Տյառնընդառաջի կրակը՝ իբրև Հովհաննու Ավետարանի լույս

Տյառնընդառաջի կրակը՝ իբրև Հովհաննու Ավետարանի լույս 19.10.2026

Սկիզբը՝ թիվ 3
Լույսը՝ որպես սկիզբ, ընթացք և վերջ

Տյառնընդառաջի աստվածաբանական ամբողջ հյուսվածքը հնարավոր է սեղմել մեկ առանցքի՝ Լույսի շուրջ։ Սակայն այդ Լույսը չի ընկալվում որպես ստատիկ՝ անշարժ գաղափար կամ խորհրդանշական պատկեր, այլ որպես կենդանի իրականություն, որն ունի սկիզբ, ընթացք և վերջ՝ Քրիստոսով։ Տոնը հենց այս ամբողջական շարժումն է բացահայտում՝ Աստծո ներգործությունը պատմության, Եկեղեցու և մարդու կյանքի վրա։

ԼՈՒՅՍԸ՝ ՈՐՊԵՍ ՍԿԻԶԲ — Սկիզբը Տյառնընդառաջի մեջ կապված է ոչ միայն Քրիստոսի ծննդի փաստի, այլև Նրա Հայտնության հետ։ Լույսը չի մնում թաքնված, այլ դուրս է գալիս մարդուն ընդառաջ։ Հովհաննու Ավետարանի նախաբանն այս սկիզբն է հռչակում. «Սկզբում էր Բանը, և Բանն Աստծո մոտ էր, և Բանն Աստված էր» (Հովհ. Ա 1)։ Տյառնընդառաջը ցույց է տալիս, որ այդ Սկիզբը չի մնում վերացական, այլ մտնում է Տաճար, մարդկային պատմություն, մարդու ձեռքերի մեջ։ Այս իմաստով՝ Տյառնընդառաջը հակադրվում է ցանկացած կրոնական մտածողության, որը Աստծուն հեռու և անմատչելի է պահում։ Այստեղ Լույսն սկսվում է ոչ թե մարդու որոնումից, այլ Աստծո ինքնահայտնությունից։

ԼՈՒՅՍԸ՝ ՈՐՊԵՍ ԸՆԹԱՑՔ — Տյառնընդառաջի կենտրոնում է շարժումը։ Լույսը ոչ միայն հայտնվում է, այլև առաջնորդում է։ Կրակը, ջահը, քայլքը և այս ամենը միասին միևնույն ճշմարտության տարբեր արտահայտություններն են. մարդը չի մնում իր տեղում, երբ տեսնում է Լույսը։ Հովհաննու Ավետարանում Քրիստոսի խոսքը՝ «....Ով իմ հետևից գա, նա խավարի մեջ չի քայլի, այլ կյանքի լույսը կընդունի» (Հովհ. Ը 12), ենթադրում է ընթացք, ճանապարհ, շարունակություն։ Այդ ընթացքը միաժամանակ անհատական և եկեղեցական է։ Անհատական է, որովհետև յուրաքանչյուր մարդ իր սրտում է վառում ջահը։ Եկեղեցական է, որովհետև այդ ընթացքը երբեք միայնակ չէ. այն տեղի է ունենում համայնքի մեջ, ծիսակատարության մեջ, աղոթքում։ Տյառնընդառաջը ցույց է տալիս, որ քրիստոնեական կյանքը կանգ չէ, այլ ճանապարհ դեպի հանդիպում, որը մշտապես նորոգվում է։

ԼՈՒՅՍԸ՝ ՈՐՊԵՍ ՎԵՐՋ ԵՎ ԼԻՈՒԹՅՈՒՆ — Տյառնընդառաջի Լույսը վերջնականապես բացվում է վախճանաբանական էսխատոլոգիական հորիզոնում։ Այն Լույսը, որ Մանուկ էր Տաճարում, նույն Լույսն է, որ պիտի լուսավորի Նոր Երուսաղեմը, պիտի լուսավորի փրկություն հագած դրախտը. «Այնտեղ գիշեր չի լինելու. ճրագի և արեգակի լույսի կարիք չի լինելու, որովհետև Տերը՝ Աստված է լուսավորելու նրանց, և պիտի թագավորեն հավիտյանս հավիտենից» (Հայտն. ԻԲ 5)։ Տյառնընդառաջը կանխատեսումն է խաղաղ հանդիպումի և ոչ դատապարտումի։ Սա ոչ թե մարում է ընթացքը, այլ լրացնում է այն։ Սիմեոնի խոսքը՝ «Որովհետև իմ աչքերը տեսան քո փրկությունը» (Ղուկ. Բ 30), դառնում է Եկեղեցու մշտական աղոթք՝ տեսնել Լույսը և խաղաղությամբ ավարտել ճանապարհը։

Այսպիսով՝ Տյառնընդառաջը քրիստոնեական կյանքի ամբողջական բանաձևն է։ Այն միավորում է.

• ՍԿԻԶԲԸ՝ որպես Աստծո ինքնահայտնություն,

• ԸՆԹԱՑՔԸ՝ որպես մարդու ազատ և գիտակցված շարժում դեպի Լույսը,

• ՎԵՐՋԸ՝ որպես լիություն, խաղաղություն և հավիտենական հանդիպում։

Տոնի կրակը վիճարկելի խորհրդանիշ չէ և դառնում է քարոզ՝ ուղղված մարդու սրտին։ Այն ասում է, որ խավարի մեջ ապրող մարդը կոչված է քայլելու ոչ թե կուրորեն, այլ Լույսի հետևից։ Եվ այդ Լույսը ոչ մի դեպքում կրակը չէ, այլ Նա, Ում մասին վկայում է կրակը՝ Քրիստոսը՝ աշխարհի ճշմարիտ Լույսը։

Տյառնընդառաջը՝
որպես ամենօրյա կոչում

Տյառնընդառաջը չի սահմանափակվում օրացույցով։ Ամեն օր քրիստոնյան կանգնած է նույն ընտրության առաջ՝ վառե՞լ իր սրտի ջահը, թե՞ մնալ խավարում։ Համատես Ավետարաններում Քրիստոս կոչ է անում. «Արդ արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը, ո՛չ էլ ժամը» (Մատթ. ԻԵ 13), որն էլ Տյառնընդառաջի վառվող ջահի խորհրդի մշտական արդիականացումն է։ Տոնը դառնում է կյանքի եղանակ՝ ընդառաջ գնալ Տիրոջը ոչ միայն տաճարում, այլև ամբողջ գոյությամբ։ Տյառնընդառաջի կրակը տեսնելով Հովհաննու Ավետարանի Լույսի մեջ՝ դադարում է լինել վիճաբանության առարկա և դառնում քարոզ։ Այն վկայում է, որ Քրիստոս է կյանքի Լույսը, և մարդը կոչված է ոչ թե կանգ առնելու նշանների վրա, այլ անցնելու դրանց միջով դեպի իրականություն։ Եվ ի վերջո Քրիստոս ասում է. «Քանի դեռ լույսն ունեք, հավատացե՛ք լույսին, որպեսզի լույսի որդիներ լինեք....» (Հովհ. ԺԲ 36)։ Սահմանելով Տյառնընդառաջը՝ կարող ենք ասել, որ այն քրիստոնեական հաղթանակի, հիշողության և ապրման տոն է՝ մթության մեջ վառված ջահերով դեպի հավիտենական Լույսը գնալու ճանապարհ։

Տյառնընդառաջը՝ որպես ծիսական հիշողություն և ապրում

Տոնը միայն անցյալ իրադարձության հիշատակում չէ, այլև ներկայում ապրող իրականություն։ Եկեղեցին չի հիշում Տիրոջ Ընդառաջումը իբրև պատմական դրվագ, այլ վերապրում է այն՝ յուրաքանչյուր հավատացյալին դարձնելով Սիմեոն Ծերունու կերպարի ժառանգ։ Սիմեոնն իր ձեռքերի մեջ վերցրեց Լույսը, իսկ այսօր հավատացյալը կոչված է՝ նույն Լույսն ընդունելու իր սրտում. «Սակայն նրանց, ովքեր ընդունեցին Նրան և հավատացին Նրա անվանը, իշխանություն տվեց Աստծո որդիները լինելու» (Հովհ. Ա 12)։

Այս իմաստով՝ Տյառնընդառաջի բուն տոնի նախօրեի երեկոյան վառվող կրակը դառնում է ծիսական հիշողության տեսանելի նշան՝ ոչ թե արտաքին հանդիսություն, այլ ներսում կատարվող շարժման արտահայտություն դեպի Տերը։

Տյառնընդառաջի ժողովրդական ավանդույթները

Տոնի ընթացքում պահպանված ժողովրդական սովորույթները՝ կրակի շուրջ հավաքվելը, նորապսակների օրհնությունը, կրակի վրայով թռչելը, ունեն ոչ թե մոգական, այլ խորհրդանշական նշանակություն։ Դրանք արտահայտում են մաքրագործում, նոր սկիզբ, ընտանիքի ամրացում և օրհնություն։ Սրանք կարելի է ընկալել որպես ժողովրդական լեզվով արտահայտված՝ նույն Ավետարանական ճշմարտությունը, որ «Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նոր ստեղծված է. հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ» (Բ Կորնթ. Ե 17)։

Ազգային հիշողություն, ժողովրդական լեզու և եկեղեցական իմաստ

Հայ ժողովուրդը, ընդունելով քրիստոնեությունը, իր ազգային լեզվով և պատկերային մտածողությամբ արտահայտեց Ավետարանական ճշմարտությունները։ Ժողովրդական ավանդույթները չեն ձևավորվել որպես դավանաբանական համակարգ, այլ իբրև խորհրդանշական լեզու։ Կրակի շուրջ հավաքվելը համայնքի միասնության նշան է, ինչպես առաջին քրիստոնյաներն էին միասիրտ և միամիտ. «Ամեն օր տաճարում էին համախմբվում...» (Գործք Բ 46)։
Նորապսակների օրհնությունը Տյառնընդառաջին ցույց է տալիս, որ ընտանիքը դիտվում է որպես Կենդանի Լույսի փոխանցման վայր։ Համաձայն Քրիստոսի խոսքի՝ «Ոչ էլ ճրագը վառում ու գրվանի տակ են դնում, այլ դնում են աշտանակի վրա...» (Մատթ. Ե 15), ընտանիքը հենց այդ աշտարակն է, որտեղից լույսը պիտի երևա։

Կրակը և հեթանոսության նկատմամբ հաղթանակի խորհուրդը

Հաճախ առաջ քաշվող այն տեսակետը, թե Տյառնընդառաջը կապված է կրակապաշտության հետ, անտեսում է Հայ Եկեղեցու պատմական և աստվածաբանական փորձառությունը։ Եթե որևէ կապ կարելի է տեսնել հեթանոսական անցյալի հետ, ապա միայն հաղթահարման և հաղթանակի տեսանկյունից։ Ժողովրդական մեկնաբանությամբ՝ կրակի վրայով թռչելը ոչ թե կրակը պաշտելու, այլ այն անարգելու և հաղթահարելու խորհրդանիշ է՝ իբրև նախկին կուռքերի նկատմամբ հաղթանակ։

Այս նույն տրամաբանությամբ՝ Գրիգոր Լուսավորիչը քանդել տվեց ատրուշանները և հենց դրանց տեղում եկեղեցիներ հիմնեց՝ ցույց տալու համար, որ Քրիստոսի Լույսը ոչ թե համատեղվում է հեթանոսության հետ, այլ փոխարինում և հաղթահարում է այն։ Ամենախոսուն օրինակը Մայր Տաճարի Մայր Խորանն է, որը կառուցված է նախկին կրակարանի վրա՝ իբրև քրիստոնեության բացարձակ հաղթանակ հեթանոսության նկատմամբ։

Կրակի վրայով թռչելը պաշտամունք չէ, այլ հաղթահարում

Ժողովրդական պատկերացմամբ՝ կրակի վրայով թռչելը մաքրագործում կամ բարի բախտի ակնկալիք է, սակայն եկեղեցական այլաբանական մոտեցմամբ՝ այն ունի այլ շեշտադրում։ Թռչել կրակի վրայով նշանակում է վեր կանգնել այն տարրից, որը հեթանոսության մեջ աստվածացվել էր։ Այստեղ մարդը կրակի առաջ չի խոնարհվում, այլ անցնում է նրա վրայով՝ ցույց տալով, որ ինքը չի ծառայում տարրին, այլ ծառայում է Արարչին։ Քրիստոնեությունը երբեք չի համադրվել հեթանոսության կամ առավելաբար կրակապաշտության հետ, այլ փոխակերպել է տարածքը՝ հնին տալով նոր՝ փրկարար բովանդակություն։

Համեմատական դիտարկում այլ ժողովուրդների ավանդույթների հետ

Տարբեր ժողովուրդների պատմության մեջ առկա են լույսի կամ կրակի շուրջ ձևավորված տոներ, սակայն քրիստոնեական Տյառնընդառաջը չի կարելի նույնացնել դրանց հետ։ Այստեղ ոչ թե բնության շրջապտույտն է նշվում, այլ պատմության մեջ Աստծո ներխուժումը։ Քրիստոնեության լույսը տիեզերաբանական չէ միայն, այլ հստակ է և անձնավորված։ Ինչպես Քրիստոս, Իր մասին վկայելով, ասաց. «Ես եմ աշխարհի լույսը, ով իմ հետևից գա, նա խավարի մեջ չի քայլի, այլ կյանքի լույսը կընդունի» (Հովհ. 8.12), այդ հիմքով է, որ մենք՝ հայ քրիստոնյաներս, վկայում ենք, որ վերոնշյալ խոսքն արմատապես տարբերում է Տյառնընդառաջը ցանկացած բնապաշտական տոնից։

Քառասուն թվի խորհրդաբանությունը Տյառնընդառաջի համատեքստում

Տյառնընդառաջը տեղի է ունենում Սուրբ Ծնունդից քառասուն օր անց, իսկ քառասուն թիվը Սուրբ Գրքում փորձության, պատրաստության և անցման խորհուրդ ունի։ Քառասուն օր Մովսեսը Սինա լեռան վրա էր. «Մովսեսը լեռան վրա մնաց քառասուն օր և քառասուն գիշեր» (Ելք ԻԴ18), քառասուն օր Եղիան քայլեց դեպի Քորեբ. «Եվ նա վեր կացավ, կերավ ու խմեց և այդ կերակրի զորությամբ քառասուն օր ու քառասուն գիշեր գնաց մինչև Աստծու սարը՝ Քորեբ» (Գ Թագ. ԺԹ 8), քառասուն օր Քրիստոսը ծոմ պահեց անապատում. «Նա քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահելուց հետո քաղց զգաց» (Մատթ. Դ 2)։ Տյառնընդառաջն այս շարքում ներկայացնում է անցումը սպասումից դեպի ճանաչում. Քրիստոս այլևս ոչ միայն ծնված Մանուկ է, այլև ճանաչված Տեր։ Ծիսական տեսանկյունից կարևոր է այն, որ Տյառնընդառաջը գտնվում է Սուրբ Ծննդյան շրջանի ավարտական հատվածում։ Սա ցույց է տալիս, որ առհասարակ ծնունդը չի փակվում մանկան օրորոցով, այլ բացվում է որպես ճանապարհ դեպի զոհաբերություն, խաչ և հարություն։ Ծեսը հավատացյալին դուրս է բերում զգացմունքային ուրախությունից և տանում փրկության պատմության խորքը։

Տոնի աղոթական լեզվում հաճախ հնչում են «ընդառաջ», «ընդունել», «տեսնել» հասկացությունները։ Սա հիշեցնում է, որ քրիստոնեական հավատքը լսելու կրոն չէ միայն, այլ տեսնելու և ընդունելու։ Քրիստոսի՝ «Եկե՛ք ու տեսե՛ք» (Հովհ. Ա 39) հրավերը Տյառնընդառաջի ներքին կոչումն է։

Տյառնընդառաջը քրիստոնեական տարբեր շերտերում

Տոնը խորհրդանշում է նաև հավատքի հասունացման փուլը։ Այն մանկությունից գիտակցված հավատքի անցման պատկերն է։ Մանուկ Քրիստոսը ներկայացվում է Տիրոջը, և այս ներկայացումը հիշեցնում է յուրաքանչյուր հավատացյալի կոչումը՝ իր կյանքը ներկայացնել Աստծուն՝ որպես կենդանի ընծա. «Ձեր մարմինները մատուցեք կենդանի զոհ՝ սուրբ և աստվածահաճո. դա է ձեր հոգևոր պաշտամունքը» (Հռոմ. ԺԲ 1), գիտակցելով այդ ընծայաբերման մեծագույն վարձը, որը Հարությունն է։ Սիմեոնի մարգարեությունը շատ դիպուկ այս մտածողության մեջ ներառում է նաև խաչի ստվերը. «Քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, ինչպես որ շատերի սրտերի խորհուրդները պիտի հայտնի դառնան» (Ղուկ. Բ 35)։ Այս խոսքը ցույց է տալիս, որ Լույսն աշխարհ է գալիս ոչ թե խավարի բացակայության, այլ դրա դիմադրության ընթացքում։ Ուստի՝ տոնն արդեն կրում է Խաչի և Հարության կանխազգացումը։ Լույսը չի մարում խավարից, այլ անցնում է նրա միջով։
Տոնը կարելի է ընկալել նաև որպես ամբողջ քրիստոնեական կյանքի սեղմ քարտեզ՝ ծնունդ, սպասում, հանդիպում, վկայություն և առաքելություն։ Այս ամբողջ ընթացքը լուսավորվում է մեկ Լույսով՝ Քրիստոսով. «Ես եմ Ալֆան ու Օմեգան, Սկիզբն ու Վերջը, Առաջինն ու Վերջինը» (Հայտն. ԻԲ 13)։

Տյառնընդառաջը և քրիստոնեական վախճանաբանությունը

Տյառնընդառաջի տոնը ունի նաև հստակ վախճանաբանական ուղղվածություն։ Եթե Տիրոջ առաջին Ընդառաջումը տեղի ունեցավ Տաճարում՝ Մանկան կերպարանքով, ապա Եկեղեցին մշտապես սպասում է երկրորդ Ընդառաջմանը՝ Քրիստոսի փառավոր Գալստյանը։ Այս երկու իրադարձությունները միմյանցից անջատ չեն, այլ կազմում են մեկ շարունակական փրկարար գիծ։

Սիմեոնի կերպարն այստեղ դառնում է վախճանաբանական խորհրդանիշ. նա սպասող մարդն է, որ ճանաչում է Տիրոջը, երբ Նա գալիս է ոչ թե զորությամբ, այլ խոնարհությամբ։ Սա նախապատրաստում է հավատացյալին՝ հասկանալու, որ երկրորդ Գալստյան սպասումը նույնպես պահանջում է հոգևոր բաց աչք. «Արդ արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք, թե ձեր Տերը ո՛ր ժամին կգա» (Մատթ. ԻԴ 42)։ Տյառնընդառաջի լույսն այս իմաստով չի վերաբերում միայն անցյալին կամ ներկային, այլև ուղղված է ապագային։ Պողոս առաքյալն ասում է. «Գիշերն անցել է, ու ցերեկը՝ մոտեցել, ուրեմն խավարի գործերը դեն գցենք և լույսի զենքերը հագնենք» (Հռոմ. ԺԳ 12), որն էլ Տյառնընդառաջի վախճանաբանական բանաձևն է։ Տոնի կրակն այս դիտանկյունից հիշեցնում է նաև իմաստուն կույսերի լամպերը, որոնք վառ էին Փեսայի գալստյան ժամանակ, որտեղ կրկին կրակը ինքնանպատակ չէ, այլ սպասման պատրաստվածության նշան։ Տյառնընդառաջը սովորեցնում է, որ Տիրոջն ընդառաջ չեն գնում նրանք, ովքեր պարզապես սպասում են, այլ նրանք, ովքեր պատրաստ են։

Վախճանաբանական հորիզոնում Տյառնընդառաջը նաև հույսի տոն է։ Այն հռչակում է, որ պատմությունը ոչ թե փակվում է խավարով, այլ բացվում է Լույսով։ Վերջնական հանդիպումը չի լինելու կորստի, այլ լիության պահ. «Քաղաքը ո՛չ արևի, ո՛չ էլ լուսնի կարիք ունի, որպեսզի իրեն լուսավորեն, որովհետև Աստծու փառքն է լուսավորում նրան, և Գառը՝ նրա ճրագը» (Հայտն. ԻԱ 23)։ Ուստի՝ Տյառնընդառաջը միաժամանակ հիշողություն է առաջին հանդիպման, ապրում՝ ներկա հանդիպման, և հույս՝ ապագա հանդիպման։

Հովհաննես սրկ. ԷՎԻՆՅԱՆ
Դիանա ՔՈՉԱՐՅԱՆ