Հանուն հավատքի պատերազմելու գաղափարը Սուրբ Գրքում
Նոր Կտակարանը. պայքար՝ առանց սրի։ Նոր Կտակարանում տեղի է ունենում արմատական շրջադարձ։ Հիսուս Քրիստոս մերժում է հավատքի տարածումը բռնության միջոցով. «Իմ թագավորությունն այս աշխարհից չէ. եթե Իմ թագավորությունն այս աշխարհից լիներ. չէ՞ որ Իմ հետևորդներն արդեն կմարտնչեին, որպեսզի հրեաների ձեռքը չմատնվեմ. բայց, արդ, Իմ թագավորությունն այս աշխարհից չէ» (Հովհ. 18:36)։ Նա սուրը փոխարինում է խաչով, հաղթանակը՝ զոհաբերությամբ։ Այնուամենայնիվ, Նոր Կտակարանում ոչ միայն շարունակում է օգտագործվել պատերազմին վերաբերող բառամթերքը, այլև այն վերաիմաստավորում է։ Պողոս առաքյալը գրում է. «Մեր պատերազմը մարմնի ու արյան դեմ չէ, այլ իշխանությունների ու պետությունների, այս խավար աշխարհի տիրակալների և երկնքի տակ գտնվող չար ոգիների դեմ» (Եփես. 6:12)։ Այստեղ պատերազմը բացահայտորեն հոգևոր է, իսկ զենքերը՝ հավատքը, արդարությունը, ճշմարտությունը։
Քրիստոնեական պայքարն ուղղված չէ մարդու դեմ, այլ մեղքի, մահվան և չարիքի դեմ։ Սա է քրիստոնեական պատերազմի հիմնական աստվածաբանական նորույթը։ Հիսուսի խոսքը՝ «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթե՛ք նրանց համար, ովքեր չարչարում ու հալածում են ձեզ» (Մատթ. 5։44), արմատապես վերափոխում է հակամարտության ընկալումը։ Թշնամին այլևս ոչ թե ոչնչացման ենթակա սուբյեկտ է, այլ փրկության հասցեատեր։ Այսպիսով՝ պայքարը դառնում է սիրո և ներման գործնական արտահայտություն՝ ուղղված ոչ թե դիմացինի պարտությանը, այլ նրա վերափոխմանը։
Աստվածաբանական տեսանկյունից Նոր Կտակարանում պատերազմական լեզվի պահպանումը ծառայում է վախճանաբանական լարվածության արտահայտմանը։ Քրիստոնյան ապրում է «արդեն, բայց դեռ ոչ» իրականության մեջ, որտեղ Աստծո Թագավորությունը հաստատվել է Քրիստոսի միջոցով, սակայն իր լիակատար դրսևորումը դեռ առջևում է։ Այդ պատճառով պայքարը շարունակվում է, բայց ոչ պատմական զենքերով, այլ հավատքի տոկունությամբ, համբերությամբ և հույսի դիմացկունությամբ։ Հայտնության գրքում այս լարվածությունը հասնում է իր գագաթնակետին, որտեղ հաղթանակը պատկանում է ոչ թե զինված զորքին, այլ «մորթված Գառանը» (հմմտ. Հայտ. 5։6)։
Փիլիսոփայական հարթությունում այս մոտեցումը հակադրվում է հին աշխարհի ուժի և գերակայության տրամաբանությանը։ Եթե անտիկ մտածողության մեջ հաղթանակը հաճախ նույնացվում էր գերիշխանության հետ, ապա քրիստոնեական աշխարհայացքում հաղթանակը սահմանվում է խոնարհությամբ և ինքնանվիրումով։ Այս առումով խաչը դառնում է խորհրդանիշ՝ բացահայտելով մի իրականություն, որտեղ ուժը կատարյալ է դառնում թուլության մեջ (հմմտ. Բ Կորնթ. 12։9)։ Այս գաղափարը խոր ազդեցություն է թողնում ինչպես աստվածաբանության, այնպես էլ քրիստոնեական քաղաքական և սոցիալական մտածողության վրա։
Ի վերջո, Նոր Կտակարանում պատերազմը լիովին չի վերանում, այլ վերածվում է գոյաբանական և հոգևոր դիմակայության։ Քրիստոնյան կոչված է մշտապես պայքարելու ոչ թե աշխարհի դեմ, այլ աշխարհի ներսում՝ պահպանելով հավատարմությունը Աստծո Թագավորությանը։ Այս պայքարը չունի աշխարհիկ հաղթանակների չափանիշներ, այլ առաջնորդվում է խաչի տրամաբանությամբ, որտեղ վերջնական հաղթանակը պատկանում է ոչ թե սրին, այլ սիրուն, ոչ թե բռնությանը, այլ հարությանը։
«Պատերազմ» նշանակող բառերի կիրառությունը Նոր Կտակարանում։ Լեզվական տեսանկյունից՝ Նոր Կտակարանը հիմնականում օգտագործում է հունարեն πόλεμος (պոլեմոս) բառը՝ «պատերազմ» նշանակությամբ, որը համեմատաբար սահմանափակ քանակությամբ է և հաճախ ունի խորհրդանշական կամ վախճանաբանական երանգ։ Օրինակ՝ «Լսելու եք պատերազմների ձայներ ու պատերազմների լուրեր» (Մատթ. 24։6) հատվածում πόλεμος ը չի կոչում գործողության, այլ նկարագրում է անկման և անկայունության համաշխարհային վիճակը՝ որպես վերջին ժամանակների նշան։ Այստեղ պատերազմը դառնում է ոչ թե նպատակ, այլ ախտանիշ։
Մյուս կարևոր բառը μάχη ն (մախե) է՝ «մարտ, բախում», որը Նոր Կտակարանում հիմնականում վերաբերում է մարդկային հակասություններին և համայնքային պառակտումներին։ «Այդ որտեղի՞ց պատերազմներ և որտեղի՞ց կռիվներ ձեր մեջ. ձեր այն ցանկությունների՞ց, որոնք կռիվ են մղում ձեր անդամների մեջ» (Հակ. 4։1) խոսքը ցույց է տալիս, որ μάχη ն ունի բարոյահոգեբանական իմաստ՝ ծագելով մարդու ներսում գործող կրքերից։ Այսպիսով՝ լեզվական շեշտադրումը արտաքին հակամարտությունից տեղափոխվում է դեպի ներքին պատճառաբանություն։
Առանձնահատուկ կարևորություն ունի στρατεύομαι / στρατεία (զորագրվել, արշավանք) բառը, որն օգտագործվում է բացահայտ փոխաբերական կերպով։ Պողոս առաքյալը գրում է. «Ապրում ենք մարմնի մեջ, բայց մարդկային նկատումներից մղված չէ, որ պատերազմում ենք» (Բ Կորնթ. 10։3)՝ ընդգծելով, որ քրիստոնեական «պատերազմը» ունի այլ բնույթ և այլ միջոցներ։ Այստեղ ռազմական տերմինաբանությունը ծառայեցվում է հոգևոր կարգապահության, ինքնակառավարման և աստվածային առաքելության նկարագրմանը։
Նոր Կտակարանում հանդիպում է նաև ὅπλα (զենքեր) բառը, որը կրկին վերաիմաստավորված է։ «Պատերազմի մեր զենքերը մարմնավոր չեն, այլ Աստծուց տրված զորավոր զենքեր են՝ քանդելու ամրությունները» (Բ Կորնթ. 10։4) հատվածում ὅπλα ն այլևս ֆիզիկական գործիքներ չեն, այլ հավատքը, ճշմարտությունը և արդարությունը։ Լեզվական այս փոփոխությունները ցույց են տալիս, որ պատերազմական բառապաշարը պահպանվում է, բայց լիովին ենթարկվում է նոր՝ բարոյական և աստվածաբանական բովանդակության։
Վերջապես, Հայտնության գրքում պատերազմական լեզուն ստանում է ապոկալիպտիկ և սիմվոլիկ բնույթ։ «Եվ երկնքում պատերազմ եղավ։ Միքայելը և իր հրեշտակները կռվում էին վիշապի դեմ. վիշապը կռվում էր իր հրեշտակներով» (Հայտն. 12։7) խոսքը նկարագրում է ոչ թե պատմական իրադարձություն, այլ տիեզերական հակամարտություն բարու և չարի միջև։ Այստեղ πόλεμος ը ծառայում է որպես խորհրդանշական լեզու՝ արտահայտելու աստվածային դատաստանի և վերջնական հաղթանակի գաղափարը։
Այսպիսով՝ Նոր Կտակարանում «պատերազմ» բառը և դրա հարակից լեզվական ձևերը չեն խրախուսում ֆիզիկական բռնությունը, այլ գործածվում են որպես թեմատիկ և փոխաբերական միջոցներ՝ նկարագրելու մարդու ներքին պայքարը, համայնքային լարվածությունները և էսխատոլոգիական հույսը։ Լեզուն պահպանվում է, սակայն նրա իմաստաբանական դաշտն արմատապես փոխվում է՝ ենթարկվելով խաչի և հարության աստվածաբանությանը։
Նահատակությունը՝ որպես հավատքի համար մղվող պատերազմի բարձրագույն ձև։ Նոր Կտակարանում առանձնահատուկ նշանակություն ունի նաև վկայության (հուն.՝ մարտիրիա) գաղափարը, որն ստանում է պայքարի նոր ձև։ Վկան ոչ թե մարտիկ է, այլ ճշմարտության կրող, որը պատրաստ է կյանքը տալու, բայց ոչ կյանք խլելու։ Առաջին քրիստոնեական համայնքների պատմությունը ցույց է տալիս, որ Եկեղեցին աճում էր ոչ թե ուժի կիրառմամբ, այլ նահատակության միջոցով, ինչը դիտվում է որպես չարի նկատմամբ հաղթանակի բարձրագույն դրսևորում։ Այստեղ մահն այլևս պարտություն չէ, այլ մասնակցություն Քրիստոսի հաղթական զոհաբերությանը։
Քրիստոնեական ավանդության մեջ հավատքի համար պայքարի գագաթնակետը նահատակությունն է։ Նահատակները չեն սպանում, այլ զոհվում են։ Նրանք չեն հաղթում սրով, այլ հավատարմությամբ։ Սուրբ Իգնատիոս Անտիոքացին գրում է. «Թող ես լինեմ Աստծո ցորենը, որպեսզի գազանների ատամներով աղացվելով՝ դառնամ մաքուր հաց Քրիստոսի համար»։ Այստեղ պատերազմը վերածվում է վախճանաբանական հաղթանակի՝ մահվան միջոցով կյանքի ձեռքբերման։ Հայ եկեղեցական ավանդության մեջ Վարդանանց պատերազմը հենց այս տրամաբանության մեջ է ընկալվում։ Թեև այն ունի ռազմական պայքարի նկարագիր, բայց իր խորքային իմաստով հանուն հավատքի նահատակվելու պայքար է։
Բարոյական սահմանները և վտանգները։ Բարոյական սահմանների խնդիրը սերտորեն կապված է նաև Սուրբ Գրքի պատմական և տեքստային հերմենևտիկական ընթերցման հետ։ Տեքստի բառացի ընկալումը, առանձնացված փրկագործական պատմության ամբողջականությունից, կարող է հանգեցնել վտանգավոր եզրակացությունների։ Աստվածաշնչյան պատերազմական պատկերները չեն կարող կիրառվել անպայմանական ձևով յուրաքանչյուր ժամանակաշրջանի և քաղաքական իրադրության մեջ։ Դրանք կապված են հատուկ պատմական հանգամանքների, բարոյական իրավիճակների և աստվածային հայտնության աստիճանական զարգացման հետ։ Հետևաբար՝ մեկնաբանական պատասխանատվությունը պահանջում է տարբերել պատմական իրադարձությունը դրա հավիտենական աստվածաբանական իմաստից։
Բացի այդ՝ քրիստոնեական աստվածաբանությունը հստակ տարբերություն է սահմանում արտաքին և ներքին պայքարի միջև։ Նոր Կտակարանում հավատքի համար պատերազմը ստանում է հիմնականում հոգևոր բնույթ։ Այս տեսանկյունից քրիստոնեական պայքարը դառնում է անձի ներսում ընթացող վերափոխման ընթացք՝ մեղքի, անարդարության և չարի դեմ պայքար։ Այդ փոխակերպումն է, որ ապահովում է բարոյական սահմանների պահպանումը և կանխում հավատքի գաղափարի վերածումը քաղաքական կամ ազգային ագրեսիայի գործիքի։
Վերջապես, եկեղեցական ավանդությունը մշտապես ընդգծել է, որ հավատքի պաշտպանության բարձրագույն ձևը վկայությունն է՝ նահատակությունը, այլ ոչ թե պարտադրանքը։ Ճշմարտությունը չի հաստատվում ուժով, այլ սիրո և զոհաբերության միջոցով։ Սուրբ Հովհան Ոսկեբերանը գրում է. «Քրիստոսը հաղթեց ոչ թե սպանելով, այլ մեռնելով»։ Երբ հավատքի համար պայքարը կորցնում է այս քրիստոսակենտրոն առանցքը, այն դադարում է լինել ավետարանական և վերածվում է աշխարհիկ գաղափարախոսության։ Ուստի՝ բարոյական զգոնությունը, աստվածաբանական խորագիտությունը և հոգևոր խոնարհությունը մնում են այն չափանիշները, որոնցով պետք է գնահատվի հավատքի համար ցանկացած պայքար։
Նարեկ սրկ. ԳԱՍՊԱՐՅԱՆ
Օֆելյա ԳԱՍՊԱՐՅԱՆ