Ներսես Ե Աշտարակեցու ձեռնարկների արդյունք է նաև Ներսիսյան արհեստական լիճը: Լճի ստեղծման աշխատանքների վերահսկողությունը հանձնվում է Հովհաննես եպս. Շահխաթունյանցին: Նյութական ծախսերը հոգում էին պետական աշխատող Գրիգոր Մալինյանցը և բժիշկ Կարապետ Վասնակեցին: Լճի ճարտարապետությունը հանձնարարվեց հազարապետ Մարտիրոս Վեքիլյանցին, սակայն կառուցումից հետո պարզվեց, որ լճի ճարտարապետի հաշվարկները ճիշտ չէին. լճի նոր նախագծման աշխատանքները հանձնարարեցին Ալեքսանդր Նաումենկոյին:
Նոր լիճը կառուցվել է 1847 թ., ունի լայն պատեր և ամուր հատակ: Ըստ հատակագծի՝ ուղղանկյուն է: Լճակի երկարությունը հասել է շուրջ 170 մ, իսկ լայնությունը մոտ 70 մ է, խորությունը՝ 6 մ:
1960-ականներին կատարված վերակառուցմամբ Ներսիսյան լիճը հարմարեցվել Է ժամանցային ու սպորտային մարզումների չափանիշներին, ինչ պատճառով լճի խորությունը պակասեցվել է, և ստեղծվել Է «Արարատ» տրեստի ստորջրյա մառանը: