Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը 10.03.2026

Մարտի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: 

Տերունական աղոթքից հետո Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` հայցելով Սուրբ Հոգու առաջնորդությունը ժողովի բարեհաջող և արդյունավետ ընթացքի համար։
 
ԳՀԽ օրակարգում ընդգրկված են Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման ու կազմակերպչական աշխատանքներին, Եկեղեցու հովվական, կրթական, կանոնական, վարչական, կարգապահական, սոցիալական առաքելությանը վերաբերող հարցեր: Քննարկման առարկա կդառնան նաև եկեղեցական կյանքը հուզող խնդիրները։
 
Ըստ ընդունված կարգի՝ Գերագույն հոգևոր խորհրդին կներկայացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2025 թվականի գործունեության տեղեկագիրը, կլսվեն հոգևոր-վարչական գործունեության զեկույցը, ֆինանսական հաշվետվությունը և վերստուգիչ հանձնախմբի տարեկան հաշվետվությունը: