Մայրավանքի պատմական մառան-ամբար կամ սեղանատուն կոչվող այս կառույցը Սիմեոն Երևանցու օրոք կառուցված պարսպի մաս է կազմել, որն ըստ վիմագիր արձանագրության՝ 1766 թ. կառուցել է Ոսկանի որդի Հովսեփը՝ ի հիշատակ իր ընտանիքի: Ի դեպ՝ շենքից քիչ հեռու պահպանվել են նշյալ պարսպից մի հատված և բուրգերից մեկը: 19-րդ և 20-րդ դարերի գրականության մեջ կառույցը ներկայացվել է որպես մառան: Շենքը գտնվում է տպարանի հարավարևելյան կողմում: Խորհրդային տարիներին օգտագործվել է որպես հուշանվերների և արտարժույթով վաճառվող ապրանքների խանութ: 2012 թվականից շենքը վերածվել է հասարակական սեղանատան՝ «Ագապե» անունով: