Խրիմյան Հայրիկի կերպարը գրականության մեջ. Ղազարոս Աղայան և Խրիմյան Հայրիկ
19.10.2026
Մկրտիչ Խրիմյանի մասին ուշագրավ հուշագրություն է հեղինակել հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս Ղազարոս Աղայանը: Ժամանակին նա գործունեություն է վարել Մայր Աթոռում. 1869—1870 թթ. նա Ս. Էջմիածնի տպարանի կառավարիչն էր և խմբագրում էր Մայր Աթոռի «Արարատ» պաշտոնական ամսագիրը: Դասավանդել է նաև Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշիի դպրոցներում (1870—1882 թթ.), եղել Վրաստանի և Իմերեթիայի հայկական դպրոցների թեմական տեսուչ: Աղայանի «Իմ տեսակցությունը Խրիմյան Հայրիկի հետ» ուղեգրական ակնարկը տպագրվել է 1892 թ. «Մշակ» թերթում (մարտի 28-ի համարում), այնուհետև արտատպվել այլ պարբերականներում («Արձագանք», «Արմենիա» և այլն):
Դեռևս Վարագավանքի վանահայր եղած ժամանակ՝ 1861 թ. սկզբին, Խրիմյանը գալիս է Այսրկովկաս, այցելում Թիֆլիս, ապա՝ Հայաստան, լինում Սուրբ Էջմիածնում, Շուշիում և այլուր, միջոցներ հանգանակում Վարագավանքի Ժառանգավորաց երկրագործական դպրոցի և «Արծուի Վասպուրական» պարբերականի կարիքների համար: Այդ օրերին Թիֆլիսում Խրիմյանի բոցաշունչ քարոզներով հիացած Աղայանը վկայում է, որ Խրիմյանի քարոզներով հմայված էր նաև Պերճ Պռոշյանը և գրի էր առնում նրա քարոզները:
1869—1870 թթ. Սուրբ Էջմիածնում Աղայանը ծանոթանում և սերտ բարեկամական փոխհարաբերություններ է հաստատում Մայր Աթոռի հեղինակավոր միաբան Արիստակես եպիսկոպոս Սեդրակյանի հետ: Աղայանն ու Սեդրակյանը հետագայում ավելի են մտերմանում Շուշիում, ուր Աղայանն ուսուցիչ էր (1878—1881 թթ.), իսկ Սեդրակյանը՝ Ղարաբաղի թեմի առաջնորդը (1876—1881 թթ.): Իրենց անմիջական հանդիպումների ու բազմամյա նամակագրության մեջ նրանք մտերմաբար, փոխադարձ վստահությամբ խորհրդածել են դպրոցական ու ազգային-հասարակական կյանքի բազմաթիվ հարցերի շուրջ: Մակար Կաթողիկոսի մահից (1891 թ.) հետո՝ մինչև Մկրտիչ Խրիմյանի Կաթողիկոս ընտրվելը, Արիստակես եպիսկոպոս Սեդրակյանը վճռական դերակատարություն է ունեցել Ս. Էջմիածնի միաբանության կյանքում: 1892 թ. Խրիմյանի հետ նա ևս համարվում էր կաթողիկոսական թեկնածու, բայց Արիստակես եպիսկոպոսը, ինչպես նաև Աղայանը, մշակյանների հետ միասին, համակարծիք էին Մկրտիչ Խրիմյանի թեկնածությանը: Հենց այդ առթիվ էլ, Արիստակես եպիսկոպոս Սեդրակյանի աջակցությամբ, Աղայանն ուղևորվում է Երուսաղեմ՝ հանդիպելու Խրիմյանի հետ, որին օսմանյան կառավարությունը 1890 թվականից աքսորել էր Սուրբ երկիր և աչալրջորեն հետևում էր նրա յուրաքանչյուր քայլին:
Ժամանակի մամուլում Աղայանի արտասահմանյան այդ ուղևորությունը ներկայացվում է իբրև նրա՝ «վաղուց երազած ուխտագնացություն»: Բայց Աղայանի նամակագրությունից և «Իմ տեսակցությունը Խրիմյան Հայրիկի հետ» ակնարկից պարզվում է, որ «ուխտագնացություն» անվան տակ թուրքական ոստիկանությունից թաքցվում էր ուղևորության բուն նպատակը: Աղայանի ուղևորության բնույթը պարզող կարևոր վավերագրեր են նրա նամակները: Ուշագրավ են Աղայանի նամակներից մեկի հետևյալ տողերը. «Իմ հակառակորդները և նույնիսկ իմ համամիտները չեն թափանցել իմ բուն նպատակի մեջ, և այն, ինչ որ ինձ համար մի երկրորդական բան է, առիթ միայն, համարում են բուն նպատակս»:
1892 թ. հունվարի 20-ին Աղայանը Թիֆլիսից ճանապարհվում է Երուսաղեմ և փետրվարի 12-ին հասնում Յաֆա՝ պատմական Յոպպե քաղաքը. «Հենց որ մտա Յաֆայի հայոց վանքը, ուր սովորաբար հյուրընկալվում են Երուսաղեմ գնացող հայ ուխտավորները, այդտեղ վարդապետներից մեկը կարծես բնազդմամբ դեմս ելավ և ասաց.
— Գիտե՛ք, Հայրիկը հոս է:
Մինչդեռ ես մտածում էի, թե երբ պետք է հասնեմ Երուսաղեմ և Հայրիկի տեսությանն արժանանամ, հանկարծ լսում եմ, որ ես արդեն Հայրիկի մոտ եմ: Արդյոք վարդապետն իմացա՞վ, որ ես ավելի Հայրիկի ուխտավոր եմ, քան Երուսաղեմի, կասկածեցի ես և սկսեցի ապշածի պես վարդապետի երեսին նայել....
Բարձրացա վերև և մտա մի սենյակ, ուր Հայրիկը նստած էր մի թախտի վրա և լրագիր էր կարդում: Ինձ որ տեսավ, լրագիրը մի կողմ ձգեց և իր վեհ պատկերով իմ կողմը դարձավ հայրական ուրախ ժպիտով: Ես կամացուկ մոտեցա Հայրիկին, չոքեցա առջևը, երկու ձեռքով բռնեցի սուրբ աջը և բոլոր գլխովս ծանրացա ծնկան վրա: Չգիտեմ՝ քանի վայրկյան տևեց, բայց ես ձեռքը բաց չթողեցի, և ոչ ինքը ջանք արավ ազատվելու իմ ձեռքիցս: Հայրիկի աջը ողողեցի հորդ արտասուքով, որ ինքն իրան աղբյուրացավ՝ բխելով ավելի կսկծալից, քան ուրախ սրտից:
Վերջապես Հայրիկը քաշեց ինձ և իր քովը նստեցրեց: Մի քանի րոպե լուռ էինք և իրար երեսի էինք նայում: Ես սաստիկ հուզված էի, չէի կարող խոսել, Հայրիկը նույնպես, բայց էլի նա ընդհատեց մեր լռությունը»:
Աղայանը հիշում է, որ Հայրիկի սեղանի վրա դրված էր «Ավետյաց երկրի Հրավիրակ»-ի երկրորդ հրատարակության սրբագրությունը։ Հայրիկն ասաց, որ շատ բան է փոխվել երկրում, ու ինքը ևս պատրաստվում է փոփոխություններ և հավելումներ կատարել։ Ապա ավելացրեց, որ փորձելու է տեսնել նաև՝ արդյո՞ք իր մեջ դեռ պահպանվել է երիտասարդության օրերի բանաստեղծական ունակությունը։ Աղայանը կարդում է երկից մի քանի նոր կտոր և ասում, որ դրանք ոչ միայն հաջողված են, այլև գերազանցում են առաջին տպագրությունը։ Հետագայում Խրիմյանի այդ երկը պատկերազարդ տպագրվում է Երուսաղեմում և վանքին մեծ եկամուտ բերում։
Աղայանը նշում է, որ Հայրիկը միայն այդ երկով չէր զբաղված. նա շարունակ գրում էր և առավելապես աշխատում էր իր պատմական հիշատակարանի վրա։ Սուրճ խմելուց ու ծխելուց հետո նա Աղայանին հրավիրում է նախաճաշի և սկսում հարցեր տալ՝ հետաքրքրվելով աշխարհի անցուդարձի, բանաստեղծի հոգսերի ու մտահոգությունների, հայտնի մարդկանց, ինչպես նաև Թիֆլիսում տեղի ունեցած Ջրօրհնեքի աղետի մասին։
Շարունակելի
Արման ՄԱԼՈՅԱՆ, պ. գ. թ.