Գտնվում է Գևորգյան հոգևոր ճեմարանի նախկին կացարանի և Խրիմյան հիվանդանոցի (ներկայիս «Բարձունք 5165» ատամնաբուժարանի) արևելյան կողմում: Կառուցվել է կաթողիկոսական տեղապահ Գևորգ արքեպիսկոպոս Սուրենյանցի (հետագայում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս) թիվ 1475 տնօրինությամբ: Մեկենասն է Մայր Աթոռի բարերար մոսկվաբնակ Վառվառե Քանանյանը, որն ի հիշատակ իր վաղամեռիկ որդու՝ Ս. Էջմիածնին է նվիրաբերել 30 հազար ռուբլի:
Հիմնարկեքը կատարվել է 1911 թ. սեպտեմբերին՝ Ս. Գևորգ Զորավարի տոնին, իսկ նավակատիքը (բացման հանդեսը)՝ 1913 թ․ հոկտեմբերին՝ Սրբոց Թարգմանչաց տոնին: Շենքը (նախագծի հեղինակ՝ ճարտ. Վ. Միրզոյան) կառուցվել է Գևորգյան ճեմարանի սաների համար որպես սերտանոց-վարժոց և միաժամանակ՝ մանկավարժական թանգարան:
1917 թ. դեկտեմբերի 21-ին՝ Գևորգյան ճեմարանի փակվելուց հետո, այն հոգևոր բարձրագույն իշխանության տնօրինությամբ առժամանակ օգտագործվել է որպես Մայր Աթոռի միաբան եպիսկոպոսների հավաքատեղի և Էջմիածնի Սինոդի ժողովավայր (վերջին իրողությամբ էլ պայմանավորված է ներկայիս Սինոդի շենք անվանումը):
1920–1921 թթ. շենքը բռնագրավվել է Հայաստանի խորհրդային իշխանությունների կողմից:
2001 թ. ՀՀ կառավարության՝ ապրիլի 19-ի թիվ 330 որոշմամբ վերադարձվել է Մայր Աթոռին: