Խրիմյան Հայրիկի կերպարը գրականության մեջ և արվեստում

Խրիմյան Հայրիկի կերպարը գրականության մեջ և արվեստում 07.10.2026

Սկիզբը՝ 2025 թ. թիվ 21, 23

Խրիմյան Հայրիկի հետ հանդիպումներն անջնջելի տպավորություն են թողել Ավետիք Իսահակյանի վրա, որոնք հետագայում դարձան նրա «Խրիմյան Հայրիկ» գողտրիկ հուշապատման նյութ: Վարպետը ջերմագին զգացումներով, խորին ակնածանքով ու որդիական սիրով էր վերաբերվում Հայոց Հայրիկին: Մինչ հուշապատմանն անդրադառնալը՝ նշենք, որ մեծ բանաստեղծի առաջին հանդիպումը Մկրտիչ Խրիմյանի հետ տեղի է ունեցել 1897 թ. Վիեննայում: Հայոց Հայրիկին դիմավորող հայ երիտասարդների խմբում է եղել նաև Իսահակյանը. «Հայերս խումբ-խումբ մտնում ենք դահլիճը, ուր բազմած է Հայրիկը՝ ժպիտը դեմքին, պատկառելի և սիրալիր,— հիշում է բանաստեղծը,— սակայն խոր և խելոք աչքերում պարզապես շողում է բարձր հոգու այն սրբազան վիշտը, որ բոլորիս վիշտն է, բայց նա միայն իր երկնային սրտով զգում է այնքան խորը և իր ողջ էությամբ: Ահա մենք՝ նրա որդիներս, խոնարհվում ենք նրա առաջ, համբուրում ենք կենդանարար աջը…. Հայրիկը բոլորիս գուրգուրում է, սիրող հոր պես հարցնում է յուրաքանչյուրի դրությունը, պարապմունքը, հետաքրքրվում նրա կյանքով, խրատում է, կատակում է…. »:

Երկրորդ անգամ Ա. Իսահակյանը Խրիմյան Հայրիկին հանդիպել է 1901 թ. սեպտեմբերին, երբ այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Այդ նույն տարվա մայիսին, երբ նա գտնվում էր Վենետիկում, Հայր Ղևոնդ Ալիշանը խնդրում է նրան, որ իր անունից ջերմագին ու սիրալի ողջույն փոխանցի Հայոց Հայրիկին։ Եվ ահա Հայաստան վերադառնալով ու այցելելով Ս. Էջմիածին՝ Իսահակյանին մի երեկո բախտ է վիճակվում հանդիպելու Հայոց Հայրիկի հետ, համբուրելու նրա աջը և զրույցի բռնվելու։ Պահը Իսահակյանի համար հուզիչ էր, անմոռանալի։ Բանաստեղծը հիշում է, որ սիրտն ուժգին բաբախում էր հուզմունքից և ուրախությունից: Հայրիկն առաջարկում է նստել: Իսահակյանը, դիմելով Հայոց Հայրիկին, ասում է, որ իրեն շատ բախտավոր է զգում՝ ալեզարդ Նահապետի՝ Ալիշանի կարոտալի ողջույնները Վեհափառին փոխանցելու համար։ Հայրիկը շնորհակալություն է հայտնում ու հետաքրքրվում, թե երբ է նա Վենետիկում եղել, և ինչպես է Ղևոնդ Ալիշանի առողջական վիճակը։ Իսահակյանը պատասխանում է, որ գարնանն է Վենետիկում եղել և մի քանի անգամ այցելել է մեծավաստակ Նահապետին՝ խոր ցավով հայտնելով, որ Ալիշանն արդեն հիվանդ ու թույլ է։ Հայոց Հայրիկը տխրում է՝ ասելով, որ իր և Ալիշանի տարիքը գրեթե նույնն է, որ շատ է սիրում նրան և բարձր է գնահատում նրա ստեղծագործությունները, և որ Ալիշանն իր վրա մեծ ազդեցություն է թողել, ոգևորել ու ներշնչել։ Իսահակյանը Հայրիկին հայտնում է, որ Ալիշանն էլ ուրախությամբ ասում էր, որ Հայոց Հայրիկն իրենից հարյուր օրով մեծ է, բայց դեռ ձի է նստում և անձամբ այցելում ժողովրդին. «Միշտ նախանձում էր Ձեզ, Վեհափա՛ռ Հայրիկ, և ասում էր, թե Հայրիկի բանն ուրիշ է. նա առույգ է մնացել, որովհետև Մասիսի շուքին ներքո է քնում, հայոց դաշտերի ծաղկանուշ հովն է ծծում, Արաքսի ջուրը խմում:
Այստեղ Հայրիկը ուրախ և սրտանց ծիծաղեց:

— Ան կնախանձի ինձ, ևս վաղը կկարգադրեմ, որ անոր Մասիսի հողեն, Երասխի ջրեն ու Հայաստանի ծաղիկներեն քիչ մը վերցնեն և փոքրիկ արկղով մը ղրկեն Վենետիկ:

Ինչպես հետո իմացա, Հայրիկի կողմից ուղարկվել էր մի փոքր արկղ այդ արմաղաններով, բայց մինչև հասնելը, դժբախտաբար, սիրելի Նահապետը արդեն վախճանված էր եղել (1901 թ. նոյեմբերի մեջ)»:

Ընդհանրապես Հայոց Հայրիկը խոսքաշեն զրուցակից էր, շատ էր սիրում զրուցել. նա հարցեր էր տալիս, բայց երբեմն պատասխանի չսպասելով՝ ինքն էր շարունակում պատմել ու ծիծաղել։ Իսահակյանի հետ զրույցի ընթացքում Հայոց Հայրիկն ասում է, որ Կովկասում ճանաչում ու շատ է սիրում երկու բանաստեղծի՝ Հովհաննես Հովհաննիսյանին և Հովհաննես Թումանյանին, իսկ այժմ ճանաչեց նաև երրորդին՝ Իսահակյանին՝ շեշտելով, որ Իսահակյանը երիտասարդ է, դրա համար էլ իր բանաստեղծություններում հաճախ է երգում բնության ու սիրո մասին։

Ավետիք Իսահակյանը վանքում մնում է մի քանի օր, և գրեթե ամեն երեկո Հայրիկը նրան ընդունելության էր արժանացնում, իսկ հրաժեշտին խնդրում, որ ամեն անգամ՝ Էջմիածնում լինելիս, իրեն անպայման տեսակցության գա։

1902 թ. հունվարին Իսահակյանը նորից այցելում է Սուրբ Էջմիածնի վանք, և կրկնվում են գեղեցիկ երեկոները, խոսք ու զրույցները։ Հայոց Հայրիկը ջերմորեն է ընդունում Իսահակյանին՝ կատակելով, որ բանաստեղծը, երևի, կարոտել է Հայրիկին ու վանքի հացը։ Խրիմյանը հետաքրքրվում է Իսահակյանի գործունեությամբ, և նա մանրամասնորեն պատմում է իր ճանապարհորդությունների մասին։ Հայրիկը գովում է Վարպետին՝ ասելով, որ և՛ ճանապարհորդում է, և՛ գրում, ինչպես ինքն էր արել ժամանակին։ Այնուհետև հավելում է, որ վերջին շրջանում շատ բաներ է գրել և ցանկանում է դրանք կարդալ Իսահակյանի համար՝ խնդրելով անկեղծ ու ճշմարիտ կարծիք հայտնել՝ առանց երկմտելու. «Հիմա դուն պիտի մտածես, որ Հայոց կաթողիկոսի գրածները չի կարելի քննադատել, կամ անոր շիտակ բան մը ըսել, ինչպես մեր վարդապետները կընեն, երեսիս մի բան կըսեն, դուրսը ուրիշ: Ու գիտցիր, որ բանաստեղծները միշտ ճշմարիտ պիտի խոսին աշխարհիս տերերի աոաջ: Մեզ ալ աշխարհը տեր շինեց. Քրիստոսը տեղ չուներ գլուխը դնելու, առաքյալները անտուն ու բոբիկ ման կուգային, բայց հիմա մենք՝ անոնց ժառանգները վեհարաններու մեջ կապրինք»:

Կարդացած գործի բովանդակությունը հետևյալն էր. Խրիմյանը գնում է Ս. Թադեոս առաքյալի վանք՝ ուխտի, բախում է վանքի դարպասը՝ ասելով. «Բա՛ց, Թադեո՛ս առաքյալ, ես եմ՝ քո հաջորդը, գահիդ ներկա տերը»: Առաքյալը ներսից պատասխանում է, որ ինքը գահ չունի, ի՞նչ գահի մասին է խոսքը, ինքը բռնակալ կամ իշխան չէ, որ գահ ունենա:

Հայրիկը պատասխանում է. «Մի՞թե չգիտես, որ գահդ Ս. Էջմիածնում է՝ շքեղ Վեհարանի մեջ. շքեղ գահ, ծառաներ, հարստություն»:
«Մեր տեր Հիսուս Քրիստոսը,— ասում է առաքյալը,— անտուն էր, ու Ինքը՝ ծառա: Դուք Նրա աշակերտները չեք. գնա՛, չեմ ընդունիլ....»: Եվ առաքյալը չի ընդունում Հայրիկին:

Վերջացնելով՝ Խրիմյանը սրտանց ծիծաղում է: Այդ գրվածքի մեջ, Իսահակյանի դիտարկմամբ, Հայրիկը երևում է իր դեմոկրատիկ բովանդակ էությամբ:
Այնուհետև Հայրիկը Իսահակյանին է տալիս իր գրվածքների տետրը՝ խնդրելով, որ դրանք հանգիստ կարդա ու հաջորդ երեկո իր դիտողությունները ներկայացնի։ Իսահակյանը հիշում է, որ այդ ստեղծագործություններն ազատ ու անկաշկանդ ոտանավորներ էին՝ գրված 82-ամյա, փորձառու գրիչ ունեցող մարդու կողմից, որոնք ավելի ուշ Եգիպտոսում տպագրվեցին «Վերջալույսի երգեր» վերնագրով։

Հաջորդ երեկո, խրախուսված Հայրիկի ջերմ վերաբերմունքից, Իսահակյանը համարձակվում է մի քանի դիտարկում անել՝ նշելով, որ ոտանավորները չափազանց երկար են, իսկ լեզուն՝ խառն, քանի որ այնտեղ միախառնված են արևելահայ և արևմտահայ բառաձևերը։ Հայրիկը համաձայնում է այդ դիտողությանը՝ բացատրելով, որ Կովկասում ապրելու պատճառով իր լեզուն խառնվել է, և որ այդպես է նաև խոսում։ Իսկ ոտանավորների երկարությունը նա կապում է երկար գիշերների հետ. բազմազբաղ Հայրիկը գիշերները չէր քնում, շրջում էր դահլիճում, ծխում, երգում և գրում, մինչև անքնությունը հաղթահարեր։

Իսահակյանի հուշերից իմանում ենք նաև, թե ինչ երգեր էր երգում Խրիմյանը. Հայրիկը երգում էր շարականներ, ներբողներ և հոգևոր տաղեր՝ Շնորհալու, Կեչառեցու, Պետրոս Ղափանցու, Գրիգորիս Աղթամարցու և Բաղդասար Դպիրի ստեղծագործություններից։ Հատկապես սիրում էր Վանի և Մուշի գեղջկական երգերը, որոնք վաղուց սովորել էր Վարագավանքի ու Մշո Սուրբ Կարապետի ուխտավորներից։ Շատ էր սիրում նաև Խորենացու Ողբը, որի համար հատուկ եղանակ էր ստեղծել, հաճախ երգում էր՝ այն համարելով հայ ժողովրդի ճակատագրի ու բոլոր դարերի ողբը։ Նա անգիր արտասանում էր Նարեկացու աղոթքներից, պատմում Նարեկավանքի սուրբ ճգնակյացի տեսիլքների և ժողովրդի մեջ տարածված ավանդությունների մասին, մեծ ոգևորությամբ նկարագրում Նարեկավանքի ու Վանա լճի գեղեցկությունը՝ խոսքն ավարտելով հետևյալ մտքով. «Նարեկացու կույս հոգին միայն կրցավ հասկանալ Քրիստոսին և տվեց քրիստոնեության բանաստեղծությունը»:

Իսահակյանը հիշում է ամեն մի դրվագ ու մանրապատկեր և ամենից շատ՝ Հայրիկի զվարթադեմ խոսքը՝ փոքրիկ գավաթով սուրճի և ծխախոտի ուղեկցությամբ, որ միշտ հետաքրքրական էր ու գեղեցիկ՝ թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ. «Որքան նրա հիշողությունը թարմ էր, նույնքան էլ նա թռիչքներով էր խոսում, մեկ պատմում էր Սուլթան Համիդի մասին, մեկ՝ Մուշի մի գյուղի մասին, մեկ նկարագրում էր բանաստեղծական գույներով մի լեռ Վասպուրականում, մեկ խոսում էր Լոնդոնի մուզեյների կամ Փարիզի մասին.... Իր բազմաբովանդակ և նշանակալից անցյալից, ինչպես մի առասպելական հարուստ գանձարանից, հանում էր թանկագին գոհարներ — հուշեր և այդ հուշերով ոգևորվում էր, թարմանում և առույգանում: Նա ապրում էր իր անցյալով: Այդ հուշերը մեր ժողովրդի 19-րդ դարի ամբողջ պատմությունն էին, մի շքեղ Ոդիսական, որի ստեղծողն ու շատ անցքերի ականատեսը, բռնած քեզ հայրական ձեռքով, տանում է Հայաստանի խորշերը, վանքերն ու ավերակները և եվրոպական պալատներն ու վեհաժողովները: Հսկայական կալեյդոսկոպի մեջ դու տեսնում ես Մասիս ու Մոնբլան, Բզնունյաց ծով և Բոսֆոր, հայ աշխատավոր գեղջուկին և ավազակ քուրդ բեկին, հայ գործիչներին՝ Գրիգոր Օտյանին ու Րաֆֆիին և վայրագ փաշաներին, Սուլթանին ու Բիսմարկին և այլն, և այլն:

Զարմանում էի նրա հրաշալի հիշողության վրա, մանրամասն և գեղարվեստորեն նկարագրում էր բնության զանազան տեսարանները և այցելած քաղաքներն ու շքեղ շենքերը: Հիշում էր, օրինակի համար, 40-ական թվականների մարդկանց խոսքերը և անցքերի օրերը նույնիսկ, կարծես, ոչինչ չէր մոռացել:
Երբ դուրս եկա Վեհարանից, մտածում էի ինքս իմ մեջ — մեծ մարդիկ չեն ծերանում»:

Հայոց Հայրիկը շատ հետաքրքասեր էր, միշտ ծանոթ էր գիտական, գրական ու քաղաքական նորություններին։ Հանդիպումներից մեկի ընթացքում նա խոսք է բացում գերմանացի գիտնական Հեկկելի մասին՝ ասելով, որ Հեկկելը նոր ու համոզիչ փաստերով հիմնավորում է դարվինական տեսությունը և կարծում, թե Աստվածաշնչի պատմությունը մարդու մասին առասպել է, իսկ իրականում մարդն ունի կենդանական ծագում։ Հայրիկը նշում է, որ ինքը նույնպես մասամբ համաձայն է այդ մտքին, քանի որ մարդու մեջ անասնական շատ գծեր կան. «Քրիստոս ատոր հետ կռվելու էր եկել, ան կուզեր մարդուն, որ անասունի որդի է, Աստծու որդի դարձնել: Ճիշտ է Հիսուս, ատոր պիտի ձգտենք մենք՝ Աստծուն որդեգրվել»:

Իսահակյանը գոհունակությամբ արձանագրում է, որ Հայրիկի իմաստուն զրույցները, սրամիտ խոսքերն ու հուշերը մեծ գրական նյութ կարող էին դառնալ, ինքը միայն մի փոքր մասն է պատմում, և որ Հայրիկը միշտ սիրով էր ընդունում իրեն՝ բացառությամբ կարճառոտ մի դրվագի։ 1904 թվականին՝ մեկ ամսվա ընթացքում, Իսահակյանն ու Խրիմյանը մի քանի անգամ իրար հանդիպել էին տարբեր վայրերում՝ Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Էջմիածնում և Խոր Վիրապի վանքում։ Վերջին հանդիպման ժամանակ, երբ Հայրիկը Իսահակյանին տեսնում է, զայրացած ասում է. «—Ծո՛, դուն կհետևես ինձ ամեն տեղ, սատանա, հայդե, կորի, գնա մոտես...
Ես իսկույն փախա, բայց երեկոյան կանչեց ինձ մոտը և սիրտս առավ:

—Տղաս, այսօր սիրտս ելած էր ուրիշ բանի մը առթիվ, բարկությունս քու վրադ թափեցի, քանզի գիտեմ, որ դուն Հայրիկին կսիրես ու անորեն չես նեղանար, ուրիշներու վրա չեմ կրնա բարկանալ. քեզ կսիրեմ, ատոր համար վստահ կբարկանամ վրադ: Հետո ծիծաղելով վրա բերեց.

—Ի՞նչ շատ ման կուգաս Վանա ջրտորտող թռչունների պես: Երանի քեզ, երիտասարդ ես, չես հոգնի, լավ կանես, շրջի՛ր, գնա՛, մա՛ն եկ ժողովրդի մեջ, ինչ կա, չկա, ան է, ան տեղ է, հողին հետ. մեծ է ժողովուրդ ասածդ, մեծ սիրտ ունի, անոր հետ եղիր միշտ, և քու սիրտն ալ կմեծանա»։

Իսահակյանը Հայոց Հայրիկին վերջին անգամ այցելում է 1906 թ. աշնանը, երբ Խրիմյան Հայրիկը վատառողջ էր, թույլ և գունատ: Բանաստեղծը ցավով է հիշում այդ պահը. «Տխուր նախազգացումով պաշարված, ուշի-ուշով դիտում էի նրա արծվենի հայացքը, ուր դեռ արև կար, հոգեթով ձայնը և հնադարյան մագաղաթի նման դեղին աջը:

Զգում էի, որ վերջին անգամ եմ տեսնում նրան՝ հայ ժողովրդյան այդ մեծ զավակին: Մի երկար ու խորին համբույրով նրա աջն առա և հեռացա մռայլ ու տխուր:
Ես հավատացած եմ, որ մինչև մահս իմ հոգում անջինջ և անաղարտ կմնա նա՝ այդ մեծ հայրենասերը:

Երբեք չեմ կարող մոռանալ նրա հայացքը, նրա նվիրական ձայնը: Այնպես խորն է ազդել իմ հոգու վրա:

Եվ հայ ժողովուրդն էլ չի մոռանա նրան: Քանի հնանա, այնքան ավելի պիտի պայծառանա նրա հիշատակը: Նա դարերի միջից պիտի նայե հայ ժողովրդին և պիտի խոսի նրա հետ հարազատ լեզվով նրա նվիրական իղձերից և անմահ նպատակներից:

Ժողովուրդը նրան չի մոռանա երբեք, որովհետև նրա սրտից էր եկել և դեպի նրա սիրտն էր գնում»:

Ավելացնենք, որ Վարպետը «Խրիմյան Հայրիկ» հուշապատումը գրել է 1945 թ., առաջին անգամ հրատարակվել է 1946 թ. Երևանում՝ «Իմ հուշերից» գրքում:
Շարունակելի

Արման ՄԱԼՈՅԱՆ, պ. գ. թ.