Աստված ունի Բ ծրագիր
22.10.2026
Սկիզբը՝ թիվ 6
Նինվեի օրինակը. Բ ծրագրից վերադարձ դեպի Ա
Շատ հաճախ մարդիկ կարծում են, թե սայթաքումից հետո Բ ծրագիրը վերջնական է և անդառնալի, սակայն Հովնան մարգարեի պատմությունը ցույց է տալիս Աստծո ողորմության այլ կողմը։ Աստված արդեն որոշել էր կործանել Նինվեն իր մեղքերի համար, որն էլ իրականանալու պարագայում կհամարվեր Ա ծրագրի՝ արդար դատաստանի գործադրում. «Եվ Աստված տեսավ նրանց գործերը, որ հետ դարձան իրենց չար ճանապարհներից. և Աստված զղջաց այն չարիքի համար, որ ասել էր, թե կանի նրանց, և չարեց» (Հովն. Գ 10): Եթե հայ ազգն այսօր զգում է, որ սայթաքել է և դարձել Բ ծրագիր կամ նույնիսկ կանգնած է կործանման եզրին, ապաշխարությունը կարող է շրջել պատմության ընթացքը։ Նինվեն փրկվեց, որովհետև այնտեղ բոլորը ծոմ պահեցին ու զղջացին։ Սա հույսի պատգամ է. աստվածային Բ ծրագիրը կարող է լինել ոչ թե մերժում, այլ դաստիարակչական հարված, որը պետք է մեզ հետ բերի մեր սկզբնական կոչմանը։
Սուրբ Գրքում կա մի հրաշալի դրվագ, երբ Իսրայելը լիովին մոռացել էր Աստծուն, տաճարը լքված էր, և Ա ծրագիրը մեռած էր թվում։ Հոսիա թագավորը գտավ Օրենքի գիրքը և սարսափեց։ Հոսիան չասաց՝ «Մենք արդեն ընտրյալ ենք, ինչ լինի՝ կլինի»։ Նա պատռեց իր զգեստները և նորոգեց ուխտը. «Թագավորը կանգնեց սյան մոտ և Տիրոջ առաջ ուխտ դրեց.... որ հաստատի այդ Գրքում գրված ուխտի խոսքերը։ Եվ ամբողջ ժողովուրդը հարեց ուխտին» (Դ Թագ. ԻԳ 3)։ Հայ ազգի համար Բ ծրագրից խուսափելու միակ ճանապարհը մեր «Օրենքի գիրքը» (մեր հոգևոր արմատները) նորից գտնելն է։ Մենք չենք կարող մեր հույսը դնել միայն նախնիների հավատի վրա։ Յուրաքանչյուր սերունդ պետք է իր սեփական ուխտը կնքի Աստծո հետ։
Չպետք է մոռանանք, որ մենք՝ յուրաքանչյուրս, Սուրբ Ձիթենին չենք, այլ Նրա վրա պատվաստված ճյուղեր, և առավելաբար չպետք է հպարտանանք։ Հրեաները սայթաքեցին հպարտությունից՝ կարծելով, թե իրենք անձեռնմխելի Ա ծրագիրն են։ Եթե հայ ազգը նույն սխալը գործի՝ կարծելով, թե 301 թվականի դարձը մեզ ապահովագրել է հավիտյան, կկրկնի նույն ճակատագիրը։ Աստված կարող է կտրել պատվաստված ճյուղը և նորից պատվաստել բնականին կամ ստեղծել մի նոր Բ ծրագիր։
Արարչություն և վերարարչություն. Ադամից մինչև Նոյ
Աստված ստեղծեց մարդուն՝ Իր պատկերով և նմանությամբ (Ա ծրագիր)։ Բայց երբ մարդկությունը հասավ բարոյական այլասերման այնպիսի կետի, որ «նրանց սրտի բոլոր խորհուրդները չար էին ամեն օր», Աստված գործի դրեց Բ ծրագիրը։
Ջրհեղեղը՝ որպես վերարարչություն
«Եվ Տերը տեսավ, որ մարդկանց չարությունը շատացել է երկրի վրա.... բայց Նոյը շնորհ գտավ Տիրոջ աչքում» (Ծննդ. Զ 5—8): Նոյը մարդկության երկրորդ Ադամն էր։ Աստված չոչնչացրեց կյանքը, այլ այն վերստեղծեց մեկ արդարի միջոցով։ Սա ցույց է տալիս, որ Աստված միշտ պահում է մի «սերմ», որից կարող է նորից ծլեցնել Իր կամքը, եթե հինն արդեն փտել է։ Սա զգուշացում է ցանկացած ազգի. եթե ողջ ազգը դառնում է անպիտան, Աստված կարող է պահել միայն «մեկ նավակ» (մի փոքր խումբ), որով կսկսվի նոր պատմություն։
Ռաքելի որդիները.
Հովսեփի և Բենիամինի զուգահեռը
Ռաքելը՝ Հակոբի սիրելի կինը, ունեցավ երկու որդի։ Հովսեփն Ա ծրագիրն էր, բայց Աստված տվեց նաև Բենիամինին. «Եվ երբ նրա հոգին դուրս էր գալիս (որովհետև նա մեռնում էր), նրա անունը դրեց Բենոնի (իմ ցավի որդին), բայց նրա հայրը նրան անվանեց Բենիամին (աջ ձեռքի որդի)» (Ծննդ. ԼԵ 18): Երբ Հովսեփին եղբայրները վաճառեցին, Հակոբի ողջ սերը և Ռաքելի սերնդի շարունակականության հույսը կենտրոնացավ Բենիամինի վրա։ Աստված կարծես կանխազգում էր Հովսեփի փորձությունը Եգիպտոսում։ Եթե Հովսեփը ձախողեր Պետափրեսի տանը կամ բանտում, Աստված ուներ Բենիամինին։ Սա սովորեցնում է մեզ, որ Աստված երբեք «բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ չի դնում»։ Նա միշտ ունի «աջ ձեռքի որդի», որը պատրաստ է ստանձնելու առաքելությունը։
Ունայնությունից դեպի հաստատուն հիմք. Աբել և Սեթ
Սա Բ ծրագրի ամենագեղեցիկ և իմաստուն դրսևորումներից է։ Աստվածաշնչյան անունները երբեք պատահական չեն. դրանք մարգարեական ծածկագրեր են։ Աբել անունը եբրայերեն նշանակում է «շունչ» կամ «ունայնություն»։ Նա արդար էր, բայց նրա կյանքը կարճ էր, ինչպես մի շունչ։ Նրա սպանությամբ, թվում էր, Աստծո ծրագիրը մարդկության համար այլևս կտրված է։ Երբ Ադամն ու Եվան կորցրին Աբելին, Աստված նրանց պարգևեց Սեթին. «Եվ նրա անունը Սեթ դրեց՝ ասելով. «Աստված ինձ մի ուրիշ զավակ տվեց Աբելի փոխարեն»» (Ծննդ. Դ 25)։ Սեթ նշանակում է «հիմք», «հաստատված», «հենասյուն»։ Աստված Բ ծրագրով ոչ միայն վերականգնեց կորուստը, այլև տվեց մի բան, որն ավելի հաստատուն էր։ Եթե Աբելը զոհն էր, ապա Սեթը դարձավ այն հիմքը, որի վրա պիտի կառուցվեր մարդկության փրկության շղթան մինչև Քրիստոս։ Երբեմն ազգի պատմության մեջ լինում են «Աբելյան» շրջաններ՝ զոհողությունների և կորուստների ժամանակներ, որոնք ունայնություն են թվում, բայց Աստված պատրաստում է «Սեթին»՝ այն հաստատուն հիմքը, որը պիտի գա կորուստներից հետո՝ ազգի գոյությունը հավերժացնելու համար։
Մովսես և Ահարոն. զուգահեռ առաջնորդության գաղտնիքը
Սա Բ ծրագրի մեկ այլ նախօրինակ է, որտեղ Աստված կանխավ պատրաստում է զուգահեռը՝ գիտակցելով մարդու տկարությունը կամ ըմբոստ բնավորությունը։ Երբ Աստված կանչեց Մովսեսին, նա հինգ անգամ հրաժարվեց՝ տարբեր պատճառաբանությունների մեջ նշելով նաև իր ծանրախոսությունը. «Տիրոջ բարկությունը բորբոքվեց Մովսեսի վրա, և Նա ասաց. «Չէ՞ որ քո եղբայր ղևտացի Ահարոնը կա.... նա քեզ համար խոսող կլինի ժողովրդի առաջ»» (Ելք Դ 14—16)։ Աստված գիտեր Մովսեսի ըմբոստությունն ու թերությունները, և այստեղ Ահարոնն էր Աստծո Բ ծրագիրը, որը գործեց հենց սկզբից՝ Ա ծրագրի հետ միասին։ Աստված միշտ ունի մեկին, ով կլրացնի մյուսին։ Եթե Մովսեսը՝ որպես օրենսդիր, սայթաքեր, Ահարոնը՝ որպես քահանայապետ, պիտի պահեր հոգևոր կամուրջը։ Մովսեսը ներկայացնում էր Աստծո օրենքը, իսկ Ահարոնը՝ Աստծո ողորմությունն ու միջնորդությունը։ Սա ցույց է տալիս, որ Աստված մեկ ազգի կամ մեկ առաքելության մեջ միշտ դնում է երկու սյուն։ Եթե մեկը տատանվում է, մյուսը պահում է հավասարակշռությունը։
Առաջնեկության կորուստը. Ռուբեն, Եսավ և մարդկային սայթաքում
Առաջնեկությունը Աստվածաշնչում սոսկ տարիքային առավելություն չէ, այն հոգևոր կարգավիճակ է (Ա ծրագիր)։ Ռուբենը, լինելով Հակոբի որդիներից անդրանիկը, պետք է լիներ տոհմի քահանան և թագավորը, բայց իր անկայունության պատճառով կորցրեց այն (Ծննդ. ԽԹ 3—4)։ Ինչպես արդեն նշեցինք, Աստված առաջնեկությունը բաժանեց Հովսեփի (ժառանգություն), Հուդայի (թագավորություն) և Ղևիի (քահանայություն) միջև։ Եսավը Ա ծրագիրն էր, բայց նախընտրեց երկրայինը հոգևորից. «Զգույշ եղեք.... որ մի գուցե լինի մի պոռնիկ կամ պիղծ մարդ, ինչպես Եսավը, որ մեկ կերակուրի համար իր անդրանիկությունը վաճառեց» (Եբր. ԺԲ 16): Մենք քրիստոնեության մեջ «անդրանիկն» ենք՝ որպես պետություն, որպես ազգ, բայց Ռուբենի և Եսավի օրինակները հուշում են, որ սխալ ընտրության պատճառով անդրանիկությունը կարելի է վաճառել կամ կորցնել մեկ վայրկյանում։ Աստված այդժամ օրհնությունը տալիս է «կրտսերին» (նոր քրիստոնյա ազգերին)։
Կանչի ներքին ընտրությունը. տապա՞ն, թե՞ խոսք
Աստվածաշնչյան պատմության ամենաառեղծվածային կետերից մեկը Նոյին ուղղված հրամանն է. «Քեզ համար մի տապան շինիր» (Ծննդ. 6 14): Մակերեսային ընկալմամբ՝ սա փրկության միակ ճանապարհն էր՝ նյութական մի կառույց, որը պիտի դիմակայեր ջրհեղեղին, սակայն եբրայերեն բնագիրն իր մեջ թաքցնում է մի հետաքրքրական մոտեցում, որը բացահայտում է Աստծո Ա ծրագրի իրական էությունը: Եբրայերեն «տեյվա» (Teivah) բառը, որը թարգմանվում է որպես տապան, ունի նաև հիմնարար մեկ այլ նշանակություն՝ խոսք (կամ բառ): Սա պարզ պատահականություն չէ, այլ աստվածային առաջարկի երկու տարբերակ.
• Բ տարբերակ (տապան)։ Կառուցել ֆիզիկական պատնեշ՝ փայտից ու կուպրից, որն աղետից կփրկի միայն ընտանիքին ու կենդանիներին: Սա փրկություն է «ներսում»՝ մեկուսացած աշխարհից:
• Ա տարբերակ (խոսք)։ Կառուցել հոգևոր «տապան»՝ այսինքն՝ խոսք, քարոզ, հանրային ապաշխարության կանչ: Եթե Նոյը տապանի փոխարեն ընտրեր խոսքի կառուցումը և «կառուցեր» խոսքն այնքան զորեղ, որ այն դառնար ազգերի դարձի հիմքը, ապա ջրհեղեղի կարիքը գուցե ընդհանրապես չլիներ:
Աստված Նոյին տվեց 120 տարի ժամանակ: Այդ 120 տարին տապանը կառուցելու համար չէր, այլ՝ խոսքը: Նոյը կոչվում է «արդարության քարոզիչ» (Բ Պետ. Բ 5): Եթե Նոյի քարոզը (խոսքը) հասներ մարդկանց սրտերին, և նրանք զղջային, ինչպես դա արեցին Նինվեի բնակիչները դարեր անց, ապա Աստծո Բ ծրագիրը՝ ջրհեղեղը, կփոխարինվեր ողորմության նորոգված Ա ծրագրով: Հոգևոր իմաստով՝ Աստված Նոյին ասում էր. «Մտի՛ր խոսքի մեջ»: Սա նշանակում է, որ ցանկացած փորձության ժամանակ մեր միակ անառիկ պատվարը, ապավենը Աստծո խոսքն է: Եթե մենք կառուցում ենք մեր կյանքն աստվածային խոսքի վրա, մենք այլևս կարիք չունենք վախենալու արտաքին ջրհեղեղներից:
Մենք էլ այսօր անմասն չենք Նոյին տրված ընտրությունից։ Եթե ընտրենք խոսքի կառուցումը, ապա այն աղետները, որոնք անխուսափելի են թվում (ինչպես ջրհեղեղը), կարող են չեղարկվել Աստծո ողորմությամբ: Աստված կանչի մեջ մեզ միշտ տալիս է ընտրություն՝ կառուցել փրկությա՞ն գործիքը, թե՞ վերացնել կործանման պատճառը: Աստված երբեք չի ցանկանում կործանում: Նոյի պատմությունն այս իմաստով ոչ թե ջրհեղեղի մասին է, այլ չլսված խոսքի: Տապանը կառուցվեց միայն այն պատճառով, որ խոսքը չընդունվեց: Ուստի՝ Բ ծրագիրը (տապանը) անհրաժեշտություն է դառնում միայն այնտեղ, որտեղ Ա ծրագիրը (խոսքը և դարձը) տապալվում է:
Մեծագույն Բ ծրագիրը. Առաջին և Երկրորդ գալուստ
Ա և Բ ծրագրերի մասին համեստ մտորումներիս գագաթնակետն է Առաջին և Երկրորդ գալուստների համեմատական լույսի ներքո ստացած եզրակացությունը։ Եթե Քրիստոսի Առաջին գալուստը համարենք մարդկության փրկության Ա ծրագիր՝ հաշտության և սիրո միջոցով, ապա պետք է նաև փաստել, որ աշխարհը չընդունեց Նրան այնպես, ինչպես հարկն էր։ Քրիստոս եկավ որպես Գառ՝ մեղքերը վերցնելու համար, բայց կգա որպես Առյուծ՝ դատելու համար. «Այս Հիսուսը, որ ձեզնից երկինք վերացավ, այնպես պիտի գա, ինչպես տեսաք Նրան երկինք գնալիս» (Գործք Ա 11): Երկրորդ գալուստը Աստծո վերջնական Բ ծրագիրն է։ Եթե առաջին անգամ մարդկությանը հնարավորություն տրվեց՝ փրկվելու շնորհով և քարոզչությամբ, ապա երկրորդ անգամ Աստված Ինքը ուժով և արդարությամբ կհաստատի Իր թագավորությունը։ Սա ցույց է տալիս, որ Աստծո ծրագիրը երբեք չի ձախողվում. եթե մարդը չի գալիս սիրով, Աստված գալիս է արդարությամբ։ Եթե մենք ընդունում ենք, որ Աստված միշտ ունի «երկրորդ տարբերակ», ապա պետք է հարցնենք ինքներս մեզ՝ մենք դեռ Աստծո Ա ծրագի՞րն ենք այս տարածաշրջանում, թե՞ արդեն դարձել ենք Բ տարբերակ, որը նույնպես կարող է փոխարինվել. «Հիշի՛ր, թե որտեղից ընկար, և ապաշխարի՛ր.... ապա թե ոչ՝ շուտով կգամ քեզ մոտ և քո աշտանակը իր տեղից կշարժեմ» (Հայտ. Բ 5): Հայ ազգի աշտանակը (քրիստոնեական առաքելությունը) կարող է տեղաշարժվել։ Աստված միշտ ունի մեկ ուրիշին։ Մենք պետք է լինենք ոչ թե «կորսված Հովսեփ», այլ «գտնված Հովսեփ», որը փրկում է իր եղբայրներին։ Սա իմ համեստ մտորումների առանցքային և հոգևոր բարձրակետն է: Եթե մինչ այս մենք վերլուծում էինք պատմությունն ու աստվածաշնչյան օրինակները, ապա այս հատվածը «գործնական ուղեցույց» է այն մասին, թե ինչպես կարող է ազգը վերականգնել իր կորցրած Ա ծրագիրը։
Դանիել մարգարեի բանաձևը. ինչպե՞ս վերադառնալ Ա ծրագրին
Աստվածաշնչում Դանիել մարգարեն գտնվում էր Բաբելոնում՝ գերության մեջ: Իսրայելը սայթաքել էր, տաճարը քանդված էր, և թվում էր՝ Բ ծրագիրը (պատիժը և գերությունը) վերջնական է: Սակայն Դանիել մարգարեն գտավ այն բանալին, որը շրջեց Աստծո բարկությունը։ Եվ այդ բանալին հավաքական կերպով մեղքի ընդունումն ու խոստովանումն էր. «Մենք մեղանչեցինք, անօրինություն արեցինք, ամբարշտացանք և ապստամբեցինք.... Մեզ վրա է դեմքի ամոթը, մեր թագավորների, մեր իշխանների և մեր հայրերի վրա» (Դան. Թ 5, 8): Դանիելը չասաց՝ «Ես արդար եմ, նրանք են մեղավոր»: Նա իրեն նույնացրեց իր ազգի հետ: Հայ ազգի համար Բ ծրագրից դեպի Ա ծրագիր վերադարձն սկսվում է ոչ թե քաղաքականությունից, այլ հոգևոր խոստովանությունից: Երբ ազգը դադարում է մեղադրել ուրիշներին և տեսնում է սեփական հեռացումն Աստծուց, աստվածային ծրագիրն սկսում է նորոգվել, սկսում է ոչ թե արդարություն, այլ ողորմություն հայցել. «Որովհետև մենք մեր աղաչանքները Քո առաջ ենք մատուցում ոչ թե մեր արդարության համար, այլ Քո մեծ ողորմության համար» (Դան. Թ 18): Սա այն կետն է, որտեղ հպարտությունը մեռնում է: Մենք չպետք է Աստծուն ասենք՝ «Մենք առաջին քրիստոնյան ենք, Դու պարտավոր ես մեզ փրկել»: Մենք պետք է ասենք՝ «Տե՛ր, մենք սայթաքել ենք, բայց Քո ողորմությունը մեծ է»:
Բ ծրագիրը՝ որպես Աստծո վերջին սիրո կանչ
Աստվածաշնչյան ողջ պատմությունն ապացուցում է մեկ ճշմարտություն. Աստված երբեք չի պարտվում: Եթե մարդը ձախողում է Ա ծրագիրը, Աստված ստեղծում է Բ ծրագիրը՝ ոչ թե մարդուն պատժելու, այլ Իր ծրագիրը փրկելու համար: Այսպիսով՝ ընտրյալ լինելը շարժուն, փոփոխական վիճակ է։ Մենք տեսանք, որ.
• Ադամին փոխարինեց Նոյը:
• Աբելին փոխարինեց Սեթը:
• Եսավին փոխարինեց Հակոբը:
• Ռուբենին փոխարինեցին Հովսեփը, Հուդան և Ղևին:
• Իսրայելին (որպես միակ ընտրյալի) փոխարինեցին բոլոր ազգերը, որոնց մեջ հայերը դարձան առաջնեկ:
Սա նշանակում է, որ Աստված ունի «հավերժական պահեստազոր»: Եթե մենք՝ հայերս, հպարտանանք մեր անցյալով, բայց մոռանանք մեր ներկան, Աստված կարող է մեր աշտանակը տալ մեկ ուրիշին: Աստված ունի Բ ծրագիր, բայց Նրա սիրտը միշտ բաբախում է Ա ծրագրի համար: Մեր ազգի պատմությունը մեծ վկայություն է այն մասին, թե ինչպես է Աստված մեզ պահել որպես Իր «աջ ձեռքի որդի», բայց մենք հաճախ կանգնում ենք խաչմերուկում: Արդ՝
1. Մի՛ վաճառիր անդրանիկությունդ. Եսավի պես մի՛ փոխիր քո հոգևոր ժառանգությունը ժամանակավոր, նյութական «ոսպապուրի» հետ:
2. Մի՛ թաղիր տաղանդդ. Աստված քեզ հնարավորություն է տվել՝ լինելու քրիստոնեական պատվար. եթե դու լռես, քարերը կաղաղակեն:
3. Դարձի՛ր «մնացորդի» մաս. Եղիայի յոթ հազարի պես եղի՛ր այն մեկը, ով չի ծնկում ժամանակակից կուռքերի առաջ:
Աստծո Բ ծրագիրը մարդկության պատմության մեջ ամենամեծ ապահովագրությունն է: Այն մեզ հիշեցնում է, որ մեր սխալները չեն կարող կանգնեցնել Արարչին: Բայց մեր մեծագույն երջանկությունը կլինի այն, որ մենք լինենք Նրա սկզբնական կամքի կատարողը՝ իրագործելով այն առաքելությունը, որի համար Աստված մեզ ընտրել էր դեռևս Արարատի ստորոտին: Այսպիսով՝ Աստված ունի Բ ծրագիր, և այս գաղափարը ոչ թե հուսահատության, այլ բացարձակ հույսի մասին է։
Հովհաննես սրկ. ԷՎԻՆՅԱՆ
Դիանա ՔՈՉԱՐՅԱՆ