Աստված ունի Բ ծրագիր
21.10.2026
Առաջնեկության էստաֆետը. Իսրայելից մինչև Հայոց աշխարհ
Կյանքն իր էությամբ ընտրությունների մի անվերջանալի շղթա է, որտեղ յուրաքանչյուր քայլ, որոշում կամ շրջադարձ մեզ դնում է Ա և Բ տարբերակների առջև։ Մարդկային բնազդը մեզ սովորեցնում է միշտ ունենալ պահեստային ելք։ Մենք կառուցում ենք մեր ապագան Ա նախագծի վրա՝ լի հույսով ու վստահությամբ, սակայն ենթագիտակցորեն միշտ կրում ենք Բ ծրագրի անհրաժեշտության զգացումը։ Այդ տարբերակը մեր ապահովագրությունն է, մեր այն պահի հենարանը, երբ իրականությունը բախվում է մեր սպասելիքներին, և երբ առաջին ճանապարհը դառնում է անանցանելի։
Բայց արդյո՞ք Բ նախագիծը միայն մարդկային տկարության կամ անվստահության հետևանք է։ Եթե ուշադիր դիտենք տիեզերքի կառուցվածքը և պատմության ընթացքը, կտեսնենք մի զարմանալի օրինաչափություն. Արարիչը՝ Բացարձակ Իմաստությունը, ինքնին Իր արարչագործության մեջ ներդրել է փոխարինման և նորոգման սուրբ տրամաբանությունը։ Աստվածային Բ ծրագիրը ոչ թե Արարչի ձախողման նշանն է, այլ Նրա անսահման սիրո և մարդու ազատ կամքի նկատմամբ ունեցած հարգանքի մեծագույն դրսևորումը։
Մարդն ունի ազատություն՝ ընտրելու Ա ծրագիրը՝ Աստծո հետ քայլելու ուղին, բայց նա նաև ունի սայթաքելու իրավունք, և հենց այստեղ է հայտնվում աստվածային նախախնամության հանճարը։ Երբ մարդկային սխալը կամ ըմբոստությունը փակում է առաջին դուռը, Աստված չի կանգնեցնում պատմությունը։ Նա բացում է երկրորդը, որը հաճախ լինում է ավելի լուսավոր, ավելի հաստատուն և ավելի փառավոր։ Սա ծրագրերի ծրագիրն է, որտեղ ամեն մի կորուստ ունի իր վերականգնումը, ամեն մի «ունայնություն» (Աբել) ունի իր «հիմքը» (Սեթ), և ամեն մի սայթաքած առաջնեկ ունի իր արժանավոր հաջորդը։
Յուրաքանչյուրս պետք է իմանանք կամ խորհենք այն մասին, թե ինչպես է աստվածաշնչյան պատմության միջոցով բացահայտվում այս մտավոր գաղտնիքը՝ սկսած արարչագործությունից մինչև հայ ազգի ընտրությունն ու Քրիստոսի Երկրորդ Գալուստը։ Այս իմաստով՝ կարելի է ասել, որ Բ ծրագիրը ոչ թե փոխարինում է Ա ին, այլ լրացնում ու կատարելագործում է այն՝ դառնալով մարդկության փրկության միակ և անխաթար երաշխիքը։ Սա մի համեստ մտորում է այն մասին, թե ինչպես է Աստված մեր ձախողումներից հյուսում հաղթանակի պսակը։
Ընտրյալ լինելը արտոնություն չէ, այլ առաքելություն
Պատմության ընթացքում մարդկությունը հակված է եղել կարծելու, թե Աստծո ընտրությունը մի անփոփոխ կնիք է, որը հավերժական բարօրություն է երաշխավորում՝ անկախ մարդու հետագա քայլերից: Սակայն Սուրբ Գրքի և պատմության փորձը հուշում է հակառակի մասին: Աստվածային Ա ծրագիրը երբեք մեխանիկական, ինքնաբերական չէ և չի կարող լինել, քանի որ այն կենդանի երկխոսություն է Արարչի և արարածի միջև: Բ ծրագիրը՝ իր իմաստային և բովանդակային էությամբ, Աստծո պարտությունը չէ, այլ Նրա անսահման սիրո և արդարության դրսևորումը. երբ մարդը սեփական կամքով հրաժարվում է իր կոչումից, իրեն վստահված առաքելությունից, անպայմանորեն մեկ ուրիշն է ստանձնում այդ լուծը՝ նաև հանուն հրաժարվողի փրկության: Աստվածաշնչում բազում են այնպիսի օրինակներ, որոնք ընթերցողին կհուշեն անձնային Ա և Բ ծրագրեր լինելու մասին։
Աստվածաշնչյան պատմության մեջ 12 թիվը խորհրդանշում է լիություն և կառավարում: Հակոբ նահապետի 12 որդիները դարձան Իսրայելի 12 ցեղերի հիմնասյուները, սակայն ուշագրավ է, որ Աստվածաշնչում կան նաև այլ կերպարներ (օրինակ՝ Իսմայելը), որոնք նույնպես ունեցել են 12 որդի կամ իշխանավոր: Սա ցույց է տալիս, որ քանակական կամ արյունակցական գործոնը դեռևս բավարար չէ Աստծո հավերժական ծրագրում մնալու համար: Սա խոսում է այն մասին, որ Հակոբի 12 որդիներին իրենց առաքելության մեջ կարող էին փոխարինել Իսմայելի որդիները։
Աստված ընտրում է մեկին, բայց այդ ընտրությունը վավերական է մնում միայն այնքան ժամանակ, քանի դեռ ընտրյալը քայլում է Աստծո կամքի համաձայն, ուստի ազատ կամքն այս պարագայում ընտրության գրավականն է: Եթե մարդը չի արդարացնում իրեն, նա կարող է զրկվել այդ կարգավիճակից:
Օրինակ՝ Ռուբենը՝ Հակոբի անդրանիկ որդին, պետք է ստանար առաջնեկության իրավունքը, բայց իր մեղքի պատճառով կորցրեց այն։ Աստվածաշնչյան պատմության մեջ Ռուբենը Ա ծրագրի ձախողման ամենացավոտ օրինակներից մեկն է: Լինելով Հակոբի և Լիայի անդրանիկ որդին՝ նա օրենքով և բնությամբ կոչված էր՝ կրելու տոհմի ողջ փառքը, հոգևոր առաջնորդությունն ու նյութական ժառանգությունը: Սակայն նրա անկայուն բնավորությունը հանգեցրեց նրան, որ աստվածային Բ ծրագիրը ոչ թե պարզապես փոխարինեց նրան մեկ ուրիշով, այլ նրա արտոնությունները բաժանեց երեք արժանավոր եղբայրների միջև.
Ժառանգության իրավունքը փոխանցվեց Հովսեփին: Անդրանիկի առաջին իրավունքը հոր ունեցվածքից երկու բաժին ստանալն էր: Ռուբենի մեղքի պատճառով այս պատիվը տրվեց Հովսեփին, որին Աստված նախապատրաստել էր Եգիպտոսի փորձությունների միջոցով: Հովսեփն ստացավ կրկնակի ժառանգություն իր երկու որդիների՝ Եփրեմի և Մանասեի միջոցով, որոնք դարձան Իսրայելի առանձին ցեղեր. «Իսրայելի անդրանիկ որդի Ռուբենի որդիները (որովհետև նա էր անդրանիկը, բայց քանի որ իր հոր անկողինը պղծեց, նրա անդրանիկությունը տրվեց Իսրայելի որդի Հովսեփի որդիներին)» (Ա Մնաց. Ե 1):
Թագավորական և իշխանական իրավունքը փոխանցվեց Հուդային: Թեև ժառանգությունը փոխանցվեց Հովսեփին, տոհմի առաջնորդի և թագավորական իշխանությունը տրվեց Հուդային: Աստված Հուդայի մեջ տեսավ այն պատասխանատվությունը, որը չկար Ռուբենի մեջ: Հենց Հուդայի սերնդից պիտի ծնվեին Դավիթ թագավորը և Փրկիչը. «Հուդա՛.... քո հոր որդիները պիտի երկրպագեն քեզ.... իշխանության գավազանը չպիտի պակասի Հուդայից, և ոչ էլ օրենսդիրը՝ նրա սերնդից» (Ծննդ. ԽԹ 8—10):
Քահանայական և սպասավորության իրավունքը փոխանցվեց Ղևիին: Անդրանիկը տոհմի քահանան էր, որը զոհեր էր մատուցում Աստծուն: Ռուբենի սայթաքումից հետո այս սրբազան պաշտոնը հետագայում վստահվեց Ղևիի ցեղին, որը և դարձավ Աստծո տան սպասավորը. «Ահա Ես Իսրայելի որդիների միջից վերցրի ղևտացիներին՝ Իսրայելի որդիների բոլոր անդրանիկների փոխարեն.... և ղևտացիները Իմը պիտի լինեն» (Թվեր Գ 12): Ուստի՝ Աստված երբեք չի կաշկանդում մարդու ազատությունը: Եթե Ա նախագծի մասնակիցը դառնում է անպտուղ, Աստծո ծրագիրը չի դադարում. Աստված գործի է դնում Բ նախագիծը՝ գտնելով նոր սիրտ և նոր հոգի, որը պատրաստ է սպասավորելու Ճշմարտությանը:
Իսրայելից դեպի Հայաստան. Բ ծրագրի իրականացումը
Հրեա ժողովուրդը դարեր շարունակ եղել է Աստծո Ա ծրագիրը՝ մեսիական սպասման կրողը, սակայն երբ Քրիստոս՝ Աստվածորդին, եկավ Իր սեփական ժողովրդի մոտ, և այդ ժողովուրդը չընդունեց Նրան, տեղի ունեցավ մեծագույն շրջադարձը: Ընտրյալ լինելու հոգևոր էստաֆետը փոխանցվեց նրանց, ովքեր հավատացին և ընդունեցին: Հայ ժողովուրդը՝ որպես առաջին քրիստոնյա ազգ, դարձավ այդ աստվածային Բ ծրագրի վառ արտահայտությունը: Երբ նախկին «ընտրյալները» սայթաքեցին, Աստված բացեց դռները հեթանոսների համար, և հայերը, ընդունելով Լույսը, ստանձնեցին այն պատասխանատվությունը, որը ժամանակին պատկանում էր Իսրայելին:
Աստվածաշունչը լի է օրինակներով, որտեղ մարդու անհավատարմությունը կամ հպարտությունն ստիպում է Աստծուն՝ «փոխել» Իր ծրագիրը կատարողին, բայց ոչ երբեք Իր վերջնական նպատակը։ Ահա այդպիսի օրինակներից մի քանիսը համառոտ կներկայացնենք ստորև։
Սավուղ և Դավիթ. թագավորական իշխանության փոխանցումը: Սավուղը Աստծո Ա ծրագիրն էր Իսրայելի թագավորության համար։ Նա ընտրվեց, օծվեց և ստացավ ամբողջական զորություն։ Սակայն երբ Սավուղը սկսեց ապավինել իր սեփական կամքին և անտեսեց Աստծո պատվիրանները, Աստված «զղջաց», որ նրան թագավոր է դարձրել։ Բ ծրագիրը՝ Դավիթը՝ պատանի հովիվը, որը ոչ թե մարմնական ուժով կամ ծագումով էր գերազանցում Սավուղին, այլ սրտի խոնարհությամբ, դարձավ նոր ընտրյալը։ Այս դեպքում Բ ծրագիրը դարձավ ավելի փառավոր, քան սկզբնականը։
Եսավ և Հակոբ. անդրանիկության իրավունքը: Եսավը՝ որպես անդրանիկ որդի, բնական օրենքով Աստծո օրհնության առաջին ժառանգորդն էր (Ա ծրագիր)։ Բայց մեկ ոսպապուրի դիմաց նա վաճառեց իր ընտրյալ լինելը։ Բ ծրագիրը՝ Հակոբը, որ երկրորդն էր, ստացավ անդրանիկին տրվելիք օրհնությունը։ Սա ապացույց է, որ Աստված նայում է ոչ թե ժամանակագրական հերթականությանը, այլ հոգևոր արժեքին։
Նմանօրինակ առաջնեկություն կամ անդրանիկություն էր շնորհված Իսրայելին՝ հրեա ժողովրդին, որը հրեա ազգի սայթաքումից հետո փոխանցվեց հայ ազգին։ Այս գաղափարը ամենից հստակ երևում է Քրիստոսի «Անարժեք մշակների մասին» կամ «Թագավորական հարսանիք» ի առակներում։ Երբ հրավիրվածները չեկան խնջույքին, Տերը հրամայեց փողոցներից հավաքել բոլորին։
Հրեա ժողովուրդը կոչված էր՝ լինելու «քահանայական թագավորություն» և Լույս ամբողջ աշխարհի համար։ Երբ Քրիստոս՝ մարմնացյալ Աստված, եկավ, հրեա ազգը՝ որպես պաշտոնական Ա ծրագիր, պետք է առաջինն ընդուներ Նրան։ Հրեաների մերժումը Գողգոթայում ոչ թե կասեցրեց Աստծո ծրագիրը, այլ այն ուղղեց դեպի մյուս ազգերը։
Երբ Մերձավոր Արևելքում և հրեական միջավայրում քրիստոնեությունը դեռ հալածվում էր, հայ ժողովուրդը՝ որպես հավաքական ամբողջություն, 301 թվականին քրիստոնեությանն ասաց՝ Այո՛։ Հայերն ընդունեցին այն հոգևոր ժառանգությունը, որից հրաժարվեց Իսրայելը։ Մենք դարձանք «Նոր Իսրայել»՝ կրելով Աստծո ներկայությունը՝ ազգային հավաքական մակարդակով։ Սա էր Աստծո Բ ծրագիրը. եթե առաջին ընտրյալը մերժում է Փրկչին, ապա լեռնաշխարհի մի ժողովուրդ պետք է դառնա այդ Փրկության առաջամարտիկը։ Այս գեղեցիկ նկարագրության մեջ, սակայն, պետք է իմանալ, որ Բ ն նույնպես կարող է կորցնել իր կարգավիճակը։
Աստվածաշնչյան ամենացավոտ ու միաժամանակ արդարացի ճշմարտությունն այն է, որ ընտրյալ լինելը անփոփոխ չէ։ Պողոս առաքյալը հռոմեացիներին ուղղված թղթում հստակ զգուշացնում է հեթանոսներին (այդ թվում՝ մեզ)՝ օգտագործելով ձիթենու օրինակը. «Եթե Աստված բնական ճյուղերին (հրեաներին) չխնայեց, զգույշ եղիր, գուցե քեզ էլ չխնայի» (Հռոմ.ԺԱ 21)։
Հայ ազգն էլ այսօր ունի մարտահրավեր։ Եթե մենք՝ որպես Բ ծրագիր, որ դարձավ Ա ծրագիր, սկսենք ապրել՝ առանց Աստծո, եթե մեր քրիստոնեությունը դառնա միայն թանգարանային նմուշ կամ լոկ պատմություն, ապա մենք նույնպես կանգնած ենք սայթաքելու վտանգի առաջ։ Աստված սահմանափակված չէ Հայաստանով կամ որևէ այլ ազգով։ Եթե մենք դադարենք լինել Լույսի կրողը, Նա ունի և՛ Գ ծրագիր, և՛ Դ ծրագիր՝ այնքան, որքան հարկավոր է Լույսի կրողին գտնելու համար, և, այո՛, Նա կարող է քարերից որդիներ հանել Աբրահամի համար. «Եվ մի՛ կարծեք, թե ձեր մտքում կասեք՝ «Մենք Աբրահամի որդիներն ենք», որովհետև ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ Աբրահամի համար որդիներ հանել» (Մատթ. Գ 9)։
Ընտրյալ մնալու կերպը
Տասը կույսերի առակը: Աստվածաշնչյան ամենաազդեցիկ պատկերներից մեկը տասը կույսերի առակն է։ Այն Ա և Բ նախագծերի բախման կատարյալ օրինակ է անձնական և ազգային մակարդակում: Բոլոր տասը կույսերն էլ հրավիրված էին, բոլորն էլ ունեին լապտերներ, բայց տարբերությունը «յուղի» մեջ էր: Ոմանք պատրաստված էին, իսկ ոմանք հույս ունեին կորզել նրանցից, ովքեր արդեն իսկ պատրաստվել էին. «Իմաստուններն իրենց լապտերների հետ ամաններով յուղ վերցրին» (Մատթ. ԻԵ 4): Հայ ազգը՝ որպես քրիստոնյա աշխարհի «առաջնեկ», ստացել է լապտերը (Եկեղեցին, ծեսը, մշակույթը), սակայն «յուղը» մեր ապրված հավատն է: Եթե մենք հպարտանում ենք միայն լապտերով (պատմությամբ), բայց չունենք յուղ (ներկա հոգևոր կյանք), մենք վտանգում ենք մեր Բ ծրագրի կարգավիճակը: Երբ Փեսան՝ Քրիստոս, գա, լոկ «քրիստոնյա ազգ» կոչվելը չի բացելու դռներ, եթե լապտերը հանգած լինի: Ուստի՝ մշտապես պատրաստված լինելն ընտրյալ մնալու գրավականն է։
Վարդանանց ուխտը: Վարդան Մամիկոնյանի ժամանակ հայությունը կանգնած էր ընտրության առաջ: Պարսկաստանը առաջարկում էր Ա ծրագիր՝ լինել հզոր կայսրության մաս՝ ուրանալով Քրիստոսին: Հայերն ընտրեցին Բ ծրագիր՝ մահը՝ հանուն հավատի, որն իրականում Աստծո աչքում ճշմարիտ Ա ծրագիրն էր: Այդ ժամանակ մեր «յուղը» առատ էր, և հենց դա պահեց մեր ազգային ինքնությունը:
Անպտուղ թզենու նախազգուշացումը: Քրիստոսի անեծքն անպտուղ թզենուն ամենախիստ դասն է այն ազգերի համար, որոնք ունեն արտաքին փառք, բայց ներքին դատարկություն: Թզենին հեռվից կանաչ էր ու գեղեցիկ: Նա կարծես Ա ծրագրի խորհրդանիշ լիներ՝ լի կյանքով, բայց Տերը նրա վրա պտուղ չգտավ ու անիծեց նրան. «Թող այլևս ոչ ոք քեզնից պտուղ չուտի հավիտյան» (Մարկ. ԺԱ 14): Մենք ունենք հազարավոր եկեղեցիներ, հարուստ մատենագրություն, բայց եթե մեր հասարակության մեջ չկան սեր, արդարություն և սրբություն, մենք նմանվում ենք այդ թզենուն: Աստված կարող է չորացնել մի ազգի հոգևոր աղբյուրները, եթե դրանք այլևս պտուղ չեն տալիս Տիրոջ համար: Այլ կերպ ասած՝ պետք է զգուշանալ միայն տերևներով գեղեցկանալուց, քանի որ ծառի կարևոր առաքելությունը պտղաբերությունն է։
Գ ծրագիրը.
ովքե՞ր են սպասում հերթում
Եթե հին քրիստոնյա ազգերը (ինչպես՝ հայերը, եվրոպացիները) հրաժարվում են իրենց պտուղներից, Աստված բարձրացնում է նորերին: Այսօր մենք տեսնում ենք քրիստոնեության հսկայական աճ Աֆրիկայում և Ասիայի որոշ հատվածներում: Նրանք, ովքեր երբևէ «ընտրյալ» չեն համարվել, այսօր դառնում են Աստծո նոր՝ Բ ծրագիրը, որը փոխարինում է սառած Ա ծրագրին: Աստվածաշնչում միշտ գործում է «մնացորդի» սկզբունքը: Երբ ամբողջ ազգը շեղվում էր, Աստված պահում էր մի փոքր խումբ, որի միջոցով վերականգնում էր Իր ծրագիրը: Երբ Եղիա մարգարեն կարծում էր, թե ինքը միակն է մնացել, Աստված հայտնեց նրան գաղտնիքը. «Ինձ համար Իսրայելի մեջ յոթ հազար մարդ թողեցի, որոնց ծնկները չծալվեցին Բահաղի առաջ» (Գ Թագ. ԺԹ 18): Հայ ազգի փրկությունը և Բ ծրագրի մեջ մնալու միակ հույսը այն խորհրդանշական «յոթ հազարն» են, որոնք չեն գայթակղվում ժամանակակից կուռքերով: Սա այն մնացորդն է, որը թույլ չի տալիս, որ Աստված վերջնականապես շրջվի ազգից: Մնացորդը պարզապես «փրկվածների խումբ» չէ, այլ այն թթխմորը, որը պետք է հունցի ամբողջ խմորը: Եթե մենք ուզում ենք, որ մեր ազգը մնա Աստծո ծրագրի մեջ, յուրաքանչյուրս պետք է դառնանք այդ մնացորդի մի մասնիկը:
Ազգային պատասխանատվություն
Տաղանդների առակը: Աստվածաշնչյան այս առակն ուղղակիորեն առնչվում է այն հարցին, թե ինչու է Աստված փոխում Իր ընտրյալներին։ Ընտրյալ լինելը ոչ թե «պարգև» է հանգստի համար, այլ «ներդրում»՝ աշխատանքի համար։ Աստված հայ ազգին տվել է հսկայական «տաղանդներ»՝ հոգևոր ժառանգություն, սուրբ գրեր, աշխարհում առաջինը լինելու պատիվը։ Սա մեր Ա ծրագիրն է. «Մեկին տվեց հինգ տաղանդ, մյուսին՝ երկու, մյուսին էլ՝ մեկ՝ յուրաքանչյուրին ըստ իր կարողության» (Մատթ. ԻԵ 15): Եթե մենք՝ որպես ազգ, մեր տաղանդը, որ է քրիստոնեական ինքնությունը, «թաղենք հողի մեջ»՝ վախենալով աշխարհիկ մարտահրավերներից կամ պարզապես ծուլանալով, Տերը կգա և հաշիվ կպահանջի։ Բ ծրագիրը գործի է դրվում այնտեղ, որտեղ տաղանդը թաղված է։ Տերը վերցնում է տաղանդն անպիտան ծառայից և տալիս նրան, ով աշխատում է։ Սա խիստ նախազգուշացում է. ընտրյալ լինելու փաստը կարող է խլվել և տրվել մեկ ուրիշին, ով պատրաստ է պտուղ տալ։ Հայ ազգը պետք է հիշի, որ Աստված մեզ չի ընտրել, որ մենք լինենք «թանգարան», Նա մեզ ընտրել է, որ լինենք «աղ» և «լույս», իսկ եթե աղը համը կորցնի, այն պիտանի է միայն դուրս նետվելու և մարդկանց ոտքի տակ կոխան լինելու (Մատթ. Ե 13)։
Շարունակելի
Հովհաննես սրկ. ԷՎԻՆՅԱՆ
Դիանա ՔՈՉԱՐՅԱՆ