Խրիմյան Հայրիկի կերպարը գրականության մեջ. Ղազարոս Աղայան և Խրիմյան Հայրիկ

Խրիմյան Հայրիկի կերպարը գրականության մեջ.  Ղազարոս Աղայան և Խրիմյան Հայրիկ 19.10.2026

Սկիզբը՝ թիվ 3

Յաֆայում Աղայանը մնում է երկու օր՝ Հայրիկից անբաժան։ Այդ տարի Երուսաղեմում ձմեռը անսովոր ցուրտ էր, և Հայրիկը եկել էր Յաֆա, ուր եղանակը գրեթե գարնանային էր։

Երկու օրից հետո Աղայանը մտադիր էր վերադառնալ Պոլիս՝ իր ուխտը ավարտված համարելով, բայց Հայրիկը չի թողնում։ Նա հորդորում է Աղայանին գնալ Երուսաղեմ, որովհետև այնտեղ շատ բան կա տեսնելու և ուսումնասիրելու, ու սկսում է պատմել, թե ինչ հետաքրքրական տեղեր կան, ինչ վճարներ են պահանջվում դրանց համար։ Հայրիկն ասում է, որ Աղայանը չափսոսա վճարել, իսկ եթե պակաս լինի գումարը, ապա Խրիմյանն ինքը կվճարի և հոգ կտանի Աղայանի մասին։ Ապա ավելացնում է, որ երեք օրից հետո ինքն էլ կգնա Երուսաղեմ և անձամբ կառաջնորդի Աղայանին տեսարժան վայրեր։

Ինչպես խոստանում է, Հայրիկը շուտով գնում է Երուսաղեմ՝ ուխտավորների մեծ բազմության ուղեկցությամբ. «Շատերը, Հայրիկի անունը լսելով, գալիս են և ոտքերն ու փեշերը համբուրում: Խեղճ մարդը հալ ու մաշ է լինում և հազիվ է կարողանում պաշտպանվել իր պաշտողներից: Այս տեսարաններին ներկա լինելով՝ ես ակամա այն համոզմանը եկա, որ եթե Հայրիկը, աստված մի արասցե, օտարության մեջ մեռնի, ուխտասեր ժողովուրդը նրա գերեզմանի վրա հող չի թողնի: Ամեն մեկը, մի բուռ տանելով, շարունակ կքանդեն, ով գիտե, գուցե և հին ժամանակի պես մաս մաս անեն նրա մարմինը և այդ մասունքները տարածեն ամեն տեղ....»։

Երուսաղեմում Աղայանը Հայրիկի մոտ մնում է շուրջ երկու շաբաթ։ Հայրիկի հորդորով՝ նա շրջում է քաղաքում, իսկ մի քանի վայր էլ Հայրիկը Աղայանին ուղեկցում է իր եղբորորդի Խորենի հետ, որը մի քանի օր առաջ էր եկել Երուսաղեմ։ Երբ Հայրիկը մեծ քայլերով առաջ էր գնում, Աղայանն ու Խորենը ծիծաղելով վազում էին նրա հետևից, ինչպես երեխաներ. «Այս հայը, ինչպես լավ է նկատել պ. Արծրունին, թե մանուկ ու թե վիթխարի է: Քաջալանջ, լայնաթիկունք և հաստաբազուկ, իսկ հասակով մեր զորապետ Լազարյանին է հիշեցնում, միայն Հայրիկի կազմվածքը ավելի բարեձև է և շատ թանկագին օրինակ մի ճարտար արձանագործի համար: Մտավորապես Հայրիկը ոչ միայն զարգացած է, այլև անընդհատ զարգանում է: Ոչ միայն ուսումնասեր է, այլև չափից դուրս հարցասեր. ուզում է ամենայն բան իմանալ, ամեն մի նորագույն վարդապետություն, նորագույն ուսմունք իր ուշադրությունը գրավում է և լսում է շատ սիրով: Լսելիս՝ կարծես զարմանում է մի կողմից մարդկային հանճարի բեղմնավորության վրա, մյուս կողմից կարծես համեմատում է իր ազատ մտմտուքների հետ: Հավատում է գիտության ուժին և նրա ապագա փառավոր հաղթանակին: Իսկ երբ որ ինքն է պատմում իր տեսածների մասին Եվրոպայում, լսողը միայն սքանչանում է նրա դիտողության ուժի և արած սուր նկատողությունների վրա: Բարոյապես Հայրիկը հիշեցնում է Քրիստոսի ձկնորս առաքյալներին: Ատելով ատում է ամենայն պատեպատ, մանվածո, սեթևեթ և, ինչպես ինքն է ասում, ճղճիմ մեկնություններն ու բացատրությունները և որքան շատ է կարդացել այդպիսի բաներ, այնքան շատ է զզվել: Քրիստոնեական կրոնը, ասում է Հայրիկը, որ եկավ մեզ ազատելու դարավոր գերությունից, այդ դարձավ և նրա նշանաբանը: Այդ կրոնին բռնակալի դեր տվողները բռնակալներ են միայն....»։

Հրաժեշտի պահին Խրիմյանը սրտնեղում է, որ ինքը դեռևս իր սիրտը չէր բացել Աղայանին. «Ես հայրենիքիս կարոտովը կմարիմ և ծանր է ինձ մտածել, որ պիտի մեռնիմ օտար հողի վրա, ես կուզեմ Վարագ մեռնիլ: Ինձ համար շատ նեղ վանդակ է Երուսաղեմը, ես կփափագիմ դարձյալ մեկ անգամ սլանալ հայրենիքիս օդի մեջ»:

Աղայանը գրում է, որ Հայրիկը երբեք անձնական փառքի կամ բարձր դիրքի հասնելու համար միջոցներ չի գործադրել, բայց երբ ժողովրդի կողմից որևէ պաշտոնի դիմում խնդրանք է ստացել, երբեք չի մերժել։ Ոմանք գրում էին նրան՝ խորհուրդ տալով հրաժարվել, կամ պահանջում էին, որ հենց հիմա հայտարարի՝ ընդունելո՞ւ է արդյոք պաշտոնը, թե՞ ոչ՝ նշելով, որ ծեր է, տկար և այլն։ Հայրիկը ասում էր, որ չի հասկանում նրանց նպատակն ու ուշադրություն չի դարձնում։ Ավելին՝ նույնիսկ ասում էին, թե իր՝ Հայրիկի անունն օգտագործում են միայն ուրիշների շահերն ապահովելու համար։ Հայրիկը դրան հակառակ չէր. մտածում էր, որ իր անունը թող հրապարակում լինի, եթե դրա միջոցով որևէ օգտակար բան կարող է անել հայրենիքի համար։

Աղայանը Խրիմյանին բացատրում է, որ այն մարդիկ, որոնք Հայոց Հայրիկի անունը պատրվակ են համարում կամ հանդես գալիս նրա անունից, Սեդրակյանի ոխերիմ թշնամիներն են։ Միաժամանակ հայտնում է, որ Սեդրակյանը շատ սրտակից բարեկամներ ունի, որոնցից մեկն էլ ինքն է՝ Աղայանը, և լավ ծանոթ է նրա զգայուն ու նուրբ բնավորությանը, և որ Սեդրակյանն ինչ որ սուրբ ուխտ է արել Հայրիկի համար, թեև հուշագրության մեջ չի մանրամասնում, թե դա ինչ ուխտ է։

Ղ. Աղայանը Խրիմյանին անդրադարձել է նաև իր՝ «Իմ կյանքի գլխավոր դեպքերը» հուշագրության մեջ: Հայ հուշագրության մեջ Աղայանի այս երկը շատ նշանակալից մի գործ է: Իր ընդգրկած ժամանակաշրջանի (1850 ական թվականներից մինչև 1890 ական թվականների սկիզբը) հայ կյանքի ու մշակույթի յուրահատուկ մի հանրագիտարան է, աղբյուրագիտական հիմք այդ ժամանակաշրջանն ուսումնասիրող հետազոտողների համար: «Իմ կյանքի գլխավոր դեպքերը» հուշագրության մեջ Աղայանը Խրիմյանի մասին գրում է հետևյալը. «Այս գայթակղական հանգամանքներից կնվաճվեր իմ ուսման սերը, եթե այդ սիրո վրա ավելացած և աճած չլիներ իմ մեջ և հայրենիքի սերը: Դրա նյութն ունեի ես, բայց մի բարեպատեհ հանգամանք պետք էր, որ վառվեր և բորբոքվեր: Խրիմյան Հայրիկը մի երկնային շանթով վառեց իմ մեջ այդ նյութը»:

Աղայանը հիշում է, որ Հայրիկի քարոզն առաջին անգամ լսել է Մեյդանի Սուրբ Գևորգ եկեղեցում. ինքը կանգնած էր առջևի շարքում և դեռ չէր տեսել Հայրիկի դեմքը։ Երբ Հայրիկը բարձրացավ բեմ և հայացքը ուղղեց ժողովրդին, նույնիսկ առանց խոսելու՝ նրա հայացքը թողեց մի անսովոր տպավորություն։ Աղայանի երևակայության մեջ անմիջապես կենդանացել են Մեծն Ներսեսը, Սահակ Պարթևը և Սուրբ Մեսրոպը, նրա հոգին իր բոլոր զգացումներով վերացել, թռել էր Հայաստան. «Աստվածասիրություն, հայրենասիրություն և ուսումնասիրություն երրորդության պես միացյալ ուժով տիրեցին իմ ամբողջ բնությանը, այլևս ուրիշ զգացումների տեղի չտվին: Աշխարհային փառք, պատիվ, վայելչություն բոլորովին ոչնչացան ինձ համար»,— գրում է Աղայանը:

Բացի վերոհիշյալ ընդարձակ հուշագրություններից՝ Ղ. Աղայանը Խրիմյան Հայրիկի կերպարին անդրադարձել է նաև 1890 թ. հրատարակված «Մի երես մեր նորագույն պատմությունից (Իմ հիշատակարանից)» ակնարկում. «Կրոնական վեճերի այս թունդ ժամանակը Վարագա լեռներից իջավ չնաշխարհիկն Խրիմյան, իբրև մի հինգերորդ դարու Մեսրոպ՝ այցելեց Վրաստան՝ ոչ նոր գիր տալու նրան, այլ նոր ձայն հնչեցնելու հայերի ականջին և նոր հոգի փչելու նրանց սրտերի մեջ: Հիրավի, Թիֆլիսի եկեղեցիներում լսվեցավ մի նոր ձայն, ձայն Վասպուրական Արծվույն, որ մայր Հայաստանի վերքերն է նկարագրում և նրա որդոց մեջ հայրենասիրության զգացմունք զարթեցնում: Այդպիսի ձայն հայոց եկեղեցյաց մեջ լսված չէր….

Ինչ որ ժողովրդի համար չկար, իսկ բանասերների համար մի ցնորք էր և հեքիաթ, հայ մարգարեի համար մի շոշափելի իրողություն էր, նա ցույց էր տալիս, որ հայությունը մի մեծ ժառանգություն ունի ստանալու, բայց որ չի ստանում, այդ միայն նրանից է, որ ինքն իրան ապօրինի զավակ է համարում և ոչ օրինավոր ժառանգ։ «Պահանջեցե՛ք ձեր ժառանգությունը, և կստանաք. բայց պիտի պահանջեք և ոչ խնդրեք, պիտի պահանջեք հրով ու սրով, զի «Արքայությունն երկնից բռնաբարի, և բռունք հափշտակեն զնա»: Աստված որ աստված է, առանց նահատակության մեզ արքայություն չի տալիս:
Նույնիսկ աստուծո որդին առանց խաչվելու չփրկեց մարդկությունը, ամենայն հայ, որ ապօրինի զավակ չի համարում իրան, պետք է իր արյունով գնե իր նախնյաց ժառանգությունը, և ո՞ր ազնիվ զավակը կփախչի իր մորն ազատելուց դարավոր գերությունից:

Հայրիկը սոսկ խրատ և հրահանգ չէր տալիս, նա առանց առակի ոչինչ չէր խոսում. նա ոչինչ չէր ասում, որի ապացույց մի կենդանի պատկեր և օրինակ չտար: Մերթ Վարդանին և Վահանին էր նկարագրում, մերթ Մուշեղին և Սմբատին: Հայոց բոլոր դյուցազունք, Հայկ ու Արամից սկսած, նրա քարոզի կենդանի պատկերներն էին: ….Շուտով թռցրին նրան դեպի իր բույնը՝ Վարագ, բայց նրա ցանած սերմերը Կովկասի հայերի մեջ խոր արմատ բռնեցին և ժամանակին պիտի ծաղկեին և պտուղ տային»:

Այս վերջին տողով Աղայանն ակնարկում և իբրև դեպքերին լավատեղյակ ժամանակակից՝ վկայում է այն փաստի մասին, թե ինչպես ցարական գործակալների հետապնդումների հետևանքով Խրիմյանը հարկադրված եղավ ավելի վաղ, քան ինքը ծրագրել էր, վերադառնալ Վարագա վանքը: Աղայանի համար Խրիմյան Հայրիկը միշտ մնաց իբրև օրինակելի ու տիպար գործիչ, որ «իր նմանը չունի նույնիսկ աշխարհականների մեջ»:

Ղ. Աղայանը Խրիմյանին ձոնել է նաև մի բանաստեղծություն՝ «Հայոց Հայրիկին» վերտառությամբ, որը, ինչպես վկայում են ժամանակակիցները, երգի է վերածվել ու երգվել 1893 թ. սեպտեմբերի 26 ին՝ նորաօծ Հայոց Վեհափառ Հայրապետի՝ Խրիմյան Հայրիկի պատվին՝ Ս. Էջմիածնի Մայրավանքի սեղանատան մեջ տեղի ունեցած պաշտոնական ճաշկերույթի ավարտին.

«….Հայրի՜կ, ո՜հ, Հայրի՜կ, քո քաղցր անվան լինեմ ես ղուրբան.
Սիրե՜մ այն հողը, որ ծնավ քեզ պես հրեշտակ պահապան:
Ո՜վ Տե՛ր, պահպանի՛ր դու մեր Հայրիկին, Քո հավատարմին.
Անպակաս արա մեր գլխի վրայից Նրա հովանին»:
Շարունակելի

Արման ՄԱԼՈՅԱՆ, պ. գ. թ.