Հանուն հավատքի պատերազմելու գաղափարը Սուրբ Գրքում

Հանուն հավատքի պատերազմելու գաղափարը Սուրբ Գրքում ամենաքննարկվող և միաժամանակ ամենաբարդ երևույթներից է։ Այն հաճախ ենթարկվել է միակողմանի մեկնաբանությունների կամ ընկալվել է որպես սրբացված բռնություն, երբեմն էլ ամբողջությամբ մերժվել՝ որպես քրիստոնեական սիրո ուսմունքին հակասող երևույթ։ Սակայն Աստվածաշնչի ամբողջական ընթերցումն ու համակողմանի ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ հավատքի համար մղվող պայքարը երբեք չի սահմանափակվում ռազմական գործողություններով, այն ունի բազմաշերտ՝ պատմական, բարոյական, հոգևոր և վախճանաբանական իմաստ ևս։

Հավատքի համար պատերազմը Հին Կտակարանում. պատմական և աստվածային Ուխտի իրագործման հարթություն։ Հին Կտակարանում պատերազմը ներկայացվում է ոչ միայն քաղաքական կամ տարածքային պահանջներից մղված հակամարտություն, այլև նախ և առաջ աստվածային Ուխտի պահպանման և իրագործման միջոց։ Իսրայելի ժողովուրդն Աստծո կողմից ընտրված համայնքն էր, որի գոյությունն ու պատմական առաքելությունը պայմանավորված են Աստծուն հավատարմությամբ։ Ուստի՝ հավատքի դեմ ուղղված յուրաքանչյուր վտանգ ընկալվում է ոչ թե պարզապես արտաքին սպառնալիք, այլ գոյաբանական մարտահրավեր, որն ուղղված է ժողովրդի հոգևոր ինքնությանը և ուխտի շարունակականությանը։

Ելից և Հեսուի գրքերում պատերազմները բնութագրվում են որպես «Տիրոջ պատերազմներ». «Տե՛րը պիտի պատերազմի ձեր փոխարեն, իսկ դուք լռե՛ք» (Ելք 14:14)։ Այս խոսքը ցույց է տալիս, որ պատերազմը չի դիտարկվում որպես մարդկային նախաձեռնության կամ ռազմական կարողության արդյունք, այլ որպես աստվածային միջամտության և դատաստանի գործիք։ Իսրայելի հաղթանակը պայմանավորված չէ զորքի թվով կամ զենքով, այլ Աստծո ներկայությամբ և կամքով։ Այս կերպ պատերազմի գաղափարը դուրս է գալիս սովորական պատմական տրամաբանությունից և դառնում աստվածաբանական իրողություն։

Սակայն կարևոր է ընդգծել, որ Հին Կտակարանում պատերազմը երբեք ինքնանպատակ չէ և չի ընկալվում որպես բացարձակ արժեք։ Այն սերտորեն կապված է բարոյական պատասխանատվության հետ։ Երբ Իսրայելը մնում է ուխտին հավատարիմ, պատերազմը հանդես է գալիս որպես ազատագրող և պաշտպանիչ ուժ, իսկ երբ ժողովուրդը շեղվում է հավատքից և ընկնում կռապաշտության մեջ, նույն այդ պատերազմը վերածվում է աստվածային պատժի։ Այս տրամաբանությունը հստակ արտահայտվում է Դատավորաց և Թագավորաց գրքերում, որտեղ ռազմական պարտությունները բացատրվում են ոչ թե ռազմավարական ձախողումներով, այլ հոգևոր անկմամբ։

Ուխտաբանական այս ընկալումը ցույց է տալիս, որ պատերազմը Հին Կտակարանում ունի դաստիարակչական և մաքրագործող նշանակություն։ Այն նպատակ ունի ոչ թե ոչնչացնել հակառակորդին, այլ վերանորոգել ուխտը և վերականգնել ժողովրդի հավատարմությունն Աստծուն։ Այդ պատճառով մարգարեներն անընդհատ հիշեցնում են, որ արտաքին հաղթանակն արժեք չունի, եթե ներքին ապաշխարություն չկա. «Լվացվե՛ք, մաքրվե՛ք, իմ աչքի առաջ ձեր չար արարքները թոթափե՛ք ձեզնից, վե՛րջ տվեք ձեր չարագործություններին։ Սովորեք բարի՛ք գործել, արդարությո՛ւն փնտրեք, փրկեք զրկվածի՛ն, արդարադա՛տ եղեք որբի հանդեպ, իրավո՛ւնք տվեք այրուն» (Ես. 1:16—17)։

Մարգարեական գրքերում (Եսայի, Երեմիա, Եզեկիել) աստվածաբանական շեշտադրումն աստիճանաբար փոխվում է. պատերազմն այլևս ընկալվում է ոչ միայն որպես արտաքին թշնամու դեմ մղվող պայքար, այլև նախ և առաջ ներքին անհավատության և բարոյական ապականության դեմ պայքար։ Թշնամի է դիտարկվում ոչ միայն օտար, հեթանոս ժողովուրդը, այլև չար ու աստվածուրաց սիրտը, որ շեղվել է Աստծուց և հաստատյալ կարգերից։ Այս շրջադարձը հող է նախապատրաստում աստվածաբանական այն ըմբռնման համար, որի վրա հետագայում կկառուցվի Նոր Կտակարանի հոգևոր պատերազմի ուսմունքը։

Այսպիսով՝ Հին Կտակարանում հանուն հավատքի պատերազմը հանդես է գալիս որպես պատմական, կրոնական և բարոյական իրականություն, որտեղ արտաքին պատերազմն անբաժան է ներքին հոգևոր վիճակից։ Պատերազմի իմաստը որոշվում է ոչ թե հաղթանակի կամ պարտության փաստով, այլ ժողովրդի՝ Աստծուն հավատարմությամբ։ Այս ըմբռնումը քրիստոնեական աստվածաբանության հիմնասյուներից մեկն է և կարևոր նախադրյալ՝ Նոր Կտակարանում պատերազմի ամբողջական հոգևորացման համար։

Պատերազմի հոգևորացումը. «Տիրոջ պատերազմները»՝ որպես բարոյական պայքար։ Սաղմոսաց և Իմաստության գրականության մեջ պատերազմին առնչվող լեզուն սկսում է ստանալ հոգևոր նրբերանգ։ «Տերն իմ հաստատիչն է, // Իմ ապավենն ու իմ փրկիչը։ // Աստված իմ օգնականն է, // Եվ ես հույսս Նրա վրա եմ դրել. // Իմ ապավենն է, // Իմ փրկության եղջյուրն ու ինձ ընդունողը» (Սաղմ. 17։3) հատվածը ցույց է տալիս, որ իրական պաշտպանությունը ֆիզիկական մահացու զենքը չէ, այլ Աստծո հետ կապը։

Այս փուլում պատերազմը դառնում է հոգու ներսում տիրող կենսավիճակ. արդարն ու ամբարիշտը, հավատն ու գայթակղությունը, ճշմարտությունն ու սուտը բախվում են մարդու ներսում։ Այս ընկալումը հետագայում վճռորոշ է դառնում քրիստոնեական աստվածաբանության համար։

Հոգևորացման կամ ներքինացման գործընթացը սերտորեն առնչվում է իմաստության գրականության մարդաբանական հայեցակարգին, ըստ որի՝ մարդը դիտվում է ոչ միայն որպես պատմական կամ քաղաքական սուբյեկտ, այլև բարոյական պատասխանատվություն կրող անձ։ Իմաստության գրքերում պատերազմական պատկերները հաճախ փոխակերպվում են խոհեմության և անմտության, արդարության և անօրենության հակադրության։ Այստեղ հաղթանակն այլևս չի չափվում տարածքային նվաճումներով, այլ մարդու ներքին ամբողջականությամբ և Աստծո կամքին համապատասխան կյանքով։ Այսպիսով՝ պատերազմը դառնում է ճանաչողական և բարոյական պայքար, որի առանցքը ճշմարիտ իմաստությունն է։

Այս զարգացումը կարելի է բնութագրել որպես աստվածաբանական դիսկուրսի խորհրդանշական փոխակերպում։ Պատերազմական լեզուն չի վերանում, այլ վերաիմաստավորվում, ստանում է փոխաբերական ձև՝ հոգևոր իրականությունը նկարագրելու համար։ Զենքը, ամրոցը, թշնամին և հաղթանակը ձեռք են բերում փոխաբերական նշանակություն՝ մատնանշելով մեղքի, կրքերի և հոգևոր խավարի դեմ մղվող պայքարը։ Այս մոտեցումը թույլ է տալիս պահպանել ավանդական լեզվամտածողությունը՝ միաժամանակ խուսափելով բռնության սրբագործումից։

Հոգևոր տեսանկյունից «Տիրոջ պատերազմները» դառնում են ճգնավոր (ասկետիկ) կյանքի հիմնարար առանցք։ Մարդը կոչվում է զգոնության, ինքնաքննության և ներքին պայքարի, որտեղ գլխավոր մարտադաշտը սիրտն է։ Այս գաղափարը հետագայում խորապես զարգացվում է հայրաբանական գրականության մեջ, որտեղ հոգևոր պատերազմը ներկայացվում է որպես մշտական վիճակ՝ աղոթքի, խոնարհության և աստվածային շնորհի հետ համագործակցության պահանջով։ Այստեղ հաղթանակը հնարավոր է միայն այն դեպքում, երբ մարդը հրաժարվում է ինքնաբավությունից և ամբողջովին ապավինում Աստծուն։

Երբ պատերազմն ընկալվում է որպես բարոյական և հոգևոր պայքար, այն նպաստում է խաղաղության, արդարության և հաշտության արժեքների առաջնայնությանը։ Այսպիսով՝ Սաղմոսաց և իմաստութենական գրականության մեջ արդեն ձևավորված այս հայեցակարգը հանդես է գալիս որպես հակակշիռ պատմական բռնությանը՝ առաջարկելով աշխարհայացք, որտեղ իրական հաղթանակը մարդկային արժանապատվության պահպանումն է և Աստծո հետ կենդանի հարաբերության խորացումը։
Գաղափարաբանական այս մոտեցումն առավել ամբողջական է դառնում, երբ սուրբգրային տեղիները համադրում ենք տվյալ ժամանակաշրջանի փիլիսոփայական մտածողության վկայությունների հետ։ Հին Ուխտում՝ Դավիթ մարգարեի սաղմոսներում, պատերազմի՝ ներքին և բարոյական իրողություն լինելու վերաբերյալ արդեն հստակ երևում է, որ պայքարը տեղափոխվում է մարդու սրտի խորքը՝ կրքերի և ինքնակառավարման հարթություն։ Նույն ուղղությամբ է զարգանում նաև դասական փիլիսոփայական միտքը. Պլատոնը «Պետություն»-ում մարդու հոգին նկարագրում է որպես հակադիր ուժերի միջև մշտական լարում, որտեղ արդարությունը ձեռք է բերվում ներքին ներդաշնակության միջոցով, իսկ Արիստոտելը բարոյական առաքինությունը սահմանում է որպես կրքերի նկատմամբ բանականության հաղթանակ։ Այս համադրությունը ցույց է տալիս, որ թե՛ աստվածաշնչյան, թե՛ փիլիսոփայական ավանդույթներում իրական պատերազմն ընկալվում է որպես մարդու ներսում ընթացող պայքար՝ ուղղված բարու գերակայությանը և ճշմարտության հաղթանակին։
Շարունակելի

Նարեկ սրկ. ԳԱՍՊԱՐՅԱՆ
Օֆելյա ԳԱՍՊԱՐՅԱՆ