսի Մարմին, դառնում է այդ հանդիպման շարունակական վայրը, իսկ Տյառնընդառաջը՝ եկեղեցական կյանքի նախապատկեր։

«Տյառնընդառաջ» անվան ստուգաբանությունը և ավանդապատումը

«Տյառնընդառաջ» բառը հայերենում ունի աստվածաբանական խորք. բառացիորեն նշանակում է «Տիրոջն ընդառաջ գնալ»։ Ժողովրդական և ավանդական մեկնություններից մեկի համաձայն՝ հրեա ժողովուրդը, լսելով Տիրոջ ծննդյան ավետիսը, գիշերով վառեց ջահերը և դուրս եկավ Նրան ընդառաջ։ Թեպետ այս պատմությունը չունի սուրբգրային ուղղակի արձանագրում, այն այնուամենայնիվ արտահայտում է խորապես ավետարանական ճշմարտություն՝ Լույսը ճանաչելու և Նրան ընդառաջ գնալու գաղափարն ու ոգին։

Այս ավանդապատումը այլաբանական իմաստով ժամանակից դուրս է գալիս և դառնում յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքի օրինաչափություն. ամեն օր մարդը կոչված է իր սրտի ջահը վառելու, որպեսզի խավարի միջով քայլելով՝ ընդառաջ գնա Տիրոջը, ինչպես գրված է. «Ձեր մեջ եղող լույսը թող լուսավորի մարդկանց առաջ» (Մատթ. Ե 16)։

Տյառնընդառաջի կրակը և նրա քրիստոնեական խորհուրդը

Տյառնընդառաջի կրակը չի կարելի հասկանալ որպես պաշտամունքային առարկա կամ ինքնանպատակ ծես։ Այն խորհրդանշական է, իր իմաստն ստանում է միայն Ավետարանի լույսի ներքո և առանց Ավետարանի ոգու՝ առանձին, չունի որևէ աղերս մեր քրիստոնեական ու վարդապետական մտքի հետ։ Հովհաննու Ավետարանի նախաբանը հստակ սահմանում է այս կրակի և նույն կրակից ճառագայթող լույսի էությունը. «Կյանքը Նրանով էր, և կյանքը մարդկանց լույսն էր» (Հովհ. Ա 4)։
Տոնի կրակն այս իմաստով խորհրդանշում է ոչ թե աստվածացված տարր, այլ ճանապարհ լուսավորող ջահ, այն լույսը, որով մարդը, լուսավորելով իր քայլերը, շարժվում է դեպի իրական Լույս՝ Քրիստոս։ Ինչպես նավերի համար փարոսի լույսն է ցույց տալիս ապահով նավահանգիստը, այնպես էլ Տյառնընդառաջի կրակը մատնանշում է Քրիստոսին, բայց ինքնին նպատակ չէ։ Ինչպես փարոսի լույսը չի փրկում նավն իր մեջ, այլ ուղղություն է ցույց տալիս, այնպես էլ Տյառնընդառաջի կրակը չի փրկում ինքնին, այլ մարդու հայացքն ուղղում է դեպի Փրկիչ։ Խավար ծովում նավը չի փնտրում կրակը, այլ այն Լույսը, որն առաջնորդում է դեպի ափ։ Սաղմոսերգուն ասում է. «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար» (Սաղմ. ՃԺԸ 105). հենց այս մտայնությամբ է պետք ընկալել Տյառնընդառաջի կրակը և նույն գիտակցումով վերաբերվել տոնի ծիսական շերտին։ Սաղմոսերգուի պատկերած ճրագը Տյառնընդառաջի խորքային խորհուրդն է։

Տյառնընդառաջի Լույսը Հովհաննու Ավետարանում

Հովհաննու Ավետարանի առաջին գլուխը քրիստոնեական լույսի աստվածաբանության հիմնասյունն է. «Ճշմարիտ լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալիս» (Հովհ. Ա 9)։ Տյառնընդառաջը հենց այս գալուստի ծիսական արտահայտությունն է։ Կրակն այստեղ ոչ թե վերջնական նպատակ է, այլ մթության միջով դեպի Քրիստոս առաջնորդող լույսի նշան։ Տյառնընդառաջի տոնը՝ իր ողջ բովանդակությամբ, ուղղված է դեպի Քրիստոս՝ որպես կյանքի, փրկության և ճշմարիտ Լույսի աղբյուր։ Տոնի կրակը ոչ թե կրակապաշտական մնացորդ է, այլ ավետարանական խորհրդանիշ, որ հիշեցնում է մարդուն իր կոչման մասին՝ մթության միջով քայլել դեպի Լույսը, ջահը ձեռքին, սիրտը՝ վառված հավատով։ Ինչպես ասում է Քրիստոս. «Ես եմ աշխարհի լույսը. ով իմ հետևից գա, նա խավարի մեջ չի քայլի, այլ կյանքի լույսը կընդունի» (Հովհ. Ը 12)։

Լույսի տիպաբանությունը Սուրբ Գրքում՝ կրակից մինչև Քրիստոս

Սուրբ Գրքում լույսի և կրակի պատկերներն ունեն աստիճանական բացահայտում։ Հին Կտակարանում կրակը հաճախ հանդես է գալիս որպես Աստծո ներկայության նշան. երբ Մովսես մարգարեին Տիրոջ հրեշտակը երևաց վառվող մորենու միջից, մարգարեն տեսավ, որ «....մորենին կրակով վառվում էր, բայց չէր սպառվում» (Ելք Գ 2), որն էլ իր հերթին Աստծո կենդանի ներկայության նախատիպն է։ Հին Ուխտում Աստծո առաջնորդության մի դրսևորում է նաև սյունաձև կրակը, որ գիշերն առաջնորդում էր Իսրայելի ժողովրդին անապատում. «Տերը գնում էր նրանց առջևից՝ ցերեկը ամպի սյունով ճանապարհ ցույց տալու նրանց, իսկ գիշերը՝ կրակի սյունով, որ նրանց լույս տա....» (Ելք ԺԳ 21), որն էլ մեզ՝ քրիստոնյաներիս, ցույց է տալիս, որ հոգու խավարի մեջ ժողովուրդը, առանց աստվածային լուսավորության, չի կարող քայլել։ Սակայն այս բոլոր պատկերները մնում են նախապատրաստական և ստվերային բուն Լույսի համար։

Նոր Կտակարանում այս նախատիպերը իրենց լրումն են գտնում Քրիստոսով։ Այլևս ոչ թե կրակն է առաջնորդում, այլ Անձը՝ Լույսը, որը մարմին առավ։ Հովհաննու Ավետարանը վկայում է. «Եվ Բանը մարմին դարձավ ու բնակվեց մեր մեջ....» (Հովհ. Ա 14)։ Տյառնընդառաջի կրակը հենց այս անցումն է խորհրդանշում՝ ստվերից դեպի ճշմարտություն, նշանից դեպի բուն Լույս։

Տյառնընդառաջի կրակը միաժամանակ խորհրդանշում է Աստծո հայտնության երկձևությունը. առաջնահերթ է Հին Ուխտի Կրակը՝ Աստծո ներկայության խորհրդավոր նշանը, և ապա՝ Նոր Ուխտի Լույսը՝ մարմնացած Ճշմարտությունը՝ Հիսուս Քրիստոս։

Հովհաննու Ավետարանի Լույսը՝ Տյառնընդառաջի առանցք

Հովհաննու Ավետարանի առաջին գլուխը ոչ միայն քրիստոլոգիական հռչակում է, այլև Տյառնընդառաջի բանալի։ Հովհաննու Ավետարանի հետևյալ հատվածը՝ «Ճշմարիտ լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալիս» (Հովհ. Ա 9), նշանակում է, որ նախորդ բոլոր լույսերը մասնակի էին։ Եթե Տյառնընդառաջի կրակը կտրվի ավետարանական այս հռչակումից, կկորցնի իր իմաստը։ Բայց երբ այն ընթերցվում է Հովհաննու Ավետարանի լույսի ներքո, դառնում է վկայություն Քրիստոսի և Նրա Փրկարար Լույսի մասին։
Շարունակելի

Հովհաննես սրկ. ԷՎԻՆՅԱՆ
Դիանա ՔՈՉԱՐՅԱՆ